Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք չդոփենք տեղում

Մարտ 07,2014 14:05

Ինձ զարմացնում է Գառնու տաճարի մերձակա տարածքի շուրջը երկրում առաջացած աղմուկը: Առիթը անտիկ շրջանի տաճարից ավելի քան 90 եւ բաղնիքից 20 մետր հեռու շարժական ու բացօթյա, շարժական հենարանների վրա սեզոնային սրճարանի եւ հանգստի կազմակերպման նախագիծն էր, որը սկսել էր իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ամռանը երկու անգամ եղել եմ Գառնիում, մեկ անգամ ընտանիքիս, մյուս անգամ` հյուրերի հետ: Երեկոյան ուզում էինք նստել, վայելել երաժշտության տակ երեկոյան գունային երանգներով ողողված անտիկ տաճարի հրաշքը, մի քանի ժամ մնալ հեթանոսական տաճարի տարածքում, սակայն տարրական սպասարկման բացակայությունը ստիպեց, որ շտապ հեռանանք: Ընդհանրապես, Հայաստան եկող զբոսաշրջիկները դժգոհ են երկրում սպասարկման մշակույթի ցածր որակից: Մեկ անգամ մեր երկիր այցելողը երբեք երկրորդ անգամ չի գալիս: Այս ոլորտում մենք զգալի ետ ենք մնում մեր հարեւան Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից:
Մշակույթի նախարարության մասնագիտական խորհրդի կողմից թույլատրված նախագծի իրականացումը առաջացրել է մի շարք կազմակերպությունների ու անհատ մարդկանց դժգոհությունը: Ընդհանրապես, վերջին շրջանում հասարակության տարբեր շերտերում դժգոհության ալիք է առաջացնում իշխանական որոշ մարմինների կողմից ձեռնարկվող ցանկացած նախաձեռնություն: Հասկանալի է, որ պատճառը սոցիալական համընդհանուր իրավիճակն է:

Գառնու տաճարի տարածքում շինարարություն իրականացնելու խնդրով ելույթ են ունենում կազմակերպություններ, խմբեր, անհատներ… չբավարարվելով դրանով, կոնկրետ քայլեր են ձեռնարկում շինարարական աշխատանքները խափանելու ուղղությամբ:
Ես այս խնդրում անշահախնդիր կողմ եմ, ուստի եւ հանրությանն առաջարկում եմ ճիշտ կողմնորոշման համար իմ դիտարկումները:

Անտիկ շրջանի մեր հանրապետության տարածքում այս եզակի հուշարձանի հետ կապված թոհուբոհը հիշեցնում է ոչ անցյալում Գանձասարի վանքի պարսպի խնդրի շուրջը մամուլում ու սոցցանցերում բարձրացված աղմուկը: Բայց երբ ես հին լուսանկարների իմ հավաքածուի մեջ (www.avetis.org ) գտա 1910 թ. ռուս հռչակավոր լուսանկարիչ Երմակովի փլուզված ու ավերակ պարսպով Գանձասարի վանքի պատկերը, ամեն ինչ պարզ դարձավ: Իսկ անտեղի աղմուկի տակ քողարկված էին մարդկային պարզ հարաբերություններ. մեկը վիրավորվել էր, որ մյուսը չի հովանավորել իր ձեռնարկը, հարմար էր գտել վրեժ լուծել վանական «պարսպով»:

Հիմա գանք «Գառնիի» շուրջը առաջացած թոհուբոհին: Ես այստեղ տեսնում եմ մի քանի խմբերի շահերի բախումը: Այսօրվա գյուղապետերը «իրենց տարածքում» եկամուտ բերող ինչ էլ հիմնվի, պետք է շահաբաժին ունենան ու կարողանան իրենց «տանիք» հանդիսացող վերադասին էլ շահույթից պարբերաբար մաս հատկացնել: Փորձել ժխտել սա` իմաստ չունի: Երկրում հաստատված կարգ է ու այն կոռուպցիոն համակարգի մեջ է: Իսկ տվյալ դեպքում ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը ոնց որ թե ուզում է խախտել ընդունված կարգն ու գյուղապետի հավակնությունները չի ընդունում: Չգիտեմ, հնարավո՞ր է դա:

Գործին խառնված «Հայ զբոսավարների միությունը», սննդի բոլոր այն կետերից, որտեղ զբոսաշրջիկ են տանում «լանչի», շահաբաժին են ստանում: Իսկ պարզվում է, որ այստեղից նրանք ոչինչ չեն ստանա: Դեռ ավելին, ասենք, երեք զբոսաշրջիկ տաճարի տարածք բերելիս գիդ-ուղեկցողներն ամեն ինչ անում են, որ մուտքի տոմս չգնեն, բայց օրենքը օրենք է բոլորի համար: Այս հանգամանքն էլ նպաստել է կազմակերպությունների միջեւ հակամարտության թեժացմանը:

Ինչպես Գանձասարի դեպքում էր, նախագծի իրականացմանը «խառնվել» են հասարակական ու պետական գործիչներ, մասնագետներ ու ոչ մասնագետներ: Ամեն մեկը կարծում է, որ իր խոսքն է կարեւորը: Ինձ հետաքրքրեց, օրինակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, իմ կողմից շատ հարգելի Հայկ Դեմոյանի խոսքն ընդդեմ սեզոնային այս սրճարանի բացմանը: Անշուշտ, նա իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը այս հարցում, սակայն մի պահ ես հիշեցի, որ իր ղեկավարած ինստիտուտ-թանգարանի տարածքում գտնվող ռեստորաններում միշտ հնչում է ժամանակակից արեւելյան երաժշտությունն իր գռեհիկ դրսեւորումներով: Գուցե դա այսօր եկամտաբեր է, բայց Եղեռնի հուշարձանի տարածքում կա մի սահման, որտեղ լսվում է թե՛ Կոմիտասի կամ Եկմալյանի մեղեդին, եւ թե՛ արաբական պորտապարի երաժշտությունը…
Ինձ մտահոգեց հնագետ, արցախյան Տիգրանակերտ բերդաքաղաքը պեղող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքը՝ սրճարանին հատկացված տարածքի հնագիտական շերտերի ուսումնասիրված չլինելու մասին: Որոշեցի այս հարցով դիմել ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին: Նա հայտնեց, որ նշված տարածքում մշակութային շերտեր ու շինարարական մնացորդներ չկան, քանի որ այն ի սկզբանե Գառնու տաճար տանող ճանապարհի մաս է կազմել:
Այս տողերը գրելուց հետո կրկին Գառնի մեկնեցի: Բարձրացա այն տարածքը, որի շուրջը ընթանում է տաք բանավեճը: Պատկերացրի, որ այստեղ տեղադրված լիներ գեղեցիկ դիտահարթակ, որտեղից հանդիսատեսը մասնակից կլիներ մշակութային տարբեր միջոցառումների, կառնչվեր անցյալին, պատմական իրադարձություններին, մեր զորեղ արքաներին, ի վերջո, այսօրվա հեթանոսական քուրմերի կազմակերպած ծեսերի, տոնախմբությունների…

Եկեք չդոփենք տեղում, ավելի առողջ նայենք իրականությանն ու առաջ գնանք…

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շահեն Զեյթունցյան says:

    Սիրելի ընկեր, եթե ցանկանում ես դուր գալ մշակույթի նախարարին կամ մեկ այլ չինովնիկի, խորհուրդ կտայի օգտվել սապոնից կամ մածունից, որոնք չեն վնասի մեր մշակութային ժառանգությանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31