Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի անասնատերերը դեռ իրենց ոչխարները Սյունիքի արոտավայրերում չեն արածացնի

Օգոստոս 16,2013 22:01

Մեկօրյա աշխատանքային այցով այսօր Սյունիք էր ժամանել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Սյունիքի մարզի գյուղական համայնքների ղեկավարները Սյունիքի մարզպետարանում գյուղնախարարի եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ կայացած հանդիպման ժամանակ  ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրները, գյուղացիներին հուզող հիմնահարցերը:

Հիմնականում գյուղապետերին մտահոգում էր գյուղտեխնիկայի մաշվածության հարցը: Տասնյակ տարիներ շարունակ գյուղերում օգտագործում են դեռեւս Խորհրդային միության տարիներից ժառանգություն մնացած գյուղտեխնիկան, որը վաղուց սպառել է պիտանելիության ժամկետը: Վերջիններս բարձրացրեցին մեքենատրակտրային կայանի ստեղծման եւ գյուղտեխնիկայի թարմացման խնդիրը:

gyughapeter

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ ներկրվել են տրակտորներ եւ գյուղգործիքներ, եւ առաջիկայում մենք պատրաստակամություն ենք հայտնել ներկրելու կոմբայններ, որովհետեւ մենք դաշտում տեսանք, որ աշխատող կոմբայնների մոտ կորուստները բավականին մեծ էին եւ ես համոզված եմ, որ առաջիկա 3-4 տարվա ընթացքում մենք հանրապետությունում ամբողջ պարկը կթարմացնենք: Շատ մատչելի գներով տրակտորներ եւ գյուղգործիքներ ենք ձեռքբերելու եւ երկարատեւ վճարման պայմաններով՝ 6 տարի վճարման ժամկետներով, իսկ կոմբայնների համար ավելի երկարատեւ ժամկետով, տրամադրելու ենք գյուղացիական տնտեսություններին՝ շեշտն առաջնահերթ դնելով բաձր լեռնային եւ սահմանամերձ համայնքների վրա: Բարձրացված խնդիրներից էր նաեւ սերմնացուների մատակարարման հարցը եւ ես իրենց հավաստիացրեցի, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմերի տրման ծրագրերը շարունակական են լինելու», -ասաց Սերգո Կարապետյանը:  Գյուղապետերից ոմանք նշեցին, որ նշված արժեքներով գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեն համայնքները:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսական իրավիճակին, պարոն Կարապետյանը ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց արձանագրեց: Այս տարի Սյունիքի մարզում հացահատիկային ցանքատարածությունները շուրջ 3 հազար հեկտարով ավելացել են,  բարձրացել է նաեւ հացահատիկի միջին բերքատվությունը: Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի խոսքով՝ մարզում այս պահին բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են եւ բարձ բերք է ակնկալվում՝  1 հա-ից 28-30 ցենտներ: Գյուղվարչության պետը շնորհակալություն հայնտնեց մարզին տրամադրված սերմնանյութի, դիզվառելիքի եւ պարարտանյութի համար:  «Այսօր մենք խոշոր եղջերավոր անասունների մսի իրացման խնդիր ունենք, մանր եղջերավորների մսի իրացման հացը կլուծվի Կապանում վերջերս կառուցված մորթման արտադրամասի շնորհիվ: Միեւնույն  ժամանակ խնդրում ենք ուշադրություն դարձնեք բանջարաբոստանային կուլտուրաներին եւս, մեծ քանակությամբ բերք է սպասվում, կարտոֆիլ եւ այլն… », -նշեց պարոն Թանգյանը:

Գյուղնախարարը նաեւ անդրադարձավ  տարիներ շարունակ չօգտագործվող արոտավայրերի խնդրին եւ այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող ծրագրերին ու արձանագրված արդյունքներին:

«Սովետական միության տարիներին մեր արոտավայրերն ամբողջությամբ օգտագործվում էր: Այսօր մենք 1 մլն 220 հազար հա լեռնային արոտավայրի միայն 15-20 տոկոսն ենք օգտագործում: Սա ռեսուրս է, որը չենք կարողանում  լիարժեք օգտագործել: Այդ նկատառումով սկսեցինք հանրապետության 5-6 մարզի 55 համայնքում իրականացնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիր, այդ թվում նաև Սյունիքի մարզի 11 համայնքում:  Մենք բարեկարգում ենք, ջրարբիացնում ենք բոլոր արոտավայրերը, մարդկանց համար ստեղծում ենք նորմալ պայմաններ, բարելավում ենք բոլոր ճանապարհները, որպեսզի անցանելի լինի ինչպես անասնագլխաքանակի համար, այնպես էլ՝ մարդկանց: «Տվել ենք տրակտորներ, գյուղգործիքներ, որպեսզի ձմեռվա համար իրենք կուտակեն անասնակեր: Այս ծրագիրը բերեց անասնագլխաքանակի ավելացման, այն շարունակվելու է մինչեւ 2015 թվականը, որին հաջորդելու է երկրորդ փուլը: Այդ ժամանակ արտադրանքի մշակման  իրացման խնդիրն է լուծվելու»,- լրագրողներին փոխանցեց գյուղնախարարը:

Սյունիքում ժամանակին 700 հազար գլուխ ոչխար էր պահվում, իսկ այսօր ամբողջ մարզում ընդհանուր գլխաքանակը հասնում է 101 հազարի:  Սերգո Կարապետյանը նշեց, որ պետական ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում բնակիչները կշահագրգռվեն եւ կավելացնեն անասնագլխաքանակը:  Իսկ մեր այն հարցին, թե հնարավո՞ր  է արդյոք մարզի չօգտագործվող լեռնային արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվեն հարեւան Իրանի անասնապահներին՝ իրենց ոչխարներն արածացնելու նպատակով, ինչպես մի ժամանակ խոսվում էր դրա մասին, որն էլ մեծ դժգոհությունների տեղիք էր տվել: Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ օրակարգում նման հարց չկա:  Գյուղնախարարն այսօր  այցելեց նաեւ Սիսիանի տարածաշրջանի Նորավան  համայնք, որտեղ շրջեց ցորենի ցանքատարածություններում, ծանոթացավ բերքահավաքի աշխատանքներին: Նախարարը Սյունիքի մարզպետ  Վահե Հակոբյանի ուղեկցությամբ  այնուհետեւ այցելեց Կապանում գտնվող  նորակառույց մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարան,  անասնապահական ֆերմա, կաթի վերամշակման «Մարիլա» ընկերություն եւ տեղում ծանոթացավ կառույցների գործունեությանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի ԲՈԼՈՐ հանքերից ՊԻՏԻ գանձվի հավելյար (10-20%) ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿ՝ նմանատիպ խնդիրները լուծելու համար: Կամ էլ պիտի ազգայնացնեն (գոնե 51%-ով) բոլոր հանքերը: Բայց հենց հանքային կլանի մարդիկ են նստած աթոռներին ու լուրջ ԳՈՐԾ չեն անում. միայն խոսում-խոստանում են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031