Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի լրագրողը զարմացած է՝ «Արցախում պետական փողերը չեն թալանվում»

Նոյեմբեր 25,2013 22:30

Ուկրաինական «Сегодня» ռուսալեզու օրաթերթը վերջին համարում անդրադարձել է Արցախին՝ ներկայացնելով սեփական թղթակից Իրինա Կովալչուկի ծավալուն ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ուկրաինական առաջատար լրատվամիջոցներում Հայաստանին ու հայությանը նվիրված սա արդեն հինգերորդ հրապարակումն է: Մինչ այդ Հայաստանին անդրադարձել էին նաև ուկրաինական այլ լրատվամիջոցներ: Նրանցից մեկը՝ «Репортер» ամսագիրը՝ բացի տեղից թղթակցությունը, Իլհամ Ալիևի Կիև այցելության օրերին Ռամիլ Սաֆարովի ու Աքրամ Այլիսլիի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել:

Stepanakert_3

Ուկրաինական առաջատար լրատվամիջոցներից «Сегодня» պարբերականը (թերթի տպագիր տարբերակի լսարանն անցնում է 1 մլն-ից, իսկ էլեկտրոնային տարբերակն ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայում) վերջին համարում «Արցախում անգամ հուշարձաններն ու երեխաներն են պատրաստ պատերազմի» վերտառությամբ հոդվածով ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին:

Հակիրճ անդրադառնալով արցախյան բնաշխարհին՝ հոդվածագիր Իրինա Կովալչուկը ԼՂՀ նշանակությունը ներկայացնելու համար  մեջբերում է իր զրուցակից արցախցիներից մեկին. «Արցախը մեր պատուհանն է՝ դեպի աշխարհ: Սա մի տեղ է, որ միավորում է աշխարհասփյուռ 12 միլիոն հայերին: Սա մեր տունն է, որի համար, ինչպես և 20 տարի առաջ էր, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»:

Stepanakert_2

Լրագրողն անդրադառնում է նաև պատերազմի հետևանքներին և վերստին մարտնչելու՝ արցախցիների պատրաստականությանը, սեփական երկիրը հակառակորդի օդուժից ու դիպուկահարներից պաշտպանելու հնարամիտ լուծումներին, ինչպես նաև հումորի զգացմանը, որը ևս օգնել է արցախցիներին դիմակայել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:

Սրանով հանդերձ  լրագրողը հիմնական ուշադրությունը սևեռել է չճանաչված երկրի մերօրյա դժվարություններին ու սուղ պայմաններում տպավորիչ զարգացում ապահովելու գաղտնիքին: «Ներդրումների մասին տվյալներին, որոնց առյուծի բաժինն ընկնում է հայկական սփյուռքին , կարելի էր չհավատալ, եթե ես սեփական աչքերով տեսած չլինեի ներդրողների միջոցներով բացված այն նոր ձեռնարկությունները, որոնք արևմտյան տեխնոլոգիաներ ու սարքավորումներ են ձեռք բերում: Լեռնային գետերի վրա հոսանք արտադրող յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ի (5 տարում 8 նման կայան է բացվել), արտադրամասի կամ գործարանի ի հայտ գալը ոսկորի է վերածվում ադրբեջանական հարևանի կոկորդում»,- գրել է Կովալչուկն ու նշել, որ ողջ աշխարհի հայությունն իր պարտքն է համարում մասնակցություն ունենալ ԼՂՀ զարգացմանը. «Առավել հարուստներն իրենց ձեռնարկություններն են բացում, իսկ մյուսները հնարավորություն ունեն օգնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնների միջոցով»:

Հրապարակման համաձայն՝ Արցախի զարգացման գաղտնիքը ոչ միայն հայության համախմբվածությունն է, այլև տեղի իշխանությունների շրջահայացությունը: «Չգիտեմ՝ ինչն է ավելի շատ ապշեցնում. հայության կողմից անհանգիստ Ղարաբաղին ամենամյա միլիոնավոր հանգանակությունները, թե փաստը, որ Ստեփանակերտում նոր ժամանակակից օդակայանի կառուցման համար ծախսվել է 5 մլն դոլար, այն դեպքում, որ «Ուկրաինայի գնումների ազդագրի» համաձայն՝ «Լվով» միջազգային օդակայանին հատկացվել է 370 մլն դոլար: Իհարկե, Լվովի օդակայանը երեք անգամ մեծ է Ստեփանակերտից, բայց, հավանաբար, կարևորը ոչ թե դա է, այլ այն փաստը, որ ԼՂՀ-ում ընդունված չէ «վաստակել» պետպատվերներից»,- գրել է հոդվածագիրն ու մեջբերել արցախցի զրուցակցին. «Ղարաբաղում պետական փողերը չեն գողանում, առավել ևս՝ նվիրատվությունները: Եթե որևէ մեկը 1 միլիոն դոլարից անգամ 100 դոլար գրպանի, կհամարվի թշնամու աջակից: Մարդիկ այստեղ գիտեն՝ ինչի համար են ապրում և ինչի համար մեռնում»:

Stepanakert_1

Ըստ հեղինակի՝ հավանաբար սրանով է պայմանավորված, այն, որ ԼՂՀ կառավարությունը խնայողաբար է ծախսում միջոցները, այդ թվում հրաժարվելով թանկարժեք մեքենաներից, իսկ ձեռնարկատերերը ոչ թե խուսափում են հարկերից, այլև վճարում են պետության կողմից սահմանված նվազագույն դրույքաչափերից ավելին. «Հանրապետությունում վճարած հարկերի ծավալով ու աշխատողների քանակով Base Metals կոմբինատի ղեկավարությունը 5%-ի փոխարեն որոշել է բյուջե վճարել շահույթի 20%-ը»:

Միաժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂՀ իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին. գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման համալիր ծրագրի արդյունքում, ըստ հոդվածագրի, հաջողվել է դուրս գալ պարենային ինքնաբավության: Նույն գյուղատնտեսության ոլորտում իրականացվում է նաև գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիր, բացի այդ՝ առկա են վարկային ծրագրեր փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Այս ամենից բացի ուկրաինացի լրագրողին տպավորել է մեկ այլ փաստ. «Ղարաբաղի իշխանությունները պրակտիկ մոտեցում ունեն բնական հանածոների հարցում: Հանքավայրերի շահագործման գործում նրանք հիմնվում են ԽՍՀՄ ժամանակների երկրաբանական հետազոտությունների արդյունքների վրա: Իսկ այդ հարցում ԽՍՀՄ նախկին երկրաբանության նախարար Գրիգորի Գաբրիելյանցից ավելի լավ ոչ ոք չի կարող լինել: Այդ պատճառով է, որ ղարաբաղցիներն ամեն ինչ արել են, որ Գաբրիելյանցը Մոսկվայից տեղափոխվի Ստեփանակերտ, որտեղ նա այժմ աշխատում է լեռնահանքային արդյունաբերության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական»:

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում կտրուկ աճել է ուկրաինական մամուլի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. «Вести», «Сегодня», «Обозреватель» և «Репортер» պարբերականները անցնող մեկ ամսվա ընթացքում հինգ ծավալուն հրապարակմամբ անդրադարձել են Հայաստանին ու երկրում իրականացվող բարեփոխումներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իհարկե, եթե ուկրաինացիների գրածը մոտ է իրականությանը, ապա շատ ուրախալի է, հատկապես,
    որ տեղի չինովնիկները չեն գողանում՝, լինելով Հայաստանի վերջին երկու նախագահ կոչվածների
    դրածոները: Այդ դեպքում այս երկու հանցագործների մեջ գուցե կա մեծ ջոկողություն ԼՂՀ-ն և
    Հայաստանի միջև, որին վերաբերվում են որպես՝ մոնղոլ թաթարների արշավանք: Ժամանակն չէ՞ արդյոք, այս երկու նախագահ կոչվող՝ մոնղոլ թաթարներին վռնդել երկրից, թե՛ թողնել, որ երկիրը
    լրիվ դատարկվի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930