Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ. դա՞ռը, թե՞ քաղցր պտուղներ

Փետրվար 04,2014 14:25

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում տնտեսագիտության դոկտորներ
Վարդան Բոստանջյանն ու Թաթուլ Մանասերյանը քննարկում են,
թե ինչպիսի տնտեսական հետեւանքներ կունենա Մաքսային միությանն անդամակցելը:

Արամ Աբրահամյան.– Հիշո՞ւմ եք Մերֆիի օրենքներից մեկը` չկա այնպիսի իրավիճակ, որ հնարավոր չէ վատթարացնել: Հիմա տնտեսական վիճակը վատն է, բայց Մաքսային միության պատճառով հնարավո՞ր է՝ ավելի վատանա:

Վարդան Բոստանջյան.– Իմ խորին համոզմամբ՝ նման բան հնարավոր չէ, որովհետեւ վիճակը արդեն այնքան վատ է, որ սրանից վատ երբեք չի լինում, եւ Մաքսային միությունը որքան էլ ունենա խոցելի տեղեր, ես ուզում եմ համոզվածությունս հայտնել, որ դա կլինի շատ ավելի լավ, քան այսօրվա մեր վիճակը:

Թաթուլ Մանասերյան.– Շատ կարեւոր է տեսնել, որ նախ՝ Մաքսային միություն եւ ազատ առեւտրի գոտի՝ դրանք երկու տարբեր մակարդակներ են, եւ ազատ առեւտրի գոտի չստեղծած՝ Մաքսային միություն ձեւավորելով եւ այստեղ բերելով Հայաստանի տնտեսությունը՝ այստեղ ինձ համար՝ որպես տնտեսագետի, մի քանի հարց բաց է մնում:

Եթե հիշում եք՝ ազատ առեւտրի գոտին, որի մասին համաձայնագիրը երկու տարի առաջ ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում, ուներ բացառություններ որոշ ապրանքների գծով: Հայաստանի Հանրապետությունում դա ծխախոտն էր, թութունը եւ նման ապրանքներ:

Մինչդեռ Ռուսաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների համար այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ էին բացառությունների մեջ, ինչպես գազը, նավթը, երկաթը, փայտանյութը եւ այլն:

Ա. Ա.– Այսինքն՝ հենց սկզբից մեզ լավ չեն նայել:

Թ. Մ.– Հենց սկզբից եղել է խտրական վերաբերմունք: Ես չէի ասի՝ վատ են նայել, մենք ենք մեզ վատ պաշտպանել: Ընդհանուր առմամբ, ոչ թե պիտի ասենք՝ ռուսը, ղազախը, բելառուսը ինչ վատ վարվեցին, այլ մենք լավ չվարվեցինք, մենք չկարողացանք պատշաճ բանակցություններ վարել: Արդյունքում, ես կարծում եմ, այնուամենայնիվ, վատթարացման, եթե կոպիտ ասենք` տեղ կա, բայց կա նաեւ բարելավման հնարավորություն. դա կախված է միմիայն մեզնից: Այն աշխատանքը, որ կտարվի մեր կողմից, եւ այն շնորհքը, որը մենք կդրսեւորենք բանակցություններում, կարող են բերել բարելավման:

Ա. Ա.– Կարծես թե գազային պայմանագիր կնքելիս առանձին տաղանդ, շնորհք մեր կառավարությունը չդրսեւորեց: Կա՞ն երաշխիքներ, որ հետագայում նրանք կդրսեւորեն այդպիսի շնորհք:

Վ. Բ.– Ես ստիպված, պարտադրված մտածում եմ, որ այլընտրանք մենք չունենք, ամենայն հավանականությամբ՝ դա պետք է լինի: Հանրապետությունում սարսափելի, ֆրոնտալ մենաշնորհվածության, կոռուպցիոն ռիսկերի այս ահավորության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները, բացի օրենքով սահմանված՝ պետության նկատմամբ պարտավորություններից, կատարում են նաեւ անօրինական, ոչ պաշտոնական պարտավորություններ, որը, ըստ էության, բերում է նրանց գործունեության շատ մեծ դժվարությունների: Նման պարագայում գոնե փոքր-ինչ շահույթ հետապնդելու նպատակով նրանք պարտադրված են լինում գները բարձրացնելու: Ես կարծում եմ՝ այս միության մեջ հանգրվանելը մասամբ մենաշնորհվածության գործոնը կամ կոռուպցիոն դրսեւորումները եթե ոչ 100 տոկոսով, ապա նկատելի ձեւով կիջեցնի:

Ա. Ա.– Ռուսաստանը, ասում են, ոտից գլուխ կոռումպացված երկիր է, նրանք շահագրգռվա՞ծ են, որ մենք թափանցիկ դառնանք:

Թ. Մ.- Ինձ թվում է, որոշ հարցերում Ռուսաստանին պետք է ձեռնտու լինի իրենցից համեմատաբար բարվոք վիճակում գտնվող երկրների հետ նույն միության մեջ լինելը: Օրինակ՝ հենց նույն Ասոցացման համաձայնագիրը երբ պատրաստ էր, դրան շատ հեշտությամբ չգնացինք, բավական լուրջ փոփոխություններ եղան: Ռուսաստանին, որտեղ որ իրենց շահին է համապատասխանում, շատ ձեռնտու կլինի Հայաստանին, կոպիտ ասած, թատերաբեմ հրավիրել` ներկայանալու որպես ավելի թափանցիկ, առաջադեմ, որոշակի հաջողությունների հասած երկիր:

Ա. Ա.- Հայաստանում հունվարից գործում է GSP+ առեւտրային ռեժիմը, որը ԵՄ արտահանվող մոտ 6 հազար անուն ապրանքների նկատմամբ կիրաում է 0 մաքսատուրք կամ շատ ցածր մաքսատուրք: Կարո՞ղ է Եվրամիությունը դա վերանայի. եթե դու, ՄՄ մտնելով, 1.5-2 անգամ մաքսատուրքը բարձրացնում ես, ապա մենք էլ ենք բարձրացնում:

Վ. Բ.- Իհարկե, հնարավոր է, բայց թող երբեւիցե խաբուսիկ չներկայանա այդ 6 հազար ապրանքատեսակների, այսպես կոչված, արտոնյալ վիճակը: Հասկանալի է, որ գերուժեղ են մեծ ուժերը, որ գնում է չբացահայտված պայքար, թե իրենց շրջանակները ոնց են ընդարձակելու, ընդլայնելու: Սա այն տարբերակն է, երբ որ շռայլ խոստումներ են շպրտում, բայց տնտեսագիտական առումով եթե մտածում եք, որ Հայաստանի Հանրապետությունը արտադրական կուլտուրայի կտրվածքով ունի այնպիսի կուլտուրա արտադրական, որ կստեղծի ապրանքատեսակներ, որոնք Եվրոպան հուզվածությամբ կուզենար ունենալ, ապա երբեք այդպիսի բան չի լինելու: Որովհետեւ այդ շուկաներ ներթափանցելը, մինչեւ անգամ՝ եթե ունենայինք այդպիսի ապրանքներ, սարսափելի դժվար բան է:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Քննարկումն ամբողջությամբ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728