 
  Վրաստանում իշխանությունները ընդունել են, որ լրատվամիջոցները, որպես անկախ հանրային ինստիտուտ են
Վրաստանում իշխանությունները ընդունել են, որ լրատվամիջոցները, որպես անկախ հանրային ինստիտուտ են
«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի լրատվամիջոցների վերաբերյալ շատ բացասական էմոցիաներ չեն եղել: Չենք կարող ասել, որ լրագրողներին շատ են ծեծել, վերջերս հեռուստաընկերություններ չեն փակվում, սեփականության առումով նույնպես, սկանդալային իրավիճակներ չկան»,-համեմատելով Ուկրաինայի եւ Հայաստանի ԶԼՄ-ների ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանը Ուկրաինայից առաջատար դիրքերում է, ասաց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)նախագահ Բորիս Նավասարդյանը:
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, պարոն Նավասարդյանը ներկայացրեց 6 երկրներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում իրավիճակը մամուլում, որն արտահայտված էր Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսի տեսքով:
Հետազոտությունը կատարվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ԵՄԱ-ի եւ «Ինտերնյուս-Ուկրաինայի» կողմից:
Կարդացեք նաև
ԵՄԱ ներկայացուցիչ Միքայել Զոլյանի խոսքերով, մեդիա ոլորտի փորձագետների համար պատրաստված հարցերը, որոնց պատասխաններից էլ ձեւավորվել է ինդեքսը, 4 բաժիններից է բաղկացած` քաղաքականություն, գործնական կիրառում, ռադիո եւ հեռուստատեսություն, ինտերնետ եւ նոր մեդիա: Չորս վարկանիշով էլ առաջատարը Վրաստանն է, ապա Մոլդովան, 3-րդ տեղում Հայաստանն է, հետո Ուկրաինան, Ադրբեջանը եւ վերջին տեղում` Բելառուսը:
Բորիս Նավասարդյանի խոսքերով, խոսքի ազատության առումով Վրաստանը մոտեցել է միջին եվրոպական երկրներին. «Վրաստանի այսօրվա իշխանությունները չեն տեսնում լրատվամիջոցները՝ որպես իրենց շահերը հետապնդողի: Ընդունել են լրատվամիջոցներին, որպես անկախ հանրային ինստիտուտ: Մոլդովայում հակառակ գործընթացներ են տեղի ունենում, երբ կոմունիստների իշխանությունը տապալվել էր եւ եվրոպական ուղղվածության ուժերն են եկել իշխանության, բավականին դրական երեւույթներ նկատվեցին, բայց ինչպես երեւում է փորձագետների կարծիքներից, նույնիսկ այս իշխանությունները լրատվամիջոցների մեջ տեսնում են գործիք` քաղաքական հարցերը լուծելու համար»: Պարոն Նավասարդյանի մեկնաբանությունները Մոլդովայում եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում խոսքի ազատության առումով, առավել մանրամասն` տեսանյութում.
Ըստ միջոցառման կազմակերպիչների, այս ծրագրի նպատակն է պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը Արեւելյան գործընկերության երկրներում` բարձրացնելով տեղեկացվածությունը տարածաշրջանում: Ըստ պարոն Նավասարդյանի, 6 երկրներից 5-ը Եվրոպայի խորհրդի անդամ են եւ միայն Բելառուսն է, որ անդամ չէ: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է https://mediafreedomwatch.org կայքը, որտեղ զետեղված են այս հետազոտության արդյունքները, նաեւ՝ մամուլի ազատության եւ լրագրողների իրավունքներին առնչվող տեղեկատվություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   