Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է ապահովի «հոգեւոր անվտանգությունը»

Փետրվար 08,2014 14:55
murch

Մենք սովորություն ունենք դիմելու պետությանը, «նաչալստվային», որպեսզի նրանք մեր տեսակետը կամ մեր ուսմունքը «միակ ճիշտը» ճանաչեն

Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանում մշակվելու է հոգեւոր անվտանգության հայեցակարգ: Կա՞ն արդյոք մեր երկրում երեւույթներ, որոնք սպառնում են մեր հոգեւոր անվտանգությանը: Իհարկե, կան, եւ դրանք լուրջ սպառնալիքներ են: Ի՞նչ գործ ունի այստեղ պետությունը: Իմ կարծիքով՝ ոչ մի: Դա Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների եւ մեր՝ հավատացյալներիս գործն է: Երբ մենք դիմում ենք պետությանը՝ խնդրելով արգելել այս կամ այն սերիալը կամ աղանդը, դա խոսում է մեր անճարակության մասին:

Եթե մեր հոգեւորականներն իրենց ապրելակերպով չեն վաստակել բավարար հեղինակություն, որպեսզի քաղաքացիները նրանց խոսքը լսեն, պետությունն այստեղ ոչնչով չի կարող օգնել: Պետությունը ընդամենը պետք է ապահովի Սահմանադրության եւ այլ օրենքների նորմերի կատարումը, այդ թվում՝ պետությունը կրոնից անջատ լինելու եւ խղճի ազատությունը: Նման դրույթները, ինձ թվում է, հրաշալիորեն ձեւակերպվել են ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման մեջ՝ Կոնգրեսին արգելված է ընդունել օրենքներ, որոնք սատարում են որեւէ կրոնի կամ հաստատում են որեւէ պետական կրոն:
Թե չէ՝ կգործի 16-րդ դարում Գերմանիայում ընդունված բանաձեւը՝ «ում իշխանությունն է, նրանն էլ հավատքն է»՝ «cuius regio, eius religio»: Այդ սկզբունքը հաստատվել էր 1555 թվականին, այսպես կոչված՝ Աուգսբուգյան կրոնական խաղաղության հասնելուց հետո: Լուծումը հետեւյալն էր. Գերմանիայի այն «հողերում», որտեղ իշխանը բողոքական է, պետական կրոնը բողոքականությունն էր, որտեղ «շեֆը» կաթոլիկ էր, կրոնն էլ էր կաթոլիկ: Եթե հանկարծ դու քո տարածքում «սխալ» կրոն ես դավանում, կարող ես տեղափոխվել այն «երկիր», որտեղ պետական կարգավիճակ ունի քեզ «հարմար» կրոնը:
Դա արվում էր, որպեսզի կաթոլիկներն ու բողոքականներն իրար «չուտեն», բայց լուծումն ակնհայտորեն բավարար չէր, որովհետեւ, ժամանակակից լեզվով ասած, «խթանում էր արտագաղթը»: Մարդիկ ուզում են ապրել իրենց տանը, իրենց հողում եւ դավանել այն կրոնը, որը ցանկանում են, կամ էլ աթեիստ լինել: Հենց այդ պատճառով էլ հետագայում եվրոպական փիլիսոփայական միտքը հրաժարվեց «պետության կարգավորիչ դերից»:
Հոգեւոր անվտանգության անբաժանելի մասն է, անշուշտ, պայքարը հոգեորսության դեմ: Դարձյալ վստահ եմ, որ այդ պայքարում պետությունը ոչինչ չի կարող անել՝ մեր հոգին պետք է այնքան ամուր լինի, որ ոչ մի «որսորդ» չկարողանա դրա նկատմամբ ոտնձգություններ կատարել: Վարչական մեթոդներով հնարավոր չէ հոգին ամրացնել:

Մյուս կողմից՝ որեւէ կրոն դավանելը կամ չդավանելը, կամավոր ձեւով կրոն փոխելը մարդու հիմնարար իրավունքն է: ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթի 18-րդ հոդվածում գրված է. «Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն եւ իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի եւ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն»:

