Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառական վրեժխնդրության մակարդակը

Հունվար 04,2024 10:00

Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելն ավանդույթ էր, որ գոյություն ուներ դեռեւս Վազգեն Առաջին Վեհափառի ժամանակներից: Այդ ավանդույթից հրաժարվելը ներկայիս իշխանությունների նեղմտության արտահայտությունն է: Երբ մտածողության մակարդակը սահմանափակվում է մանր, գավառական վրեժխնդրությամբ, չի բարձրանում պետական եւ, առավել եւս, միջազգային մակարդակի, դա, անշուշտ, տխուր երեւույթ է:

Ավտորիտար երկրներում բոլոր պետական որոշումներն ընդունվում են առաջին դեմքի եթե ոչ հրահանգով, ապա հաստատ՝ նրա նախասիրությունները եւ քնահաճույքները հաշվի առնելով: Առավել եւս այսօրվա Հայաստանում միանգամայն իրական եմ համարում, որ վարչապետն անձամբ հրամայում է միջոցներ ձեռնարկել ոչ միայն իրեն դուր չեկած ելույթի կամ մամուլի հրապարակման, այլեւ ֆեյսբուքյան «ստատուսի», մեկնաբանության կամ «լայքի» հեղինակի դեմ: Հետեւաբար, կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս հրահանգը, որ Փաշինյանի չհավանած հոգեւորականի ելույթը չհայտնվի իր՝ վարչապետի ամանորյա ուղերձի կողքին եւ չունենա նույն հեռուստատեսային լսարանը:

Բայց վստահ եմ, որ այդտեղ կա նաեւ սկզբունքային խնդիր: Մայր Աթոռի կամ ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցու հետ իշխանությունների թշնամանալը ամենաանխոհեմ բանն է, որն այս վիճակում կարելի էր անել: Հաշվի չի առնվում, թե ինչ դեր է խաղում մեր եկեղեցին Սփյուռքում: Իշխանության դեմարշին արդեն իսկ արձագանքել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը: Իսկ առանց համազգային ջանքերի հնարավոր չէ ամրապնդել մեր պետականության՝ այս 3-5 տարվա ընթացքում խարխլված հիմքերը:

Ես վստահ եմ, որ ՀԱԵ-ն պետք է համախմբող դեր խաղա նաեւ Հայաստանի ներսում, հասարակական համերաշխության առումով՝ մի բան, որը ես, խոստովանեմ, մի քանի տարի առաջ չէի հասկանում: Քաղաքականությունը, տնտեսական գործունեությունը, իրավական համակարգը, կրթությունը, մշակույթը, բոլոր մնացած ոլորտները պետք է դրվեն «էթոսի», էթիկական հիմքերի վրա: Իսկ այդ հիմքը մեզ տալիս է նախեւառաջ 1700 -ամյա ավանդույթը՝ Գրիգոր Լուսավորիչից եւ Մեսրոպ Մաշտոցից սկսած: Այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա:

Իհարկե, մեր եկեղեցին էլ պետք է փոխվի, համապատասխանի ժամանակակից պահանջներին, հոգեւորականների մտածողությունը նույնպես մակարդակի բարձրացման կարիք ունի: Խնդիրը, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    1375էն մինչեւ 1918, գոյութիւն չունէր որեւէ հայկական պետութիւն, պետականութիւն:

    Այդ էական դատարկութիւնը լեցնող կառոյցն ու հիմնարկը, հինգ ու կէս դար ժամանակ, Հայոց Եկեղեցին էր:

    Գոնէ մինչեւ որ չգոյանայ Հայոց պետութիւն – այս բառին իսկական, եւ ոչ թէ ձեւակերպական իմաստով -, Հայոց Եկեղեցին ամենաէական երաշխաւորն է՝ Հայութեան գոյատեւումին:

    Ու անկէ ետք ալ, մէկդի դնելով իսկ հոգեւորական նկատառումները, պէտք է որ ոեւէ հայ – այս բառին ալ իսկական եւ ոչ թէ ձեւական իմաստով – գիտնայ, ու գիտնայ յարգել՝ բազմաթիւ դարերու վրայ բոլորուող, Հայոց Եկեղեցւոյ ազգային վաստակն ու կենսական գործունէութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Խորհուրդ կտամ կարդալ Յուկիո Միշիմայի Ոսկե տաճարը (Հայերենը չեմ հանդիպել. Юкио Мисима – Золотой храм, Yukio Mishima – The Temple of the Golden Pavilion): Հերոսը՝ մեր վարչապետի պես, տոգորված է ամեն հոյակերտ բան ոչնչացնելու մոլուցքով: Նա էլ, Նիկոլի պես, չարացել է երեխա ժամանակ տարած ծաղրուծանակից ու մանկուց իրեն հզոր տիրակալ երևակայել: Լավ կլիներ, որ սրանով նմանություններն ավարտվեին, որովհետև վերջում գրքի հերոսը իրականացնում է իր գերագույն երազանքը՝ կրակի է տալիս Կինակու-ձի հայտնի տաճարը: Սա իրական դեպք է և տեղի է ունեցել 1950 թվին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031