Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում Թուրքիան

Մայիս 07,2014 14:50

Իշխող ՀՀԿ ներկայացուցիչը կոնկրետ քայլեր է ակնկալում. բայց եթե Թուրքիան հաշտեցման նոր գործընթաց է ուզում՝ քաղաքագետը մերժում է դա
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին ես դեմ չեմ, բայց ի՞նչ նկատի ունի Դավութօղլուն՝ վերադառնալ արձանագրությունների՞ն, թե՞ ինքն ինչ-որ նոր բան է առաջարկում: Նա պետք է փակագծերը բացի: Եթե Թուրքիան ասում է՝ շանս կա այդ գործընթացը վերականգնելու, այո, շատ հեշտ շանս է՝ Թուրքիայի պառլամենտը վավերացնում է արձանագրությունները, դա մեխանիկորեն արդեն նշանակում է գործընթացի սկիզբ, որը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք. օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին եւ երկխոսության կոչ է արել Թուրքիային եւ Հայաստանին: Բրիտանական The Guardian պարբերականում շաբաթ օրը հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։ Դավութօղլուն, այդուհանդերձ, որեւէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին: Դավութօղլուն իր հոդվածում հավելել է, թե Անկարան այժմ տեսնում է «2009 թվականի հաշտեցման եւ համագործակցության բաց թողնված հնարավորությունը վերագտնելու շանս»: «Վարչապետ Էրդողանի հայտարարությունը այս ուղղությամբ արված աննախադեպ եւ համարձակ քայլ է»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Ես համարում եմ, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է տարանջատվի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու եւ սահմանը բացելու խնդիրներից: Ցեղասպանության խնդիրը շատ կարեւոր եւ քաղաքական խնդիր է, բայց, այնուհանդերձ, այն գտնվում է պատմական դաշտում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում Թուրքիայի ղեկավար անձանց կողմից հնչող նման հայտարարություններն, իր համոզմամբ, ուղղակիորեն կապված են Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ. «Քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մեկ տարի է մնացել, ակնհայտ է, որ շատ երկրներ կճանաչեն այդ փաստը, ինչը կլինի Սփյուռքի եւ ՀՀ իշխանությունների կամքից ու ձեռնարկած քայլերից ակամա: Թուրքիայի վերջին տարվա վարած քաղաքականությունը բերեց նրան, որ բոլոր հարեւանների հետ հարաբերությունները սրվեցին: Ընդհանուր առմամբ շատերը գոհ չեն, որ Թուրքիան ուժեղանում է, եւ ակնհայտ է, որ այդ երկրները՝ Իսրայելը, Եգիպտոսը, Սիրիան եւ մի շարք եվրոպական երկրներ, Ցեղասպանության ճանաչումը կօգտագործեն Թուրքիայի դեմ՝ անգամ եթե Հայաստանն ու Սփյուռքը ջանքեր չգործադրեն»: Ստեփան Գրիգորյանը վստահեցնում է, որ դա հասկանալով է Թուրքիան փորձում ինչ-որ քայլեր անել, ու նկատում է, որ հակաքայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Թուրքիան առավել խելամիտ կլինի, եթե վավերացնի արձանագրությունները՝ դրանով էականորեն նվազեցնելով լարվածությունը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս պետք է արձագանքի պաշտոնական Երեւանը Թուրքիայի այս նախաձեռնությանը, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Երեւանը պետք է Թուրքիայից հստակություն պահանջի: Եթե թուրքական կողմը գնա արձանագրությունները վավերացնելու ճանապարհով՝ լավ: Իսկ եթե խոսքը Հայաստան-Թուրքիա նոր գործընթացի մասին է, քաղաքագետը վստահ է, որ այն ընդամենը կխոչընդոտի Ցեղասպանության ճանաչումը. «Աշխարհն ասելու է՝ դուք համաձայնեցիք նոր գործընթացի հետ, ուրեմն սպասեք: Եթե Թուրքիան նոր գործընթաց է ուզում, ուրեմն պետք է մերժվի»:

Իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը հիշեցնում է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կասեցվել է հենց Թուրքիայի ջանքերով, ուստի. «Այս ամենը Թուրքիայի հակաքայլերի շարքում է՝ կապված Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Թուրքիան, կարծում եմ, որոշակի զգուշավորություն է դրսեւորում եւ նախապատրաստական քայլեր է ձեռնարկում՝ տարբեր հարթակներից իրենց ուղղվելիք մեղադրանքները գոնե փոքր-ինչ մեղմելու համար»: Մեր զրուցակիցը չի ցանկանում կանխատեսումներ անել առաջիկա հնարավոր զարգացումների մասով, քանզի թուրքական դիվանագիտությանն էլ, գործելաոճին էլ լավածանոթ ենք. «1915 թվականին տեղի է ունեցել Ցեղասպանություն, միլիոնավոր հայեր տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ այսօր սփռված են աշխարհով մեկ: Եվ կա մեկ փաստ՝ մերժողականությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է դարձել: Եթե կոնկրետ քայլեր կլինեն, ոչ թե քաղաքական հայտարարություններ, մենք սիրով կքննարկենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031