Միանգամայն այլ հարց է, երբ մարդը կրոն է ընդունում կամ կրոն փոխում է ստիպողաբար: Այսինքն՝ եթե դուք, կոպիտ ասած, ատրճանակը դնում եք մարդու քունքին եւ ստիպում եք, որ նա դառնա աթեիստ, Հայ Առաքելական եկեղեցու կամ որեւէ այլ կրոնական համայնքի անդամ, դուք հանցագործություն եք կատարում: Թերեւս արժե, որ մեր Ազգային ժողովն այդ մասին օրենք ընդունի: Բայց այստեղ էլ պետք է հստակ սահմանում լինի, թե ինչ է նշանակում «ստիպողաբար»:

Ըստ երեւույթին, հասկանալով խնդրի նրբությունը՝ թե՛ արդարադատության նախարարությունը, թե՛ խորհրդարանը չեն շտապում նման օրենք ընդունել: «Ոչ պատշաճ պրոսելիտիզմի» (դավանափոխության), «հոգեորսություն» տերմինից մենք հրաժարվեցինք, որովհետեւ այն թարգմանական տարաբնույթ խնդիրների տեղիք էր տալիս, սակայն եթե չգտնենք հարմար հոմանիշը, ապա կպահպանենք այդ տերմինը, որը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա»,- նշում է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Ըստ նրա՝ «քրեական պատասխանատվությունն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ բռնության կամ սպառնալիքի տարրեր են առկա: Մնացյալ արարքները, որոնք կարող են որակվել որպես «ոչ պատշաճ պրոսելիտիզմ», կարող են ենթարկվել միայն վարչական պատասխանատվության» (մեջբերվում է ըստ crossnews.am-ի):
Առաջին պնդումը («բռնության» եւ «սպառնալիքի» մասին) անվիճելի է: «Մնացյալ արարքներն» այնքան էլ պարզ չեն: Երբ աղանդավորը իր գրքերով շրջում է փողոցով եւ փորձում է մարդկանց հետ զրույցի բռնվել, դա վարչական պատասխանատվություն ենթադրո՞ղ արարք է: Հայաստանի բնակչության մեծ մասի եւ, բնականաբար, մեր հոգեւորականների կարծիքով՝ այո, իմ կարծիքով՝ ոչ: Դաստիարակենք մեր քաղաքացիներին այնպես, որ երբեք, ոչ մի պարագայում նրանք նման քարոզի ազդեցության տակ չընկնեն: Միեւնույն է՝ հնարավոր չէ ամեն մի քարոզողի գլխին մի ոստիկան կարգել:

Հոգեւոր անվտանգությունն, անշուշտ, շատ ավելի լայն հասկացություն է, քան «ոչ պատշաճ պրոսելիտիզմի» դեմ պայքարը: Այս փոքր օրինակով ուզում եմ ցույց տալ, որ նման խնդիրներն իրոք պետք է մտահոգեն մեր հասարակությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, մտավորականներին: Բայց ոչ մեկը չպիտի դիմի պետությանը, որպեսզի վերջինս «վարչական» լծակներով նպաստի իրենց տեսակետը կամ ուսմունքը «միակ ճիշտը» ճանաչելուն: Նախ՝ դա «անբարեխիղճ մրցակցության» դրսեւորում է. դու չես կարողանում «վաճառել» քո «ապրանքը» եւ հորդորում ես պետությանը, որ նա արգելի «ուրիշինը»: Բայց ավելի կարեւոր է այն, որ դա բացարձակապես անիմաստ է. եթե որեւէ հոգեւոր արժեք, որքան էլ այն լավը լինի, քո վզին պետությունն է փաթաթում, այն անմիջապես արժեզրկվում է: Ընդ որում՝ արժեզրկվում է այնպես, որ հետո ինչքան էլ համոզես-բացատրես՝ երկար տասնամյակներ դրան այլեւս ոչ ոք չի հավատա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ինչպես կորակեք այն հանգամանքը, որ պետական դպրոցներում, պետական ծրագրով դասավանդվում է հայ եկեղեցու պատմություն, որը ոչ այլ ինչ է, քան պետական ինչ-ինչ ձեւերով երեխաներին քրիստոնյա դարձնելու միջոց, մանավանդ, որ այդ դասերը կրոնական լավ էլ մտածելակերպ են ձեւավորում իրենց աղոթքներով եւ ակնհայտ քարոզչական ուղղվածությամբ: Ես շատ մեծ ջանքեր գործադրեցի, որ իմ երկու տղաները չհաճախեին հայ եկեղեցու պատմության դասերին: Ուսուցիչները տարակուսում էին, թե ես եհովայի վկա՞ եմ, թե այլ աղանդի հետնորդ: Ընդհուպ մինչեւ համոզում էին տղաներիս, որ դասի նստեն, բայց տանը ինձ խաբեն, թե չեն նստել: Աշակերտները նույնպես ոչ միանշանակ էին նայում երեխաներիս: Իսկ ես ընդամենը ուզում եմ իմ կյանքն ապրեմ առանց որեւէ կրոնի: Եղբայր, ուզում եք հավատաք, կրոնավորվեք, եղեք, ես ձեզ չեմ խանգարում: Բայց մի ստիպեք ես էլ հավատամ աշխարհի ստեղծման ու կառավարման աստվածաշնչյան կամ ղուրանական կամ էլի չգիտեմ ինչ կրոնական տեսությանը: Ես մերժում եմ ցանկացած կրոն ու հանդուրժում եմ բոլորիդ: Բայց ինձ էլ դուք հանդուրժեք:

