Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ հիշողություններից ազատվելու միջոցը ուժեղ, դրական «ես» կերպարի ստեղծումն է». Խորհուրդ հոգեբանից

Սեպտեմբեր 09,2013 14:59

«Հայտնիներից մեկն ասել է. «Եթե չես անտեսում սեփական անհաջողություններդ, դրանք դառնում են վատ հիշողություններ և հետևում քեզ մինչ կյանքի վերջ,- ասում է Աննա Մարտիրոսյանը և հավելում,- փառք Աստծո այս տողերը ինձ ժամանակին հանդիպեցին, թե չէ մինչև կյանքիս վերջ սխալը սխալի հետից էր լինելու»:
Աննան մասնագիտությամբ հաշվապահ է, երկար ժամանակ աշխատելով իրենց կազմակերպությունում օրերից մի օր, ինչպես ինքն է նշում, «հոգնել են իրենից» և ասել, որ այնտեղ նա այլևս անելիք չունի, դրանից հետո աշխատանք գտնելը նրա համար դարձել է ճակատագրական:
«2 տարի աշխատելուց հետո ինձ ասացին հաջողություն, դուք այստեղ այլևս անելիք չունեք և հավատացեք, ոչ մի պատճառ չկար, հավանաբար իրենց այդպես էր պետք կամ գուցե հոգնել էին ինձանից»,- ասում է նա և ավելացնում, որ երբեք չէր պատկերացնի, որ այդ լուրը իր համար այդքան ծանր հիշողություն կդառնար և կհետևեր իրեն յուրաքանչյուր նոր աշխատանքի ընդունվելու ժամանակ:
«Պատկերացնու՞մ եք՝ այնպիսի մեծ սթրես տարա, որ դրանից հետո չէի կարողանում աշխատանքի ընդունվել մեկ այլ տեղ, ինձ ուղղակի մերժում էին և խնդիրը ինձ մեջ էր: Ամեն անգամ տնօրենների հետ հանդիպելուց առաջ միշտ մտածում էի, որ գուցե էստեղ էլ մի օր ինձանից հոգնեն և նորից խնդրի առաջ կանգնեմ: Կարծես աշխատանքի ընդունվելը ինձ համար դարձել էր բարդույթ մինչև չդիմեցի հոգեբանի և տարբեր սեանսներից հետո վերջապես չհասկացա, որ մեղավորը սին մտքերս էին և հիշողություններս»,- ասում է մասնագիտությամբ հաշվապահ Աննա Մարտիրոսյանը:
«Վատ հիշողությունները իսկական պատուհաս են, որքան շատ ես ուշադրություն դարձնում դրանց, այնքան ավելի ես սկսում տանջվել»,- ասում է  22-ամյա Մելինեն:
«Երկար ժամանակ է, ինչ հիշողություններով եմ ապրում, չեմ կարողանում մոռանալ նրան, ով ժամանակին կյանքիս մեկ ամբողջությունն էր: Այսօր նա չկա, կողքիս չէ, բայց իրեն մոռանալ ուղղակի չի ստացվում, չեմ ուզում մտածել մեկ ուրիշի մասին,- ասում է Մելինեն և հավելում,-ամեն մարդ իր ճակատագիրն ունի, ինչ կարող եմ անել,ոչինչ, պետք է համակերպվեմ և ապրեմ հիշողություններով, երևի դրանք կբուժեն ինձ»:

Վատ հիշողությունների վերաբերյալ զրուցեցինք նաև հոգեբան Մարինե Իսկանդարյանի հետ, ով խորհուրդ տվեց ուղղակի չդառնալ անցյալի գերին, դրանցից ազատվելու միջոցներից մեկը առաջարկեց՝ ստեղծել ուժեղ, դրական «ես» կերպար:

«Սովորաբար վատ հիշողությունները ազդում են և փոխում անձի վարքը, բնավորությունը, նույնիսկ արտաքինը: Իսկ այդ վատ հիշողությունները, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում անձի գիտակցության և ենթագիտակցության վրա, քան լավ հիշողությունները, սկսում են փոխել անձին և անձի ներսում ստեղծում են սեփական«ես»-ի բացասական պատկերը, որը ոչ միայն փոխում է անձի վարքը, կյանքը, ինքնագնահատականը, այլ ստիպում են մշտապես վերապրել այն, ինչի միջով արդեն մեկ անգամ անցել ես, դրա համար պայքարի արդյունավետ հոգեբանական միջոցը դա սեփական դրական «ես» կերպարի ստեղծումն է, բայց խոսքը ոչ թե «սովորական դրական Ես կերպար»-ի մասին է, այլ ուժեղ «դրական ես կերպար», որը պետք է ստեղծվի Ձեր մեջ միանշանակ ողջ սեփական ուժերի կենտրոնացման միջոցով, ստեղծված ես-ի դեմ ուղղված  քրտնաջան պայքարի և հաղթահարման միջոցով, որը  հեշտ չէ, բայց եթե կա նպատակ ու եթե կա ցանկություն, ուրեմն հնարավոր է»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30