Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 16 հազար մարդ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք գրանցվել է Հայաստանում. ինչո՞ւ

Մարտ 07,2014 14:20

Հարցազրույց Հայաստանի «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, առաջին քաղբանտարկյալ, հրապարակագիր Մերուժանի հետ

– Ի՞նչ զարգացումներ կլինեն Հայաստանի ներքաղաքական կյանքում:

– Մարտի 1-ին առաջին նախագահի ելույթից հետո բավական փոխվեց միտինգի մասնակիցների տրամադրվածությունը: Դեպի լավը. հուսադրող էին, կողմնորոշող էին: Ի դեպ, ասեմ, որ բավականին իրենց շոյված զգացին այն կուսակցությունները, որոնք միասնական ձեւով իշխանափոխություն են ցանկանում: Զարգացումները տանում են իշխանափոխության:

Իշխանությունը թուլացել է, օրենքները հետ են ընկնում, հասարակության պահանջները մեծ են, չկա այն մտավոր ռեսուրսը, որը կարող է առաջ մղել հասարակությանը եւ հզորացնել պետությունը: Զարգացումները կգնան ոչ հեղափոխական ճանապարհով, բայց անպայման իշխանափոխության ճանապարհով: Այդ ճանապարհը կսկսվի վարչապետի հրաժարականով, ապա՝ նախագահի: Եթե այս երկուսը տեղի չունենան, հին տոմարացույցով գործի այսօրվա նախագահը, զորք, զենք, ոստիկանություն աշխատեցնելով միայն՝ պարտության կմատնվի: Որովհետեւ այսօր ճեղքվածք կա ոստիկանությունում, բանակում, անվտանգության ծառայությունում, մեծ մասը սկսել է համակրել ընդդիմությանը: Այսպես եղավ Ուկրաինայում, այդպես էլ լինելու է Հայաստանում: Ի տարբերություն ուկրաինացիների, մենք՝ հայերս, պետք է ջանանք զոհեր չտալ: Ամեն գնով պիտի աշխատենք զոհեր չտալ, որովհետեւ մեզ վայել չէ եղբայրասպանության միջոցով արյունաքամ լինել: Մեզ պատիվ չի բերի արյունահեղությունը: Հեղափոխության մասին մի այսպիսի ձեւակերպում կա. հեղափոխությունը մեքենա է՝ արյան շոգիով աշխատող: Այս շոգեքարշը հասարակության արյան շոգիով կանցնի եւ հասարակությունն իր պահանջին կհասնի հաղթանակելով, քանզի այս կառավարությանն անպայման անկում է սպասվում:

– Մերուժան, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հեռանկարում ուրվագծվող պատերազմը կարո՞ղ է էականորեն փոխել մեր պետական-քաղաքական կարգավիճակը:

– Ուկրաինայում ռուսական զորքի առաջխաղացումը ցասում առաջացրեց նաեւ հարեւան երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների մեջ: Նրանք եկել են օգնելու Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա՛ ազատագրվել Ռուսաստանից: Ավելացնեմ, որ Ղրիմի թուրքալեզու զանգվածը երբեք չի ցանկանա դառնալ ռուսական հեգեմոնիայի նպատակ:

– Խրուշչովյան սխալը ուղղելու ժամանակը չէ՞:

– Ղրիմը թուրքական տարածք է եղել դեռեւս 250 տարի առաջ: Այն եղել է թուրքական պետության ներսում: Իսկ ավելի վաղ ժամանակներում այն եղել է հունական: Օդեսան Ոդիսեւսի քաղաքն էր, Ստավրոպոլը՝ «Խաչերի քաղաքը», նույնպես հունական է եղել: Սեւաստոպոլը, Սիմֆերոպոլը՝ նույնպես: Պատմական անցյալից, երբ գալիս ենք, տեսնում ենք, որ Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի ունեցել: Պատմական փաստերը վկայում են, որ ամբողջ Ղրիմը նախաքրիստոնեության շրջանում պատկանելիս է եղել Էլլադային:

– Իսկ այն, որ Ղրիմի եւ Արցախի միջեւ զուգահեռներ են տարվո՞ւմ:

