Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը որոշ «փակագծեր» բացեց

Մայիս 08,2014 13:57

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան «Առավոտի» հետ զրույցում խոսեց մի քանի ծրագրերի մասին, որոնց իրականացմամբ նշանավորվել է բուհը՝ այս ուսումնական տարվա ընթացքում: «Այս տարի ունեցել ենք երեք նոր ծրագիր, որոնք բնորոշ են մեզ՝ մասնագիտացված կրթություն տվող համալսարանին: Առաջինը ֆինանսների բնագավառի նոր մասնագիտության ստեղծումն է՝ բանկային եւ ապահովագրության ոլորտում: Խոսքը «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատի ներդրման մասին է, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանում անընդհատ զարգանում է ֆինանսական շուկան եւ ապահովագրական գործը, ու Հայաստանն այդ առումով շահեկանորեն առանձնանում է Կովկասում: Հայաստանում ֆրանսիական համալսարանը, բնականաբար, ցանկություն ունի ներդրում ունենալ, մասնակցել բանկային եւ ապահովագրական ոլորտի զարգացմանը, մանավանդ պահանջված տարբեր ոլորտներում համապատասխան մասնագետների պատրաստումը մեր բուհի առաքելությունն է: Այդ նախագիծն իրականացնում ենք Հայաստանի բանկերի միության հետ սերտ համագործակցությամբ»,- նշեց ռեկտորը: Նրա ձեւակերպմամբ, այդ համատեքստում Ֆրանսիական համալսարանի ուսանողները ոչ միայն պրակտիկան կանցնեն բանկերում, այլեւ բանկային ոլորտի մասնագետները կդասավանդեն այդ բուհում:

«Ի դեպ, բանկերի ներկայացուցիչները մեր բոլոր հանդիպումների ժամանակ անընդհատ գոհունակություն էին արտահայտում իրենց մոտ արդեն աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների մասին: Այս շաբաթ ես կրթության եւ գիտության նախարարությունից ստացել եմ թույլտվությունը, ունենք համապատասխան լիցենզիա, եւ սեպտեմբերից կսկսենք ֆինանսներ մասնագիտության` «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտությամբ բակալավրիատի ծրագրի գործունեությունը: Նախագիծը ծնվել է «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Ստեփան Գիշյանի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի քաղաքական աջակցությամբ: Սեպտեմբեր ամսից ֆակուլտետը կլինի, նախարարության կողմից տրվել են տարկետման տեղեր, որոնք կարող ենք բաշխել նաեւ այս ֆակուլտետի վրա: Մինչեւ 60 հոգի կարող ենք ընդունել»,- հայտնեց ռեկտորը:

Մյուս նախագիծը եվրոպական «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրի շրջանակում է: Հայաստանում ֆրանսիական համալսարանը կհամակարգի «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրի «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում եւ Վրաստանում» նախագիծը: Ներգրավված է 18 գործընկեր՝ 5 երկրից՝ Վրաստան, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա: Սա Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի բյուջեն կազմում է ավելի քան 1 մլն եվրո: Ծրագրի նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունների, որակի ապահովման գործակալությունների հետ համագործակցաբար մշակել տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգ, որը հետագայում կկիրառվի երկու երկրներում տրանսազգային բարձրագույն կրթության ծրագրերի եւ հաստատությունների հավատարմագրման համար:

Ժան Ժակ Մոնտուայի տեղեկացմամբ, երրորդ ծրագիրը վերաբերում է Ֆրանսիական համալսարանում մագիստրատուրա ընդունվողների համար նախապատրաստական դասընթացների ներդրմանը. «Շուրջ 10 ամիս ֆրանսերենի դասընթացներ ենք իրականացնելու: Հայտնի է, որ մեզ մոտ երկու դիպլոմի շրջանակում ֆրանսերենով պետք է կարողանալ դասեր լսել, ինտենսիվ ֆրանսերենին զուգահեռ, նաեւ որոշ մասնագիտական առարկաներ կդասավանդվեն: Այս նախապատրաստական դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն կառավարման, մարքեթինգի եւ իրավագիտության ոլորտների բակալավրի կամ մագիստրատուրայի առաջին կուրսին համարժեք կրթություն եւ ցանկություն ունեն ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ մագիստրոսի նոր` հայկական եւ ֆրանսիական դիպլոմների շրջանակում: Դասերը կկազմակերպվեն սեպտեմբեր ամսից, երեկոյան ժամը 18-ից հետո»: Ռեկտորը նշեց, որ այլ ծրագրեր էլ ունեն, սակայն ոչ բոլոր «փակագծերն» է ցանկանում բացել:

Առաջիկայում Ֆրանսիական համալսարանում Հայաստանի դատարանների մոդելով նաեւ դատարանի դահլիճ կստեղծվի: «Այս դահլիճում կներդրվի վիդեոկոնֆերանսի համակարգ, այսինքն՝ այն կծառայի ե՛ւ որպես դատարանի դահլիճ՝ դատախաղերի համար, եւ կոնֆերանսների իրականացման վայր, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան հեռակա կարգով բանավեճերի մասնակցել: Այս շրջանակում կաշխատի մեր իրավաբանական կլինիկան, որի նպատակն է, որ ուսանողները կարողանան կոնկրետ իրավաբանական խնդրի շուրջ աշխատել եւ փորձառություն ձեռք բերել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ մայիսի 12-ի պետական այցին Հայաստան: Ի դեպ, ԶԼՄ-ներն արդեն գրել են, որ պաշտոնապես հայտարարվել է Օլանդի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին: Ռեկտորից հետաքրքրվեցինք՝ Ֆրանսիական համալսարանը նախապատրաստվո՞ւմ է «Ֆրանսիական» շաբաթին: Ժան Ժակ Մոնտուան նշեց, որ համալսարանը ընդգրկված է այցի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներում՝ որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների հիմնական դերակատարներից մեկի: «Ֆրանսիական համալսարանը երկկողմանի համագործակցության լավագույն արդյունքներից է, մեր շրջանավարտների 90%-ը մնում է Հայաստանում, 70 % աշխատանքի տեղավորման գործակից ունենք, 1200 շրջանավարտ ունենք՝ 12 տարվա գործունեության ընթացքում: Համալսարանը երկու երկրների կողմից աջակցվում է, Հայաստանն ու Ֆրանսիան մեր համալսարանի ծնողներն են»,- հայտնեց ռեկտորը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրենց բուհին մշտապես աջակցելու եւ արժեւորելու համար: «Վերջերս ռեկտորների խորհրդի նիստի ժամանակ ԿԳ նախարարը ՀՀ նախագահի մոտ շատ բարձր գնահատեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերակատարությունը»,- ասաց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031