Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների գործերով միակ ներկայացուցիչը դատարաններում ցավում է, որ փաստաբանի աշխատանքն անձնավորում են

Փետրվար 06,2014 14:22

Աշխեն Եսայանը (լուսանկարում) դատարաններում մեծ թվով փախստականների հիմնական ներկայացուցիչն է: Նրա՝ «Առավոտին» տված հարցազրույցին ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը պատասխան արձագանք էր պատրաստել, որում շեշտվում էր, թե հոդվածում կան իրականությանը չհամապատասխանող փաստեր: Խոսքը «Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում» հոդվածի մասին է: Տեղի ունեցածը նկատի առնելով՝ «Առավոտը» կրկին զրուցեց փաստաբան Աշխեն Եսայանի հետ:

Այն, որ նա մինչ օրս շարունակում է ներկայացնել փախստականների կարգավիճակի վերականգնման հայցերը Հայաստանի դատարաններում, դա անվիճելի փաստ է եւ «Առավոտի» այն հարցին, թե՝ Միգրացիոն ծառայությունն անդրադարձել է այն փաստին, որ դուք, որպես փաստաբան, տեղեկացված չեք դատական վճիռներին եւ մեջբերել է այն փաստը, որ կայացվել է փախստականի կարգավիճակը դադարեցնող 150 որոշում, որից դատարաններում բողոքարկվել է միայն 39-ը եւ միայն 3-ի նկատմամբ են դատարաններն ընդունել փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին պարտավորեցնող որոշումներ: Արդյո՞ք 39-ից երեքի դեպքում կայացված դրական որոշումները՝ փախստականների օգտին, տարբերվում են մյուս 39-ից, որի պատճառով նրանցը մերժել են եւ դրական են կայացրել միայն երեքի համար, փաստաբանն ասաց. «Ցավում եմ, որ դեռ Հայաստանում փաստաբանի աշխատանքն անձնավորում են, սակայն չեմ զարմանում: Հավանաբար Ծառայության պատասխան հոդվածի եւ որոշումների կատարող անձը միեւնույն անձն է, քանի որ, ինչպես միշտ, պարտաճանաչ կազմել են անիմաստ նախադասություններ:

Օրինակ. «Փաստաբանը, թեեւ հանդիսացել է փախստականների գործերով հիմնական ներկայացուցիչը դատարաններում, սակայն իրազեկ չի եղել դատական վիճակագրությանը»: Ի զարմանս Ծառայության, ես, որ հանդիսացել եմ փախստականների գործերով հիմնական ներկայացուցիչը, ես եմ այդ վիճակագրությունը ստեղծողներից մեկը: Ի դեպ, մինչ դատական վիճակագրության մասին խոսելը, նշեմ նաեւ, որ որոշումները 150-ից ավելի են, փաստորեն, փաստաբանը տիրապետում է նաեւ Ծառայության կողմից կայացված որոշումների վիճակագրությանը: Ինչ վերաբերում է 150-ից 39-ի բողոքարկմանը, ապա նշեմ, որ բացի դատական պաշտպանության դիմած փախստականներից, ինձ դիմել են նաեւ այլ փախստականներ, որոնց կարգավիճակը դադարեցվել է, սակայն դատական պաշտպանության չեն դիմել հիմնականում բողոքարկման ժամկետը բաց թողնելու եւ դատական քաշքշուկից խուսափելու համար, սակայն պետք է նշեմ նաեւ, որ ոչ Ծառայության որոշումների դատական վիճակագրությունը եւ ոչ էլ դատարանի կողմից բավարարված հայցերի քչատվությունը չեն հավաստում այն փաստը, որ այդ որոշումները իրավաչափ են եւ չեն կայացվում խախտումներով: Խնդիրը կապված է փախստականների կողմից իրենց իրավունքների պաշտպանության մասին տեղեկացվածությանը, ինչպես նաեւ ցանկությանը, մի կողմից՝ դատական մարմինների հանդեպ վստահությանը, իսկ մյուս կողմից՝ վերջիններիս նկատմամբ տարվող քաղաքականությանը: Ինչ վերաբերում է դատարանի անկախությանը, բավական է նայել դրանց բովանդակային նմանությանը»:

«Առավոտի» այն հարցին, թե՝ Միգրացիոն ծառայությունը մեջբերում է, թե փաստաբանը տեղեկացված չէ, որ վարչական վարույթ կարելի է կայացնել նաեւ առանց լսումների եւ ձեռքի տակ ունեցած օրինական հիմքերով: Արդյո՞ք դա փախստականի իրավունքների խախտում չէ եւ արդարացում է ունենալ օրինական հիմքեր ու առանց լսումների ձեռնարկել վարչական վարույթ, փաստաբանն ասաց. «Ի զարմանս եւ հատկապես ի տարբերություն Ծառայության, փաստաբանը տիրապետում է ՀՀ օրենսդրությանը, հատկապես «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին: Առանց լսումների, այսինքն՝ առանց վարչական ակտի հասցեատիրոջը վարչական վարույթի մասին տեղեկացնելու, վարչական մարմնի գործողությունները բողոքարկվել են եւ ՀՀ վարչական դատարան, եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, ավելին՝ այդ գործերը տեղադրված են datalex.am ինտերնետային կայքէջում եւ հասանելի են յուրաքանչյուրին: Ինչ վերաբերում է առանց վարչական վարույթի մասնակցին լսելու որոշման կայացման վարչական մարմնի հնարավորությանը, ապա պետք է արձանագրենք, որ դատական ատյաններում այդ նույն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մասին խոսելուց հետո Ծառայությունը սկսել է ծանուցել վարչական վարույթի օրերի մասին: Թեեւ որեւէ հանգամանք չի փոխվել իրենց հնարավորությունը չօգտագործելու համար: Հարցը նշված իրավական նորմի օրինականության մասին չէ, այլ դրա ճիշտ կիրառման մասին: Յուրաքանչյուր միջամտություն պետության կողմից անձի իրավունքներին, հատկապես իրավունքից զրկելը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, ձեռնարկվող միջոցներն էլ պետք է լինեն համաչափ»:

Զրույցի վերջում փաստաբանն ասաց. «Ինչ վերաբերում է այն մտքին, որ Միգրացիոն ծառայությունը պատասխան արձագանքում չի անտեսել նաեւ լրագրողի հոդվածների բովանդակությունը եւ նշել է, որ բովանդակային առումով մեկը մյուսից «Copy, paste» են արված, ապա գտնում եմ, որ չպետք է զարմացներ Ծառայությանը, քանի որ որոշումները նույնպես «Copy, paste» են արված, որպեսզի նորից նման պատասխան հոդվածի կարիք չզգացվի, ընթերցողները կարող են այցելել datalex.am ինտերնետային կայքէջ եւ ընթերցել դատական ակտերը, այնտեղ մանրամասն գրված է եւ ներկայացված պահանջն ու որոշումները»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728