– Տարօրինակ զուգահեռներ պետք չէ տանել: Ղարաբաղ բառը, որ մենք դրել ենք այսպես կոչված երկրորդ հանրապետության ճակատին, ինքնին ամոթ է, քանզի այն ադրբեջաներեն է: Մի՞թե մենք չունենք այդ տարածքի հայահունչ անուն, եթե այն իրավ ճանաչվում է որպես Հայաստան աշխարհի անբաժանելի մաս:

– Արցախ ենք ասում:

– Ի՞նչ է նշանակում Արցախ: Ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Արցախ. դրանք հայկական չեն: Միգուցե մենք հեռավոր պատմությունից բերենք նոր անուն եւ նրանով անվանակոչենք այսօրվա Արցախը: Այսօր աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս եւ ինքնավար ինչ-որ բան: Ուկրաինայում ավելանում են ուկրաինացիները, ավելանում են Ղրիմի նախկին բնակիչները, մինչդեռ Ղարաբաղը լքում են այն ղարաբաղցիները, ովքեր պետք է ապրեին եւ պաշտպանեին իրենց երկիրը: Ավելի քան 16 հազար մարդ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք գրանցվել է Հայաստանում: Ես ապշում եմ. ինչո՞ւ: Եթե մենք պատերազմող երկիր ենք, ինչո՞ւ են նրանք լքում իրենց ծննդավայրը, որը պաշտպանելու համար առաջին հերթին իրե՛նք պիտի կանգնեին: Ինչո՞վ է պատճառաբանված այդ արտագաղթը: Ավելին ասեմ՝ Ղարաբաղի նախկին, որ է Հայաստանի ներկայիս իշխանությունները, կարծես թե ձգտում են Ղարաբաղը դարձնել հայաստանաբնակ հայերի աքսորավայր, այնտեղ ամեն ինչ տալ նրանց, միայն թե շահագրգռեն, որպեսզի վերջիններս լքեն իրենց հայրենի հողը՝ Հայաստանը եւ գնան Ղարաբաղում ապրելու: Իսկ ղարաբաղցիները գան այստեղ իշխելու: Ի՞նչ է սա: Ինչպես Ղրիմում, այնպես էլ ամբողջ Ուկրաինայում նման բան տեղի չի ունենում: Ուկրաինացիներն ամուր կանգնած են իրենց հողին եւ պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը:

– Մարզերից էլ մեծ հոսք կա, ինչո՞ւ սեւեռվենք միայն Ղարաբաղի վրա:

– Չեմ առարկում: Նրանք հայաստանաբնակ հայեր են, որոնք գյուղերում ունեն իրենց տները եւ այստեղ քիչ թե շատ աշխատելով, ի վերջո վերադառնում են հայրական օջախ: Իսկ այդ մարդիկ իրենց հայրական օջախն են լքել, իրենց այսպես կոչված երկրորդ հանրապետությունը: Եկել են ի՞նչ անելու: Հայաստա՞նը գրավելու: Հայաստանն իր զորքը տանում է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը, ղարաբաղցիներն էլ գալիս են Հայաստանում հաստատվելու: Պարադոքսալ է հնչում:

– Մենք խոսում էինք 4 կուսակցությունների համախմբման մասին, որոնք առաջին նախագահի հետ են գործում: Ասում էիք, որ համակրում են ընդդիմությանը: Չէ՞ որ 4 կուսակցությունները Ռոբերտ Քոչարյանին բերեցին, եւ հեռահար նպատակն էլի մեկն է՝ վարչապետի աթոռին վերադարձնելը:

– Համոզված եղեք՝ նման բան չկա: Ռոբերտ Քոչարյանը չի կարող այլեւս համակրելի լինել: Իմ հայրենիքի գլխավոր կեղեքիչներից մեկն է:

Մարդ, որը ոչինչ չունենալով, իր ոտքը դրեց Հայաստան եւ մի ամբողջ Հայաստանի հարստություն դիզեց:

– Իրեն բերեցին:

– Թող լինի ներկրված: Ի վերջո, նրան բերել էին, որպեսզի ներդաշնակություն առաջանար Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Նա իր գործունեությամբ խեղեց այդ ներդաշնակությունը: Այսօր, ի դեմս ղարաբաղցիների՝ չունենք այն համակրելի համայնքը, ինչպիսին ունեինք ժամանակին:

– Ի՞նչ է նշանակում դա:

– Ինչո՞ւ չեն սիրում իրենց հողը: Ռոբերտ Քոչարյանը նույնպես չի սիրում իր հողը: Եթե նա սիրեր իր հայրենիքը, Հայաստանում իր նախագահական առաքելությունն ավարտելուց հետո թերեւս կգնար Ղարաբաղ, այնտեղ կղեկավարեր: Նա սիրահոժար եկավ Հայաստանը ղեկավարելու՝ հեռահար նպատակներով, եւ նրա միջոցով ղարաբաղյան կլանը իշխանություն հաստատեց այստեղ: Ողբերգությունն այս է:

– Հոգեւոր ազդեցությունների ինչպիսի՞ դրսեւորումներ կտեսնենք:

– Մենք եթե ունենանք լուրջ իշխանություն, կայուն հարաբերություններ կստեղծենք բոլոր մեր հարեւանների հետ՝ անկախ նրանց դավանանքից: Ժողովուրդները թշնամիներ չեն կարող լինել, թշնամանում են պետության միջոցով, պետությունների բախման դեպքում: Իսլամն ավելի կարծր, դոգմատիկ կրոն է, քրիստոնեությունը հումանիստական կրոն է: Ասեմ ավելին. զարմանալի է, որ մոտ 30 աղանդ ազատորեն գործում է Հայաստանում: Իսկ Առաքելական եկեղեցին փոխարեն իր դերը բարձրացնի, հաստատվի, ամրանա՝ ընկրկում է վերոհիշյալ շարժումների առաջ:

– Բայց մենք հռչակել ենք խղճի, դավանանքի ազատություն եւ գրանցել պետական կառույցներում ձեր ասած աղանդներին՝ որպես կրոնական կազմակերպություններ:

– Խղճի, դավանանքի ազատությունն ամենեւին չի նշանակում հնարավորություն տալ մարդկանց, որ իրենց աղանդները վերցնեն եւ աղանդավորների միջոցով ներխուժեն մարդկանց տները, հրամցնեն իրենց թերթոնները: Ինչո՞ւ են անում:
Առաքելական եկեղեցին ամեն միջոց պետք է ձեռնարկի ոչ թե եկեղեցական կառույցների թիվն ավելացնելու, այլ իր դերը բարձրացնելու համար: Եկեղեցիների թիվն ավելացնելով՝ եկեղեցո՛ւ դերը չի բարձրանում: Մենք չունենք լուծը քաշող հոգեւորական՝ սկսած մեր Հայրապետից մինչեւ վերջին սարկավագը: Շվայտությամբ, զեխությամբ եւ այլ զբաղմունքների փոխարեն եկեղեցին պետք է քարոզչական հստակությամբ մատուցի իր քրիստոնեական գաղափարը՝ ժողովրդին եւ հավատացյալներին բարության եւ առաքինության մղելու:

– Ի՞նչ կարող է անել հոգեւորականը, որն ամեն օր Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում է եւ աղոթում է վիրտուալ:

– Չեմ առարկում: Մենք ունենք կաթոլիկ եկեղեցի, որն ամուր է կանգնած Սուրբ Ղազարում: Կաթոլիկ հոգեւորականն ավելի հաստատուն, ավելի լուրջ է, ավելի նվիրված է իր հավատին, քան մենք: Դավանաբանական բազմաթիվ հոսանքների մեջ այսօրվա Հայ առաքելական եկեղեցին հաստատուն բնույթ չի կրում. ինչո՞ւ: Չեմ ուզում անդրադառնալ մեր հարուստների դրած նպաստին, որ փողը դնում են միայն երեւալու համար: Դա փարիսեցիություն է: Փողը դնում են ժողովրդի բարօրության համար, այդ բարօրությամբ էլ դեպի Եկեղեցի տանելով: Ինձ թվում է՝ Հուդան օլիգարխ է եղել: Ինչպես գիտենք, նա 11 առաքյալներին եւ իր վարդապետին դավաճանեց: Հուդան աթեիստ էր: Նրա համար գոյություն չունեին հայրենիքի, արյունակցության, բարեկամության գաղափարները: Այս գաղափարները աճուրդի էին հանված հանուն մամոնայի՝ 30 արծաթով: Այսպիսին են նաեւ այսօրվա հուդաները, որոնք իրենց ներկայացնում են իբրեւ օլիգարխներ: Իրականում նրանց անձնական շահը ամեն ինչից գերադասելի է իրենց համար: Հարուստը պետք է իրականում իրեն համարի հարուստ միայն այն դեպքում, երբ իր ստեղծած հարստությունից հավասարապես օգտվում են նաեւ ընչազուրկները, խեղճերը, հալածվածները:

– Ունեւորը կարո՞ղ է հեղափոխություն անել. օրեր առաջ հնչեց, թե Ծառուկյանը կարող է բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել:

– Միշտ եւ ամենուր բացառություններ լինում են: 11 առաքյալներն ընդունեցին, իսկ մեկը բացառություն էր՝ ուրացավ: Շահի գայթակղությունը ժառանգական հիվանդություն է բոլոր ազգերի կյանքում: Մաքիավելին ասում է՝ որդիները կարող են ներել նրան, ով սպանել է իրենց հորը, սակայն չեն կարող ներել նրան, ով տիրում է իրենց հոր թողած կալվածքին: Մենք ունեցել ենք անշահախնդիր հարուստներ եւ ունեւորներ, որոնք իրենց ունեցվածքը բաժանել են չքավորներին եւ դրանով սովից փրկել ժողովրդի որոշ հատվածներ:
Հավանաբար, տեղին կլինի հիշել Վանո Սիրադեղյանին. «Հայերը սիրում են պատմական հայրենիքը, որովհետեւ այն խնամքի կարիք չունի»:

Մեզ հոգատար մարդիկ են պետք: Նվիրյալներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Spartak says:

    Շատ հավանեցի հարցազրույցը: Մերուժանին չեմ ճանաչում, բայց մեծ տպավորություն թողեց : Պատասխանները շատ խելացի էին, ասելիքը՝ շատ:

  2. Ռոբերտ Մաթևոսյան says:

    Հարգելով պ-ն Մերուժանի անցած ճանապարհը, կփորձեմ ավելի նուրբ ձևակերպել իմ մոտեցումները.
    Ղարաբաղ-Արցախի վերաբերյալ. մեջբերեմ Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը Արցախի մասին. , կոնկրետ ինձ համար Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղը և Մարտակերտի շրջանի սահմանամերձ բնակավայրը հայրենիքի մի մասնիկն են: Ինչ է նշանակում հետևյալ միտքը. : Ես ծնվել և մեծացել եմ Երևանում: Ծնողներս, պապերս և ապուպապերս ղարաբաղցի չեն եղել: Եղել եմ ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Եռաբլուրում են հանգչում իմ բազմաթիվ ընկերներ, մի շարք ընկերներ էլ անհայտ կորած են: Նրանք իրենց ամենաթանկը` կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատագրմանը, չպահենք? մեր հողերը, չարարենք? մեր տարածքներում: 10-15 հազար բնիկ հայաստանաբնակներ են եկել և Արցախում հաստատվել, դա դուք ներկայացնում եք որպես ազգային տրագեդիա: Իսկ այն, որ 300-500 հազար հայաստանաբնակներ տեղափոխվել են Ռուսաստան, կարծես Ձեզ չի հուզում: Կարող եմ հերթով ամեն մի Ձեր միտք քննարկել, ծավալված չլինելու համար սահմանափակվում եմ այսքանով…
    Հ.Գ.- անունս և ազգանունս իրական են.

  3. Ռոբերտ Մաթևոսյան says:

    Լեոնիդ Ազգալդյան.

  4. Ռոբերտ Մաթևոսյան says:

    Բաց է թողնվել Ձեր խոսքերից մեջբերումը. :

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31