  2. marine says:

    Տեսականորեն հոդվածում ներկայացվածը բանականության,ողջամտության տեսակետից
    ճիշտ է:Բայց հայ ազգի նման փոքր հանրությունը,բաժանված ու ցրված տարբեր երկրնե-
    րում,ենթարկված բազմաշերտ ու բազմավեկտոր ազդեցությունների,չունենալով արդի աշ-
    խարհի մասին իրական տեղեկատվություն ու պատկերացում ունեցող էլիտա/սրանց շփու-
    մը աշխարհի հետ ավարտվում Դուբայի բիրիքնոցներով/,չի կարող հավասարակշռված,
    համասեռ հոգևոր դաշտ ստեղծել ու պահպանել:Ով պետք է ստեղծի հոգևոր անվտանգու-
    թյան հայեցակարգը:Չկան այդ տեսաբանները ոչ կրոնական միջավայրում,ոչ քաղաքա-
    տնտեսական ասպարեզում:Լրագրային վերլուծությունների մակարդակով նույնիսկ ,,Вы-
    зов – Ответ,,սկզբունքը չի աշխատում:Երևի դեռևս ունենք 10-15 տարի լրիվ չխոտանվելու
    համար:

  3. Ռուբեն says:

    Եթե դիտարկենք տարբեր եկրների պատմությունը, ապա կնկատենք, որ նրանց մոտ ևս պետություն – եկեղեցի հարաբերություններում գործել է ես` քեզ – դու` ինձ փոխշավահետ ծառայության դաշինքը: Պարզապես, քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգընթաց աճել է նաև ժողովրդի պահանջկոտությունը “Աստծունը` աստծուն, կայսրինը` կայսրին” սկզբունքը կյանքի կոչելու համար:
    Իհարկե, պետություն – եկեղեցի տարանջատման համար մեծ դեր է խաղում նաև անհատի գործոնը: Մասնավորապես` այնպիսի լուսավոր անհատականություն, ինչպիսին ներկայիս Հռոմի Պապն է, իրեն հասանելիք շքեղություններից հրաժարվելով և ապրելով հոգևորականին հարիր սակավապահանջությամբ, առաջացրեց հավատացյալների ոգևորության մեծ ալիք: Արդյունքում` նրան հաջողվեց ավելի բարձրացնել Կաթոլիկ եկեղեցու վարկանիշը և անկախությունը պետությունից:
    Կարծում եմ, որ համանման գովասանքի է արժանի նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ առաջինի գործունեությունը`դրան գումարած նաև իր ազգասիրական ձեռնարկումները:
    Մի խոսքով, կամ քաղաքացիական հասարակությունն ինքը պետք է պարտադրի պետություն – եկեղեցի տարանջատման իրականացումը, կամ էլ դա պետք է անի եկեղեցու հոգևոր առաջնորդը իր նախաձեռնությամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728