Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մնացածը` նեղ անձնական կամ նեղ-քաղաքական խաղիկներ են»

Փետրվար 17,2014 15:29

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ համագումարում կարծում եմ, սպասված խոսք էր, քանի որ կուտակային կենսաթոշակի օրենքի շուրջ այս ամբողջ աժիոտաժը, մարդկանց դժգոհությունը եւ պահանջները ի վերջո պատասխան էին պահանջում եւ այդ պատասխանը երկրի նախագահը տվեց անձամբ: Ցանկացած երկրում տնտեսական խնդիրների, իրական տնտեսական քաղաքականության եւ այլնի մասին առավելագույնս տեղյակ է տվյալ երկրի ղեկավարությունը, քանի որ հենց ինքն է այդ քաղաքականությունը որոշողն ու իրականացնողը, եւ, եթե կառավարության այս կամ այն որոշում իր նախնական փուլում դժգոհություն է առաջացնում, ապա դա չի նշանակում ամենեւին, որ այդ որոշումը վատն է, կամ ընդունված օրենքները վատն են:Կարծում եմ, դա նշանակում է մեկ բան` հասարակությունը բավականաչափ իրազեկված չի լինում, բավարար չափով չեն տրվում մարդկանց հուզող բոլոր հարցերի հնարավորինս սպառիչ պատասխանները: Հետեւաբար, նախագահ Սարգսյանն անձամբ մասնակցելով իրազեկման գործընթացին, իր ժողովրդին բացատրեց, որ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը եւ նրա կատարումը այլընտրանք չունի, որ, այո, եթե այսօր այն առանձնապես գրկաբաց չի ընդունվում, ամենեւին չի նշանակում, թե այն չի կարելի ընդունել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ՀՀ նախագահը որոշեց այսպես կտրուկ դնել հարցը եւ չանսալով մարդկանց բողոքի ձայնին, երիտասարդների դժգոհությանը, ցույցերին եւ հանրահավաքներին, շեշտեց, որ ուզեն թե չուզեն, կուտակային կենսաթոշակի մասին օրենքը գործելու է, Մարգարիտ Եսայանն ասաց. «Նկատենք, որ ՀՀ նախագահը բավականին անկեղծացավ իր պատասխաններում եւ քաղաքական կամք դրսեւորելով, անգամ ասաց, որ գիտակցում ենք, որ այս օրենքի ներկայացմամբ մենք քաղաքական ռեսուրս ենք կորցնում, գիտակցում ենք, որ մարդկանց մեծ մասը դժգոհ է , բայց եւ վստահեցնում ենք, որ այն իր պտուղները տալու է եւ երիտասարդները արդեն ավելի հասուն տարիքում, կենսաթոշակի անցնելով են միայն ամբողջությամբ ընկալելու եւ ըմբռնելու այս համակարգի դրական ազդեցությունը:Իրականում, սա կարելի է համարել ապագային միտված օրենք»:

Տիկին Եսայանից հետաքրքրվեցինք նաեւ, արդյոք նույնքան կտրուկ չէ՞ր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն ՄՄ-ին` Հայաստանի անդամակցության մասին, քանի որ այս հարցում եւս, կարծես ակնհայտ է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ձգտում է ոչ թե ՄՄ , այլ` դեպի Եվրոպա: Ի պատասխան մեր այս հարցի՝ պատգամավորն ասաց. «Իսկ ինչու ` կտրուկ, իմ գնահատմամբ, բավականին բաց էր եւ անկեղծ, այն ամենը ինչ ասաց Սերժ Սարգսյանը, այո, ՄՄ-ին անդամակցենք, թե ոչ, լայն սպառման առարկաների գների կտրուկ աճ չի լինելու, իսկ վա՞տ է, որ գների կտրուկ աճ չի լինելու, կամ մի՞թե գաղտնիք է, որ մի շարք քաղաքական ուժեր, որոշ նեղացած գործիչներ շարունակաբար խոսում են, փորձելով լուն ուղտ ներկայացնել, սա նույնպես հայտնի է, եւ նախագահը խոսեց այն մասին, ինչն իրականություն է: Մնացածը` նեղ անձնական կամ նեղ-քաղաքական խաղիկներ են, որոնք օգտագործելով, որոշ անձինք եւ քաղաքական կապիտալից զուրկ ուժեր փորձում են իրենք իրենց պահել հրապարակի վրա: Ի դեպ, կարծում եմ, հարկ չկա հիշեցնել, որ խաղիկը բանահյուսական ժանրից է եւ ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Զարմանալի է: Ինչպես են կարողանում ՀՀԿ-ում ընդամենը 1 տարում նորմալ մարդկանց զոմբիացնել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728