Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապօգնության մեքենաները շուտով կանչ կստանան պլանշետների օգնությամբ»

Մարտ 19,2014 14:32

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները եւ ներկա իրավիճակը:

Ծրագիրը ՀՀ կառավարության որոշմամբ գործարկվել էր 2010 թվականին: Նախատեսված է ավարտին հասցնել՝ 2014-ի ընթացքում:

ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ծրագրի շրջանակներում, 2010 թվականին Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի մարզերի 6 բժշկական կենտրոններին տրվել են բժշկական մեքենաներ: 2011 թվականին Չինաստանը դրամաշնորհով նվիրել է 88 մեքենա՝ 52-ը՝ Երեւանին, 36-ը՝ մարզերին:

Չնայած ձեռնարկված միջոցներին, տրանսպորտի խնդիրը դեռեւս մարզերում կա: Տիկին Յուզբաշյանը հայտնեց, որ տրանսպորտային միջոցների անբավարար քանակության պատճառով շատ մարզերում դեռեւս օգտագործվում են խորհրդային տարիներից մնացած մեքենաները. «Աշխատանքներ են տարվում խնդրի հիմնավոր լուծման նպատակով»:

Տիկին Յուզբաշյանը տեղեկացրեց, որ կատարելագործվել է մասնագետների վարձատրման համակարգը: Հաստատվել են շտապօգնության վարձատրման նվազագույն դրույքները. «Բժշկի միջին աշխատավարձը կազմում է 102.000- 119.000, բուժքրոջը՝ 85.000-90.000, իսկ վարորդինը՝ 79.000- 85.000 հազար դրամ»:

Մասնագետների կրթությունը ծրագրի շրջանակներում նույնպես հաշվի է առնվել: Առողջապահության նախարարի հրամանով բոլոր մասնագետները՝ բժիշկները, բուժքույրերը, վարորդները, վերապատրաստվել են հաստատված կրթական նոր ծրագրերով:

Սակայն, բանախոսի պնդմամբ, երեխաների բուժօգնության հարցում դեռեւս առկա են խնդիրներ: «Երեւանում մանկաբուժական կանչերը ընդհանուր կանչերի 9 տոկոսն են կազմում, իսկ մարզերում՝ 7 տոկոսը: Սակայն երեխաների անվտանգության համար, նախարարի հանձնարարությամբ, շտապօգնությունում ունեցած 33 մանկաբույժների օգնությամբ Երեւանում եւ մարզերում պետք է ձեւավորել մանկաբուժական բրիգադներ, որոնք մանկաբուժական կանչեր կիրականացնեն»:

Բանախոսը ներկայացրեց, որ եթե 2011 թվականին շտապօգնության կանչից հետո հոսպիտալացմամբ ավարտված դեպքերը Երեւանում 22 տոկոս են կազմել, ապա 2012-ին դեպքերը եղել են 16 տոկոս, մարզերում 2011-ին եղել են 13 տոկոս, իսկ 2012-ին՝ նվազել մինչեւ 6 տոկոս. «Այսինքն, սա շտապօգնության արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքն է»:

Շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը ներկայացրեց համակարգի մշակող Սեւակ Մինասյանը: Նրա խոսքերով՝ նոր համակարգը նախատեսված է շտապօգնության գործունեության հեշտացման եւ արդյունավետության բարձրացման համար: Արդեն ներդրված GPS վերահսկման համակարգի միջոցով, առցանց ռեժիմով՝ www.1.03.am կայքում, հնարավոր է ստանալ տեղեկատվություն մեքենաների գտնվելու վայրի եւ շարժի մասին:

Համակարգը նախատեսված է ողջ հանրապետության համար: «Այն լուծում է տեղեկատվության արագ փոխանցման խնդիրը: Կանչ ընդունող դիսպետչերի եւ բրիգադի միջեւ անմիջական կապ է ստեղծում՝ էլեկտրոնային թերթիկի փոխանցման միջոցով: Այս ամենը իրականացվելու է ՇՕ մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով: Բրիգադները կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակները կստանան եւ հնարավորություն կունենան ծանոթանալու հիվանդի բժշկական պատմությանը»:

ՀՀ ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանն էլ ասուլիսի ժամանակ ասաց, որ նախկինում շտապօգնությունը հագեցած չէր այն բոլոր սարքավորումներով եւ որակյալ մասնագետներով, որքան այսօր. «Մենք այլեւս չունենք թե՛ կադրերի, եւ թե՛ մեքենաների հետ կապված խնդիրներ: Հիմա հաստատում ենք, որ Հայաստանում շտապօգնության ծառայությունը հագեցված է ե՛ւ մեքենաներով, ե՛ւ բուժտեխնիկայով, ե՛ւ որակյալ մասնագետներով: Այս ամենը, կարող եմ ասել, տեղի է ունեցել հենց այս արդիականացման ծրագրի շնորհիվ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31