Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ աշակերտական ստուգողական գրավոր աշխատանքների տետրերի մասին

Նոյեմբեր 01,2013 13:55

Երբ մոտեցավ սեպտեմբերը` նոր ուսումնական տարին, կրկին թեժացան կրքերը դպրոցներին պարտադրված գրավոր աշխատանքների տետրերի հարցի շուրջ: Ինչ է կատարվում իրականում, կփորձենք ներկայացնել ձեր դատին: Մի քանի տարի առաջ հանրակրթական դպրոցներում ներդրվեց գնահատման նոր համակարգ: Դրա հետ կապված՝ ՀՀ ԿԳՆ կառույցների կողմից մշակվեցին ընթացիկ գնահատման կարգը, տեսակները, սահմանվեց կիսամյակի ընթացքում անհրաժեշտ թեմատիկ, գործնական եւ կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների քանակ: Թվում էր՝ ամեն ինչ արված է գնահատման նոր համակարգի հաջող մեկնարկի համար: Սակայն պարզվեց, որ ուսուցման գործընթացում առաջացել են լուրջ դժվարություններ: Ուսուցիչները չունենալով գրավոր աշխատանքների հարուստ փորձ` ընկան ծանր վիճակի մեջ` կարիք  ունենալով օգնության ու աջակցության: Ահա հենց այդ ժամանակ էլ (գնահատման նոր համակարգի դպրոց մտնելու) զգացվեց ուսուցչին ձեռք մեկնելու, նրան օգնելու նպատակով տարբեր մակարդակների եւ տարբեր տիպերի թեմատիկ, գործնական եւ կիսամյակային գրավոր աշխատանքների նմուշ-օրինակներ կազմելու անհրաժեշտություն: Քանի որ դա ժամանակին եւ բարձր մակարդակով չարվեց, ուսուցիչները  (փառք ու պատիվ նրանց) փորձ արեցին ինքնուրույն կերպով ստեղծել գրավոր աշխատանքների իրենց նյութերը եւ հաղթահարել հերթական փորձությունը: Ընթացիկ գնահատման աշխատանքների կազմակերպման այդ թոհ ու բոհում, երբ ամեն ինչ սկսել էր հունի մեջ ընկնել եւ ակտիվացել էր ուսուցչի ստեղծագործական գործունեությունը, դպրոցները հեղեղվեցին գրավոր աշխատանքների տարաբնույթ եւ տարասեռ տետրերով: Հրատարակիչները, կրթության ոլորտի տարբեր կառույցների հետ համատեղ, կոմերցիոն նպատակներով սկսեցին դպրոցներին պարտադրել այդ տետրերը: Պարտադրանքը լուրջ վնաս հասցրեց առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող ծնողների ընտանեկան բյուջեին: Նրանք մեկ երեխայի հաշվով ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքների տետրերի համար ամենահամեստ հաշվարկներով տարեկան վճարելու էին 6-7 հազար դրամ: Այդ պատճառով էլ ծնողների եւ ողջ հասարակության մեջ մեծ դժգոհություն առաջացավ, որն ավելի սրվեց 2012-2013 ուստարում: Անհրաժեշտ էր գտնել լուծումներ` կարգավորել մրցակցությունը տետրերի շուկայում, կանոնավորել դրանց մուտքը դպրոց, կանխել ծնողների դժգոհությունը: Այն լուծումները, որոնք առաջարկվեցին այս ուստարվա նախօրյակին, ավելի քան հեռու էին լուծումներ կոչվելուց: Կատարվեց գրավոր աշխատանքների տետրերի հրատարակման առարկայական բաժանում: Ամեն մի հրատարակչություն կարող էր տպագրել միայն որոշ առարկաների տետրերը: Օրինակ` «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաների 6-ից 12-րդ դասարանների գրավոր աշխատանքների տետրերը հրատարակելու էր «Զանգակ 97-ը», «Հայոց լեզու եւ գրականության» 6-ից 12-րդ դասարանների տետրերը`մեզ անհայտ «H&H»-ը եւ այլն: Հաջորդն այն հարցն էր, թե ինչպես պետք է տետրերը հասցվեն դպրոցներ, որպեսզի պարտադրանքը չզգացվի: Այս հարցում ակտիվությունն ակնառու դարձավ օգոստոսի կեսերին: Այդ ժամանակ Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ) ուղարկվեց գրություն, որում առաջարկվում էր փորձագիտական կարծիք տալ ներկայացված տետրերը դպրոցներում գործածելու երաշխավորման վերաբերյալ: Այդ օրերին մամուլը եւ հեռուստատեսությունը վերսկսեցին քննարկումները գրավոր աշխատանքների տետրերի չարչրկված հարցի շուրջ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետը «Սուր անկյուն» հաղորդման մեջ հայտարարեց, որ վերջին երեք տարում նախարարությունը տետրեր չի երաշխավորել: Երեւան քաղաքի կրթության վարչության պետն իր հերթին ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ եւ  հայտնեց, որ մայրաքաղաքի դպրոցներում արգելված է տետրերի վաճառքը: Սրան հետեւեց ԿԳ նախարարության արձագանքը, որ դպրոցները ձեռք կբերեն միայն երաշխավորած տետրերը: Ծնողների ու հասարակության բողոքն առաջին հերթին սոցիալական բնույթ էր կրում, ինչ նշանակություն ուներ տետրերի երաշխավորված լինել-չլինելը, եթե ծնողն այսպես թե այնպես վճարելու էր  նաեւ երաշխավորված տետրերի համար: Բայց հետո զգալով, որ հարցը կարող է կրկին հասարակական հնչեղություն ստանալ, ԿԳՆ-ն գտավ նոր լուծում: Պատրաստվեց եւ մարզպետներին ու Երեւանի քաղաքապետին ուղարկվեց շրջաբերական նամակ: Նրանում նշվում էր, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գնահատման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են թեմատիկ եւ կիսամյակային ստուգողական աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություններում` բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»: Սակայն այս շրջաբերականն իր բովանդակությամբ ամբողջովին չէր կարող ծառայել բուն նպատակին: Ընթացիկ գնահատման տետրերը շրջաբերականում «ստուգողականի» վերածելը եւ դրանք երաշխավորելն արդեն իսկ պարունակում է պարտադրանք եւ ազդում ծնողական խորհուրդների որոշումների ազատ կայացման վրա (եթե անգամ հաշվի չառնենք կողմնակի միջամտությունը եւ այլընտրանքային տետրերի բացակայությունը): Անընդունելի է նաեւ ուսուցման գործընթացում ծագած դպրոցի եւ ուսուցչի գործառույթ համարվող ընթացիկ գնահատման խնդիրը բարդել ծնողների ուսերին կամ լուծել նրանց հաշվին: Բացի այդ, ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքների տետրերը «ստուգողականի» վերածելը ստեղծում է պարտադիր լինելու պատրանք եւ թույր ըմբռնումների տեղիք տալիս: Շրջաբերականում հիշատակված տետրերը չի կարելի ստուգողական անվանել, քանի որ ուսուցիչը ոչ թե ստուգում, այլ աշակերտների ուսումնառությունը բարելավելու եւ խթանելու նպատակով ընդամենը պարզում է այդ ուղղությամբ կատարված աշխատանքների իրական պատկերը:

Այժմ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք «ստուգողական» կոչված տետրերն ապահովում են շրջաբերականում նշված «գնահատման արդյունավետության բարձրացումը»: Իհարկե՝ ոչ: Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը, երբ ամբողջ ուստարվա համար նախատեսված հազարավոր տպաքանակով ստուգողական այդ տետրերն ի սկզբանե  հայտնի են աշակերտներին:

Գնահատման նոր համակարգի համաձայն` գրավոր աշխատանքները, որոնք հիմնականում թեստեր են, պետք է ապահովեն օբյեկտիվության, հավաստիության, հուսալիության եւ այլ սկզբունքների իրականացումը: Դրան հասնելու համար ուսուցիչը պետք է լավ ճանաչի իր աշակերտներին, նրանցից յուրաքանչյուրի ընդունակությունները, հակումներն ու հետաքրքրությունները, վերլուծի կատարված աշխատանքը, պարզի դրականը եւ բացթողումները: Այսպես ստացված արդյունքները կօգնեն նրան ճիշտ կողմնորոշվելու եւ կազմելու գրավոր աշխատանքի հարցերն ու առաջադրանքները, որոնք այս դեպքում միայն կարող են լինել արդյունավետ, օբյեկտիվ, հավաստի եւ հուսալի: Հավաստիությունը (վալիդականության) գրավոր աշխատանքում ուսուցչի հետապնդած նպատակի եւ նրանում ընդգրկված հարցերի ու առաջադրանքների համապատասխանությունն է: Այստեղից եզրակացություն` Երեւանում կազմված տետրերի հեղինակը ինչպե՞ս կարող էր գուշակել, թե ինչ նպատակ է իր առջեւ դրել Հայաստանի այս կամ այն վայրի դպրոցի ուսուցիչը տվյալ գրավոր աշխատանքը հանձնարարելիս: Մի՞թե այդպես է բարձրացվում գնահատման արդյունավետությունը: Թեստային հարցերի ու առաջադրանքների կազմման մյուս կարեւոր սկզբունքը, ինչպես արդեն նշեցինք՝ հուսալիությունն է, որը ցույց է տալիս գնահատման հաստատուն եւ համարժեք լինելը: Թեստային առաջադրանքը համարվում է հուսալի, երբ տվյալ դասարանում տարբեր օրերի հանձնարարված նույն թեստի գնահատման արդյունքները ստացվում են գրեթե նույնը: Թեստը հուսալի է նաեւ այն դեպքում, երբ որեւէ դասարանում տրված երկու համարժեք թեստերը գնահատելիս ստացվում են գրեթե նույն արդյունքները: Եթե առանց անմիջական շփման եւ փորձարկման հնարավոր չէ ապահովել այդ սկզբունքը,  ինչպե՞ս կարող են Երեւանում կազմված ստուգողական կոչվող գրավոր աշխատանքի տետրերը նպաստել գնահատման արդյունավետության բարձրացմանը:

Այսպիսով, եթե Երեւանում նստած մասնագետը չգիտի, թե ո՞ր գրքով է ուսուցիչն աշխատում (գործում է երկու դասագիրք), թե ինչպե՞ս (դասը չի լսել) եւ ի՞նչ ժամաքանակով է (տնօրինությունը դպրոցական պարտադիրից ավելացրել ժամեր) նա կազմակերպել տվյալ թեմայի ուսուցումը, ծանոթ չէ աշակերտների մակարդակին եւ առանձնահատկություններին, ապա նրա կազմած «ստուգողական» աշխատանքների տետրերը չեն կարող նպաստել գնահատման արդյունավետության բարձրացմանը: Այս եւ մի շարք այլ փաստարկներ ցույց են տալիս, որ, մեղմ ասած, անհամոզիչ է շրջաբերականում նշված «գնահատման արդյունավետության բարձրացմանը նպաստելու» պատճառաբանությամբ «ստուգողական» գրավոր աշխատանքների տետրերի անհրաժեշտության հիմնավորումը: Պաշտոնական ձեւով հարցի կարգավորման այս փորձն անմիջապես ուղեկցվեց մի շարք խիստ բացասական եւ արատավոր երեւույթներով: Այն հանգեցրեց տետրերի հրատարակման ոչ միայն առարկայական, այլ նաեւ հեղինակային մենաշնորհի: Այսպես «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների բոլոր դասարանների այսպես կոչված «ստուգողական» գրավոր աշխատանքների տետրերի հեղինակներ «ընտրվեցին» (առանձին մարդիկ`նույնիսկ 14 տետրի հեղինակ) ԳԹԿ-ն եւ ԿԱԻ-ի հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժինը ներկայացնողները կամ նրանց մերձավորները եւ մտերիմ-բարեկամները: Արժեզրկվեց նաեւ «ստուգողական» կոչվող գրավոր աշխատանքների տետրերի երաշխավորման էությունը եւ իմաստը, քանի որ կատարվեց «Մենք ենք, մեր տետրերը» սկզբունքով:

