Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բրոնխիալ ասթմայով արդեն երեխաներն են հիվանդանում

Սեպտեմբեր 14,2013 13:55

Ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանն այդ տեսակ ալերգիայի առաջացման պատճառներից է համարում աղտոտված մթնոլորտը, սնունդը, մեր կենցաղում առկա քիմիան:

Անցյալ տարի Ամերիկյան համալսարանը ուսումնասիրություն էր կատարել, որի համաձայն՝ Ախթալա եկեղեցու մերձակա պոչամբարում, որտեղ թափվում են Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի թունավոր թափոնները, օրինակ՝ արսենիումի չափաքանակը թույլատրելի սահմանը գերազանցում է 1,2 անգամ, կադիումինը՝ 1,1 անգամ, խրոմը նորմայից 2,4 անգամ է ավելի եղել:

Մի առիթով էլ Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն-բժիշկ Կարեն Ազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ ռադիացիայի ֆոնի փոքր-ինչ բարձրացման հետեւանքով վերջին շրջանում տարածաշրջանի բնակչության մոտ շատացել են ալերգիաները, որոնք հիմնականում նկատվում են երեխաների մոտ: Ըստ բժշկի՝ ալերգիկ այդ երեւույթներն արտահայտվում են մաշկի ցանավորմամբ եւ այլն, իսկ  2-3 երեխա էլ այդ տարիքից արդեն ունեն բրոնխիալ ասթմա:

Հանքարդյունաբերության հասցրած վնասների մասին մեր երկրի որեւէ պետական մարմնի լուրջ հետազոտություն չկա: «Այդպիսի հետազոտությունները թանկ արժեն, բյուջեում գումար չկա»,- պատճառաբանում են բնապահպանության եւ առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ խուսափելով առանց փաստերի մասնագիտական կարծիք հայտնել, թե պոչամբարներն ինչ վնասներ կարող են հասցնել բնակիչներին:

Երեկ «Առավոտը», վկայակոչելով այս տվյալները, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ Քրիստինա Ջամալյանից, որի ներկայացմամբ՝ աշխարհում ալերգիայով մարդկանց թիվն այնքան է ավելացել, որ ալերգիան որակավորվել է որպես համաճարակ, հետաքրքրվեց, թե մթնոլորտի աղտոտվածությունը որքանո՞վ է նպաստում ալերգիաների շատացմանը, եւ արդյոք Լոռու մարզի տարածաշրջանում արձանագրված ալերգիկ հիվանդությունները հանքարդյունաբերությա՞ն հետեւանք են: Տիկին Ջամալյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում էլ արդեն բրոնխիալ ասթման մեծ տարածում ունի, ասաց, որ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ, իսկապես, վերին եւ ստորին շնչուղիների հետ կապված հիվանդություններով մարդկանց թիվն ավելացել է. «Ասթման, բրոնխիալ ասթման, ալերգիաները շատ մեծ տարածվածություն ունեն հենց Երեւան քաղաքում, Լոռու մարզում, Գեղարքունիքում, Սյունիքում»:

Ըստ Քրիստինա Ջամալյանի՝ այդ ալերգիաները նկատվում են ե՛ւ երեխանի, ե՛ւ մեծահասակների մոտ: Իսկ թե որքանով են այդ հիվանդությունները պայմանավորված հենց հանքարդյունահանմամբ՝ մասնագետը դժվարացավ պատասխանել:

Նկատենք, որ «Առավոտի» հետ զրույցում Ախթալայի, Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի բնակիչները, որոնց տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են  գտնվում վտանգավոր թափոններով հսկայական պոչամբարները, վստահեցրել էին, որ ճիշտ է, պոչամբարից արձակվող տհաճ հոտին արդեն վարժվել են, բայց սրտխառնոց, գլխապտույտներ ու շնչառական խնդիրներ ունեն գրեթե ամեն օր, գյուղացիների այգիներին հասցված վնասներն էլ՝ չհաշված: Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը, որը 22 տարվա Այրումի բնակիչ է, անզեն աչքով էլ է տեսնում, թե ինչպես է Լոռվա բնությունը տարեցտարի մեռնում, գունազրկվում, եւ համոզված է, որ նույն վնասը տարիների ընթացքում մարդու առողջությանն է հասցվում:

Մասնագետների վկայմամբ՝ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա եւ մնացած այլ համայնքներում, որտեղ հանքարդյունաբերություն է իրականացվում, օդի աղտոտվածությունը սահմանված նորմայից գերազանցում է: Բացի մթնոլորտի աղտոտվածությունից՝ տիկին Ջամալյանի ներկայացմամբ, ալերգիաներին նպաստող մի քանի այլ գործոններ էլ կան՝ սնունդը, ջուրը, պատեհ-անպատեհ առիթով դեղորայքի եւ առհասարակ կենցաղի մեջ քիմիական նյութերի օգտագործումը, ծաղկեփոշիները եւ այլն: Տիկին Ջամալյանի խոսքերով՝ կան ալերգիաների տեսակներ, որոնց պատճառներն այդպես էլ չեն պարզվում, ուստի նման ալերգիաները քրոնիկ չդառնալու համար ներկայիս բժշկությունը դրանք կանխարգելում է եւ, այսպես ասած, քնեցնում: Մասնագետի ներկայացմամբ՝ ալերգիաները սրվում են հատկապես աշնանը, ինչի պատճառը, տիկին Ջամալյանի խոսքերով, այն է, որ մրսածության եւ գրիպների ժամանակաշրջան է, եւ մարդիկ ստիպված են լինում տարբեր դեղորայքներ օգտագործել: Կոկորդի քոր, շնչարգելություն, մաշկի չորություն, քթից արտադրություն. սրանք ալերգիաների նախանշաններ են, եւ շատ հաճախ, ինչպես Քրիստինա Ջամալյանն է ասում, բժիշկները չեն հասկանում, եւ բուժումը տարվում է սխալ ճանապարհով: Ալերգիաների նկատմամբ հակումը, որպես կանոն, բնածին է: Իսկ թե ինչու են ալերգիաները տարածվում, ալերգոլոգը պատճառներից մեկը համարում է գենային մուտացիաները, որոնք ազդում են մարդու իմունային համակարգի վրա:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30