Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ ով էր ասում՝ գլխիցդ դուրս էրեխա բերեիր»

Մայիս 16,2014 14:57

Ընտանիքի ու երեխայի իրավունքների պաշտպանության
կառույցն այսպես է պատասխանել օգնություն խնդրող մորը

Ստելլա Դավթյանը մոտ մեկ շաբաթ է՝ բաժանված է իր երեք երեխաներից. մայրը ճարահատյալ նրանց ուղարկել է Ղարաբաղ, որտեղ նրանք գոնե գլխներին ծածկ կունենան ու 4 պատի մեջ կքնեն: Մայրը գերադասել է իր ծանոթի հետ երեխաներին ուղարկել Արցախ, քան պահել իր մոտ՝ բաց երկնքի տակ, կամ լավագույն դեպքում, գիշերը երեխաների հետ անցկացնել կիսակառույց շենքերում: Երեխաներից ամենափոքրը՝ 6-ամյա Նարինեն, արդեն ջերմություն ունի: Ստելլան իրեն հույս է տալիս, որ փոքրիկը ոչ թե մրսածությունից, թերսնուցումից ու առողջական խնդիրներից է ջերմում, այլ կարոտից: Ստելլայի 11-ամյա որդու ոտքերն էլ Երեւանի հիվանդանոցներից մեկում վիրահատել են. մոր եւ երեխայի համար առողջական խնդիրները ոչ թե տխրելու առիթ են եղել, ինչպես սովորաբար ծնողը զավակի հիվանդության դեպքում զգում է, այլ «ուրախության», քանի որ նրանք միառժամանակ հետվիրահատական շրջանն անցկացրել են հիվանդանոցում, փափուկ անկողնում ու տաք սենյակում:

Դավթյանների ընտանիքի անդամներն ամեն օր կիսաքաղց են, կարկատած շորերով եւ, ինչպես Ստելլան է ասում՝ ամեն գիշեր քնելուց առաջ վախը սրտներում մտածում են՝ տեսնես վաղն իրենց գլխին ինչ է գալու: Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, բայց այս ընտանիքը դժվար թե կարողանա իրեն վերաբերող տոնն ըստ արժանվույն նշել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված այս օրվա խորհուրդն առաջին հերթին ուղղված է ընտանիքի պահպանմանը, ինչպես նաեւ գրավելու հանրության ուշադրությունը ընտանիքի խնդիրների վրա:

«Մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է»,- օրվա առիթով ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Հայաստանը ՄԱԿ-ի կողմից այս որոշմանը միացել է 2010 թվականին, սակայն մինչ այդ մեր պետությունը ՀՀ Սահմանադրությամբ է հաստատել ընտանիքի ու մարդու արժանապատիվ ապրելու իրավունքները: Սահմանադրության 31-րդ հոդվածով՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այս իրավունքի իրականացման համար»: Իսկ 32-րդ հոդվածն էլ ասում է՝ «Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո»: Մինչդեռ Սահմանադրության այս հոդվածներն ապահովող պետական պաշտոնյաները ոչ միայն հրաժարվել են աջակցել այս ընտանիքին, նույնիսկ ծաղրել են:

Ստելլա Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ երբ տղայի վիրահատությունից հետո երեխայի առողջության վերականգնման համար բժիշկներն ինչ-որ դեղամիջոց էին նշանակել, մայրը բավարար գումար չուներ այն գնելու: Տիկին Ստելլան օգնության համար դիմել էր առողջապահության նախարարությանը, որտեղից ասել էին՝ «Պետպատվերի ցանկում այդ դեղը չկա», հետո մայրը դիմել էր կառավարություն, այստեղ տված պատասխանը, բացի այն՝ որ ուղղակի Սահմանադրության ոտնահարում է, տիկին Ստելլայի համար ստորացուցիչ է եղել. «Կառավարության ընդունարանում ինչ-որ համար ասեցին, զանգեցի, ու մի կին խոսեց ինձ հետ: Ասացի, որ երեխայիս համար դեղ է պետք գնել, մի քիչ գումար է անհրաժեշտ, այդ պաշտոնյա կինն ասաց՝ գնա հրապարակի ժամացույցի տակ կանգնի: Սկզբում մտածեցի՝ ինձ այնտեղ ժամադրում է, որպեսզի գումար ուղարկեն, բայց երբ հարցրեցի՝ ինչո՞ւ գնամ ժամացույցի տակ, այդ կինն ասաց ՝ ընդեղ որ կանգնես, ավելի շատ փող կհավաքես: Ես ավելի լավ է՝ զուգարան մաքրեմ՝ փող ստանամ, քան մուրացկանություն անեմ: Ես ուզում եմ աշխատելով փող ստանալ, բայց այդ ընթացքում գործ չկար ձեռքս, ու երեխայիս էլ շտապ պետք էր այդ դեղը»:

Կառավարության շենքում, որտեղի պաշտոնյաներն ընդամենը առիթների ժամանակ ցիտում են Սահմանադրությունը, թե՝ ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են պետության հովանավորության ու պաշտպանության ներքո, տիկին Ստելլան ոչ հովանավորություն եւ ոչ էլ պաշտպանություն գտավ: Օգնություն խնդրելու համար մայրը դիմել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այստեղի կին պաշտոնյայի պատասխանը կառավարության շենքից հնչած պատասխանից էլ ավելի ստորացուցիչ է եղել. «Աստղիկ էր այդ կնոջ անունը. երբ պատմեցի, թե ինչ վիճակում ենք ապրում 4 երեխաներիս հետ, այդ կինն ասաց՝ քեզ ով էր խնդրում գլխիցդ դուրս էրեխա բերեիր: Ի՞նչ է, երեխա ունենալն այս երկրում հանցա՞նք է ու մե՞ղք»: Ընտանիքի ու երեխաների իրավունքների համար պատասխանատու այս երկու կառույցներում տիկին Ստելլան այդպես էլ աջակցություն չստացավ:

11-ամյա հիվանդ երեխայի համար նշանակված դեղամիջոցին որպես փոխարինող առողջապահության նախարարությունից մորը խորհուրդ էին տվել վիտամին խմել, իսկ տիկին Ստելլան ասում է՝ «Պայուսակիս մեջ լիքն է իրենց ասած վիտամինից, ես ու երեխաներս միշտ վիտամին «Ց» կամ ուրիշ՝ էժան վիտամին ենք խմում՝ որպես մրգերին ու մսին փոխարինող»:

Դավթյանների ընտանիքն անտուն է մնացել, երբ 2003 թվականին մահացել է ընտանիքի հայրը. իսկ Ստելլայի սկեսուրը, որի հետ բնակվում էին Արարատի մարզի Բուրաստան գյուղում, թոռներին ու հարսին տանից դուրս է արել. հայրական տան համար սեփականության իրավունք էլ չունեն երեխաները. «Դե, գրանցումից դուրս եկանք, որպեսզի հող ստանանք ու տեղում չորս պատ կառուցենք, բայց դա էլ չստացվեց»:

Հիմա Ստելլայի երեխաները Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում են. այնտեղ այս ընտանիքի բարեկամներից մեկը գոմին կից սենյակ է հատկացրել: «Կարեւորը անձրեւի ու արեւի տակ չեն, մեծ տղայիս շուտով բանակ են տանելու, բայց զանգել էր, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ ա, գոմը մաքրում եմ, կովերին պահում եմ, կթում եմ, գոմի տերն էլ մեզ ուտելու բաներ է տալիս, վերմակ ու քնելու համար այլ բաներ է տվել, յոլա ենք գնում, չենք դժգոհում»,-պատմում է տիկին Ստելլան, որը նաեւ վստահեցնում է, որ մի ժամանակ մի քանի մեծահարուստների բնակարաններում մաքրություն էր անում, գումար էր վաստակում, այդ ընթացքում էլ մի բարերարի միջնորդությամբ մեկ սենյականոց բնակարանում էին ապրում, բայց երբ բնակարանի տերերը վերադարձել էին արտերկրից, Դավթյանների ընտանիքը նորից դրսում է հայտնվել, հետո Ստելլան աշխատանքն էլ է կորցրել:

«Ազնվությամբ եմ ասում՝ ես աղքատությունից չեմ վախենում, ժամանակավոր է, Աստված էլի աշխատանք կտա ինձ, մենակ թե գնամ հասնեմ ճուտիկներիս, առնեմ թեւերիս տակ, ու մենակ թե խաղաղ ապրենք: Ինձ ավելի շատ վախեցնում է այդ պաշտոնյաների վերաբերմունքն ու ասած խոսքերը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ժամացույցի տակ չկանգնես, այ կին, համբերիր, մինչև վամպիրի շատը մարդու քչի հետվառվի:Ժամացույցի սլաքին հետևիր:Խաղաղություն ես ուզում, որ ինչ անես, այ, որ զինվոր տաս, տանեն ուտեն, քեզ հերոսուհի մայր կհամարեն: Դե, ծնելուց առաջ մի քիչ մտածել էր պետք, էլի…Չգոյությունից գոյություն ես տվել դժբախտությանը, է, որ ինչ…Մոլորակը գոյաթափման խնդիր է լուծում, իսկ անիմաստ բազմացողները…Մարդ աշխարհ բերելը պիտի լինի իրավունքի նվաճում,ոչ թե …առ հա…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031