Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի տեր, բռունցքդ բե՛ր, բռունցքդ վե՛ր». հանրային քննարկում Մաշտոցի պուրակում՝ ի պաշտպանություն Ոսկեպարի

Ապրիլ 04,2024 23:20

«Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտներ են, նրանք, որքան էլ որ ռոմանտիկ հնչի, իրենց մտքից դուրս եկած ցանկացած գործողություն չեն կարող անել։ Նրանք իրենց հարաբերությունները, ինչպես ՄԱԿ-ի անդամ 190-ից ավելի երկրներ, իրենց քայլերը պիտի համաձայնեցնեն միջազգային հարաբերությունների սկզբունքներին։ Դրանք ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներն են՝ վեճերի խաղաղ կարգավորում, ազգերի ինքնորոշման սկզբունք, տարածքային ամբողջականության հարգանք, սահմանների անխախտելիություն»,-այսօր Մաշտոցի պուրակում «Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Վահե Սալահյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նշված սկզբունքներից որեւէ մեկը չի պահպանել։

«Որքան էլ Ալիեւը ասում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, անգամ հայաթափված Արցախի դեպքում շարունակում է գոյություն ունենալ ԼՂ հիմնախնդիրը»,-ասաց Սալահյանը։ Նա հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանդատով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դեռ ուժի մեջ է։

«2018-ից իշխանությունը վերցրած ուժ ունենք, որը 2021-ին վերընտրվել է,  ներկայացրել է քաղաքական ծրագիր՝ Շուշիի, Հադրութի բռնազավթած տարածքներ հայերի վերադարձի ապահովում, անվտանգության հարցերի բարձրաձայնում։ Մենք առաջ գոնե ունեինք ճակատ տվյալ երկրի հետ պայքարելու մեր իրավունքների, ինքնորոշման համար, ապա այսօր խնդիր կա լեգիտիմության հենց այստեղ։ Միջազգային գործընկերները շատ լավ հասկանում են, որ խնդիրը կրում է էթնիկ հակամարտության բնույթ, դրանք դժվար են կարգավորվում, մենք ունենք գործիքներ նրանց հետ խոսելու, աշխատելու եւ բացատրելու, որ երբ վարվում է համակարգված ատելություն կոնկրետ էթնոսի հանդեպ, որն ուղեկցվել է, ուղեկցվում է եւ հավանականություն կա, որ կուղեկցվի ցեղասպանական գործողություններով։ Անհնար է խոսել տվյալ սուբյեկտի հետ որեւէ հաշտության, հարաբերությունների կարգավորման մասին, քանի դեռ վերը նշված սկզբունքները նախորդ տասնամյակներից սկսած չեն ենթարկվել համապատասխան արձագանքի եւ իրավական գնահատականի»։

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն ասաց, որ այս հավաք-քննարկումները սկսում են ոսկեպարցիների ահազանգով։ Այվազյանի խոսքով՝ ոսկեպարցիները ոտքի են կանգնել ու պայքարի բռունցք են բարձրացրել։

«Հայկական պետական  սահմաններին պատուհասող խնդիրները բխում են կառավարության ներկայացուցիչների, Փաշինյանի վտանգավոր խոսույթներից, նրանք հանդես են գալիս Ադրբեջանին հայկական տարածքները զիջելու գաղափարներով՝ չերաշխավորելով անվտանգություն եւ հիմնարար իրավունքների հարգանք։ Ադրբեջանի մեր հետ սահմանը միջազգայնորեն պայմանագրով սահմանված չէ, չկա այսպես կոչված պետական սահման, եւ չպետք է թույլ տալ մանիպուլյացիաներ։ Մեր ինքնիշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որտեղ ՀՀ-ն իրավասու է պաշտպանել մեր պետության եւ քաղաքացիների անվտանգությունն ու հիմնարար իրավունքները»,-ասաց Այվազյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ոսկեպարից  Սլավիկ Ալավերդյանն էլ համառոտ ներկայացրեց ոսկեպարցիների նամակը Նիկոլ Փաշինյանին։

Այս նամակ-ուղերձում նշված է․«․․․ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ  այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների  հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։

․․․ Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ո՞ւր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիրը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։ Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվո՞ւմ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ Համոզված ենք, որ հակառակորդը  չի էլ մտածում այդ մասին»։

Ալավերդյանը նաեւ ցույց տվեց «Գազպրոմ-Արմենիայի» կայքից վերցրած մի քարտեզ,  որտեղ երեւում է, որ ամենախոշոր եւ գլխավոր գազատարն անցնում է Ոսկեպարով ու հարակից տարածքներով, ու նշեց, որ գյուղերը հանձնելու դեպքում այս գազատարը վտանգի տակ է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում

Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ ամսի 9-ին նախաձեռնության անդամներով գնալու են Աժ, պահանջելու են պատասխանատվության կանչել կառավարությանը, պահանջելու են, որպեսզի մերժվի իրականացվող կեղծ, ապերախտ գործընթացը, որով միակողմանի հողեր են զիջելու եւ անվտանգություն չի երաշխավորվելու․ «Պետք է կասեցվի այդ քաղաքականությունը։ Մենք մեր ճնշումով ստիպելու ենք նրանց գործել, գնալ եւ անվտանգություն ապահովել։ Իսկ դրա կարողությունը մենք ունենք։ ՀՀ որեւէ քաղաքացի մանդատ չի տվել, որ հող հանձնեն»։

Նախաձեռնության անդամները ոսկեգույն թել էին բերել իրենց հետ, այդ այն կապեցին իրենց դաստակներին, բռունցք բարձրացրեցին․ «Այս թելով մենք կապելու ենք ՀՀ բոլոր քաղաքացիների բռունցքները, իրավունքների եւ անվտանգության բռունցքը սա դառնալու է պայքարի սիմվոլը, բոլոր քաղաքներում բարձրանալու է այս սիմվոլը՝ բռունցքը, Ոսկեպարում արդեն բարձրացրել են, սա ուղեկցվելու է  կարգախոսով։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930