Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի ղեկավարը զգում է ժամանակի մարտահրավերները ու հեռվում էլ աղոտ լույսի շող տեսնում

Փետրվար 05,2014 14:47

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած ամենամյա «Ֆաջըր» թատերական փառատոնից, որին մասնակցում էր աշխարհի տարբեր երկրներից շուրջ 130 կոլեկտիվ, վերադարձավ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը:

«Առավոտի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ փառատոնին ներկայացել են իր ռեժիսուրայով «Արդաղիոն» ներկայացումով: Հավելեց նաեւ, որ Իրանում ներկայացնելու համար որոշակի խմբագրումներ են կատարվել՝ հասկանալի պատճառներով: Նա հավաստիացրեց, թե բեմադրությունը խմբագրումների արդյունքում շահել էր, ինչը խոսում է մնջախաղի ժանրային ճկունության մասին:
Հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հատկապես այդ բեմադրությունը, որի առանցքում քրիստոնեական եկեղեցու սրբի՝ 4-րդ դարի դերասան Արդաղիոնի մասին պատմությունն է, պարոն Դադասյանը պատասխանեց. «Իսկապես, առաջին հայացքից իսլամն ու քրիստոնեությունը հակադիր բեւեռներում են, սակայն ներկայացումը խիստ հետաքրքրեց հանդիսականին: Ավելին՝ իրանցիներին զարմանալիորեն հետաքրքրում է ոչ թե կրոնական, այլ առհասարակ հավատքի թեման: Նշեմ նաեւ, որ իրենց երկրում որոշակի սահմանափակումների արդյունքում տեղացի հանդիսատեսը դարձել է պրոֆեսիոնալ. նրանք կարողանում են ներկայացումն ընկալել տողատակերով»: Առանց մանրամասնելու՝ մեր զրուցակիցն ասաց, որ ստացել է հայ-իրանական թատերական նախագծի առաջարկ, ինչը կիրականացնեն ընթացիկ տարվա աշնանը:

6-2
Ժիրայր Դադասյանը նկատել էր, որ հրավիրված թատրոնների ու խմբերի բազմազանությունը հատուկ էր մտածված իրանցիների կողմից. «Նրանք կարիք ունեն շփվելու, դիտելու, ականատեսը լինելու բարձրարվեստ մշակութային երեւույթներին, որ տեղի է ունենում աշխարհում: Ընդ որում, Իրանում անցկացվում են մասշտաբային փառատոներ՝ արվեստի բոլոր ճյուղերի հետ կապված: Կարճ ասած՝ դա լուրջ պետական մշակութային քաղաքականություն է»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մինչ իրանյան փառատոնը, լավագույնը ճանաչվելով ՆՓԱԿ-ի կողմից անցկացված «1մ2» նախագծում, Մնջախաղի թատրոնի առաջնակարգ դերասաններ Մերի Կիրակոսյանն ու Անահիտ Տեր-Սարգսյանը «Կաղապարում» մանրապատումով մասնակցել են Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում անցկացված նույնանուն միջոցառմանը:

Մեկ ամսվա ընթացքում երկու հյուրախաղերը թատրոնի համար հագեցած են, իսկ մեր հանդիսատեսի համար, բացի խաղացանկային ներկայացումներից, ի՞նչ է պատրաստել Մնջախաղի թատրոնը, Ժիրայր Դադասյանն ասաց. «Գարնանը իմ բեմադրությամբ եւ ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ հանդիսատեսի դատին կհանձնենք «Այծծես» ներկայացումը: Վստահ եմ, որ այն հետաքրքիր է թեկուզ այն առումով, որ նախ՝ դա քավության նոխազի ծեսն է, երբ բոլոր ժամանակներում փնտրում են այն անձը, ում վրա կարելի է բարդել մեղքերը: Սցենարով էլ բոլոր մեղքերը բարդում են այծի վրա ու բաց թողնում անապատ: Սակայն մեր դեպքում՝ փնտրվում-փնտրվում, ու այդպես էլ չի գտնվում քավության նոխազը»: Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ ձեր սցենարով ներկայացումն ունի քաղաքական ենթատեքստ (մնջախաղային ներկայացումներում, որպես կանոն, բեմադրիչն է հանդիսանում սցենարի հեղինակ) հարցին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ենթատեքստ ունի այս ներկայացումը: Ի դեպ, արվեստագետը ինքը խտանյութն է լայն հասարակության, որը շատ նուրբ զգում է ժամանակն իր մարտահրավերներով»: Այդ դեպքում՝ այսօր ի՞նչ մարտահրավերներ կան: «Բեմադրության ֆինալում հերոսները հայտնվում են բաց ծովում՝ նավի վրա: Պարզ չէ՝ ինչ է սպասվում նրանց… Բայց, այդուհանդերձ, սփոփանք կա. նրանք հեռվում աղոտ լույսի շող են տեսնում»,- ներկայացրեց Ժիրայր Դադասյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728