Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամեն ինչ բարեհաջող հունով ընթանա

Հունվար 11,2014 15:35

Իսկ եթե չհաջողվի՞ «եվրասիական ինտեգրման գործընթաց մուտք գործել նախատեսվող սցենարով»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս կառավարության նիստում նշել է, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի համաձայնության գալ»։

Նշելով, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական հարցի շուրջ անցյալ տարի որեւէ տեղաշարժ չի եղել, Ալիեւը հավելել է, թե տարեվերջին որոշակի աշխուժացում է նկատվել։ «Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014թ. մենք կուսումնասիրենք դրանք։ Ամեն դեպքում, 2014-ին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի»,- ասել է Ալիեւը։ Նրա փոխանցմամբ՝ եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության հետ կապված։ Իսկ իրատեսական մոտեցումը, ըստ նրա՝ պետք է հիմնվի «իրական ուժերի հարաբերակցության վրա»։ «Ադրբեջանի աճող հզորությունը նույնպես այստեղ իր դերն է խաղում եւ խաղալու է։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համեմատություն անցկացնելու դեպքում մեր առավելությունը բացահայտ դրսեւորվում է բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Ալիեւը՝ ներկայացնելով Բաքվի հայտնի դիրքորոշումն ու պահանջները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որ հարցը «լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա շեշտել է. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան ԼՂ-ի հարցի արդարացի կարգավորման գործում»։

Երկու օր առաջ էլ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ Բեռնում հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարից ոչ շուտ:

Օրերս Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունենալով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նշել է, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպում:
Այսինքն՝ Երեւանն ու Բաքուն նախապատրաստվում են հերթական հանդիպումներին՝ ԱԳ նախարարների, ապա նաեւ նախագահների մակարդակով: Ակնհայտ է, որ միջնորդները բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու հարցում ջանքեր են գործադրում, եւ, իհարկե, դա դեռ գործի միայն կեսն է: Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։

Բանակցող կողմերը, սակայն, ունեն իրենց ակնկալիքները: Բաքվի սպասելիքները վաղուց են անփոփոխ՝ «մենք ավելի հզոր ենք», հետեւաբար՝ մեր պատկերացրած լուծումը պետք է պարտադրենք, տրամաբանությամբ:

Մինչդեռ հայկական կողմը նոր լույսի ներքո է դիտարկում բանակցային գործընթացում «ցանկալի ընթացքը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Հայոց Աշխարհ»-ին նախօրեին տված հարցազրույցում նշել է հետեւյալը. «2014-ը կարծում եմ, որ կարեւոր տարի է լինելու նաեւ Ղարաբաղյան կարգավորման համար, քանի որ նոր հնարավորություն կա՝ ավելացնելու հիմնախնդրի լուծման քաղաքական ու տնտեսական գործոնները, եւ դրանից պետք է փորձենք օգտվել: Նախ՝ եւս մեկ անգամ նշեմ, որ ԼՂՀ-ն պետք է գտնվի միեւնույն մաքսային գոտում Հայաստանի հետ մեկտեղ, եւ ԼՂՀ ու ՀՀ միջեւ մաքսային սահմաններ չպետք է լինեն: Սա սկզբունքային հարց է, որը Հայաստանի կայացրած որոշման հիմքերից մեկն է: Եթե մեզ հաջողվի եվրասիական ինտեգրման գործընթաց մուտք գործել մեր կողմից նախատեսվող սցենարով ու ժամկետներում, ապա դա զգալիորեն կուրվագծի հակամարտության կարգավորման ցանկալի ընթացքը»:

Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ եթե չհաջողվի՞ «եվրասիական ինտեգրման գործընթաց մուտք գործել մեր կողմից նախատեսվող սցենարով», ապա ի՞նչ է սպասվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ակնկալիքներին եւ որ ավելի կարեւոր է՝ հայկական կողմի դիրքերին բանակցային գործընթացում:

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տեւական դադարը, որի պատասխանատվությունը, այսպես ասած, պաշտոնական Բաքուն է կրում, մեկնարկել է այնպիսի պայմաններում, երբ հայկական կողմի հույսը ոչ միայն ռուսական կողմն է, այլեւ եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի մուտք գործելը, այն էլ այն դեպքում, եթե ամեն ինչ բարեհաջող հունով ընթանա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031