Վերը բերված դիտարկումները մեզ բերեցին հետեւյալ եզրակացությունների:

Կարծում ենք, որ ԿԳ նախարարությունը պետք է հրաժարվի «ստուգողական» կոչվող գրավոր աշխատանքների տետրերից եւ դրանց երաշխավորումից, որը հակասում է դիտակտիկայի եւ գնահատման հայեցակարգի սկզբունքներին եւ բացի տեխնիկականից` կրթական որեւէ խնդիր չի լուծում: Նույնիսկ խորհրդային երկրում, երբ ամեն ինչ հսկվում էր, կրթության պատասխանատուները չէին միջամտում ստուգողական աշխատանքների հետ կապված հարցերին: Կրթության բազմաթիվ չլուծված հիմնախնդիրների հենքի վրա «ստուգողական» տետրերով զբաղվելը խիստ բացասական տպավորություն է թողնում: Ստուգողական տետրերի երաշխավորման պաշտոնականացումը ստեղծում է պարտադրանքի մթնոլորտ եւ տանում դրանց հրատարակման  առարկայական եւ հեղինակային մենաշնորհի օրինականացմանը, ինչը արդեն նկատելի դարձավ այս տարի: Բացի այդ, «ստուգողական» կոչված տետրերը կաշկանդում են ուսուցչի նախաձեռնությունը, ինքնուրույնությունը եւ ստեղծագործական ակտիվությունը: Սակայն դա ամենեւին չի նշանակում, թե գրավոր աշխատանքների տետրեր պետք չեն: Ցանկացած բնույթի աշխատանքային տետր, եթե այն որակյալ է, խիստ անհրաժեշտ է եւ օգտակար: Պարզապես աշխատանքային տետրերը եւ ուսուցման գործընթացում մշտապես սպառվող ուսումնաօժանդակ մյուս միջոցները պետք է ընտրի ուսուցիչը եւ ոչ թե ուրիշները նրա փոխարեն:

Լուրջ քննարկման եւ վերանայման կարիք ունի ԿԱԻ գործառույթ դարձած ուսումնական գրականությունը գործածության երաշխավորելու գործող կարգը: Փորձը ցույց է տալիս, որ երաշխավորումը հետապնդում է հիմնականում բիզնես նպատակ եւ դառնում է ապահով եւ հուսալի երաշխիք հանրակրթական հաստատություններում ուսումնական գրականության վաճառքի համար: Ահա թե ինչու երաշխավորման են ներկայացվում կրթության հետ առնչվող (շատ հաճախ նաեւ չառնչվող) ցանկացած գրականություն, այն դեպքում, երբ դրանց արժեւորման եւ գրախոսման համար կան համապատասխան հաստատություններ (ակադեմիա, բուհ), գիտխորհուրդներ, ամբիոններ եւ այլն: Շուկայական տնտեսության պայմաններում չարաշահումների եւ մենաշնորհի տանող «երաշխավորում»  կոչվածը դառնում է ավելորդ օղակ: Այսօր լավագույն գրախոսությունը, կարծիքը եւ երաշխավորությունը տալիս է կրթական շուկան:

ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

հայոց պատմության մասնագետներ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930