Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտելացած նախաապրիլքսանչորսյան բարի լուրերին

Ապրիլ 15,2014 14:37

Իսկ ապրիլի 24-ից հետո, որպես կանոն, հիասթափվում ենք

Ապրիլի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը շրջանառության մեջ դրեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նոր օրինագիծ, որով նախանշվում էր, որ ԱՄՆ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ աշխատանքները պետք է տանի այն հենքի վրա, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանության փաստը: Օրինագիծը ԱՄՆ նախագահին կոչ է անում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ աշխատանքները տանել արդարության, կառուցողական, կայունության, ամրապնդման ուղղությամբ՝ ներառյալ, որ Թուրքիայի կառավարությունը ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանության փաստը:
Ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունեց: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո բանաձեւը պետք է քննարկվի նաեւ Սենատի նիստում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագիծ, որին հինգ տասնյակ կոնգրեսականներ են միացել:

Մեկ օր անց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Յեն Փսաքին անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին՝ նշել էր. «Մենք հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում եւ սգում ենք մեկուկես միլիոն հայերի կորուստը, որոնք կոտորվել են կամ մահվան աքսորի են քշվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այս սարսափազդու իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի դաժանագույն վայրագություններից մեկին: Եվ ԱՄՆ-ը ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են հսկայական ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին եւ հայկական ծագում ունեցող մարդկանց, ինչպես եւ մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային արժեքները»: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին՝ Փսաքին նկատել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել երկու կողմերին միասին աշխատել՝ հասնելու համար փաստերի լիակատար, անկեղծ եւ արդար ճանաչման. «Մենք կարծում ենք, որ իրենց ընդհանուր պատմության հետ կապված հարցերը լուծելու համար միասին աշխատելով՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են նպաստել ողջ Կովկասյան տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը, այդ պատճառով մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ հարցում»: Պետքարտուղարության խոսնակի խոսքով` չնայած արձանագրությունների հարցում այժմ առաջընթաց չկա, իրենց մեծագույն շահն այս հարցում այն է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջ շարժվեն դեպի անվտանգ եւ բարգավաճող տարածաշրջանի միասնական ապագա:
Ինչպեսեւ կարելի էր սպասել, Անկարան կոշտ արձագանքեց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ վստահեցնելով. «Թուրքիայի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ: Մենք հույս ունենք, որ նրանք դա չեն ընդունի»: Այնուհետեւ՝ ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե ընդունելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը՝ հանձնաժողովը դուրս է եկել իր իրավասության շրջանակից: Պաշտոնական Անկարան ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը համարում է «քաղաքական շահարկում, որը աղավաղում է պատմությունը եւ օրենքը», եւ դատապարտում «նրանց, ովքեր առաջնորդել են այս կանխակալ նախաձեռնությունը, որը զուրկ է որեւէ իրավական հիմքից»: Անկարան վստահեցնում է, թե հայ-թուրքական երկխոսության միջոցով «Առաջին աշխարհամարտի մարդկային մեծ տառապանքների ընթացքում տեղի ունեցած 1915թ. ողբերգական իրադարձությունների արդար հիշողության հասնելու» հնարավորությունը «ուսումնասիրվում է մանրակրկիտ կերպով եւ իր բոլոր չափումներով»: «Այդ համատեքստում Պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, որն արտացոլված է նաեւ թուրք-հայկական արձանագրություններում, դեռեւս մնում է օրակարգում»,- հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը: Անկարան նաեւ ԱՄՆ Կոնգրեսին խորհուրդ է տալիս ջանքերն ուղղել «ներկայիս հանգամանքներում առավել քան երբեւէ կարեւոր»՝ ամերիկա-թուրքական «պատմական դաշինքի եւ գործընկերության ամրապնդմանը»՝ երկկողմ կապերը վնասելու փոխարեն, եւ կանխել այս եւ նման այլ բանաձեւերի նախագծերի հետագա առաջխաղացումը:

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, այնուհետեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառության մեջ մտած բանաձեւի նախագիծը, որը ԱՄՆ նախագահին կոչ է անում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ամբողջովին ընդունելու հենքի վրա, որպես լոբբիստական աշխատանքի արդյունք, իհարկե, դրական է, սակայն միամիտ կլինի կարծել, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այս նախագծի արդյունքում կասկածի տակ դրվեն:
Առհասարակ՝ մենք, կարծես, ընտելացել ենք նախաապրիլքսանչորսյան` մեզ համար բարի լուրերով ոգեւորվելով, հետո ապրիլի 24-ից հետո հիասթափվելով: Ինչպես նախորդ տարիներին` այս ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ Թուրքիայում, տարբեր մայրաքաղաքներում բողոքի ակցիաներ կանցկացվեն Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մենք ազգովի կսպասենք, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում 1915թ. հայերի ցեղասպանության առիթով կարտասանի՞ գենոցիդ բառը, բայց նա այս տարի եւս կօգտագործի Մեծ Եղեռն՝ «Meds Yeghern» արտահայտությունը, որը հայերիս համար նույն ցեղասպանության փաստի արձանագրումն է:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ մենք որպես անկախ, ինքնիշխան պետություն այսօր ի՞նչ հաջողություններ ենք արձանագրում, գոնե մեր տարածաշրջանում Հայաստանի նշանակության ու ազդեցության մեծացման ուղղությամբ ձեռքբերումներ ունենո՞ւմ ենք… Կարծես, ճիշտ հակառակը` անդամակցեցինք Մաքսային միությանը, որպեսզի «ռուսը թուրքից մեզ փրկի» ու «մեր սահմանները անվտանգ պահի»…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930