Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը 15 հատորի համար պետական տուրքը ինչպե՞ս մուծի

Մայիս 22,2014 14:20

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր նկատմամբ քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով, ինչից զրկված է մինչ օրս:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ապրիլի 23-ին որոշում էր կայացրել դատապարտյալ դիմումատուին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, հայտնելով, թե քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կարող է դիմել ՀՀ դատական դեպարտամենտ, իսկ ոչ պատշաճ պատասխան ստանալու դեպքում՝ Պաշտպանին:

5-1-1

ՀՀ դատական դեպարտամենտից դատապարտյալ Արթուր Այվազյանին գրավոր պատասխանել էին, թե պահանջվող քրեական գործը բաղկացած է 15 հատորից, որոնցում առկա փաստաթղթերի ծավալը 5527 էջ է:

Սակայն, ըստ դեպարտամենտի, նշյալ քրեական գործի նյութերի կրկնօրինակները կտրամադրվեն այն դեպքում, եթե դատապարտյալը պետտուրքը բանկային համապատասխան հաշվեհամարին փոխանցի:

Դատական դեպարտամենտը, ըստ ՄԻՊ պաշտոնական գրության, որն ուղարկվել է դատապարտյալին, հայտնել էր, թե ՄԻՊ գրասենյակը ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ, այն մասին, որ դատական գործերից փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրելու համար, դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձին ստորաբաժանումների կողմից համապատասխան քաղաքացիներին ներկայացվում է պետական տուրքի վճարման պահանջ, որը հիմնված է գործում եղած բոլոր էջերի քանակի հաշվարկի վրա: «Ընդ որում՝ ոչ մի տարբերակում չի դրվում, թե պահանջվող փաստաթղթերը վերաբերում են դատարանի վճռին, դատավճռին, հայցադիմումին, քրեական գործի նյութերին»,- պատասխանել էր Մարդու իրավունքների պաշտպանը: Տարբերակում չի դրվում նաեւ խոցելի խմբերի համար:

Պաշտպանը վկայակոչել էր տասնյակ հոդվածներ, համաձայն որի՝ պետական տուրքը պետք է գանձվի սահմանված կարգով, չափով:

Սակայն համաձայն «Պետտուրքի մասին» գործող օրենքի՝ կատարված գործողությունները չեն կարող դիտվել որպես պետական տուրքի վճարման ոչ իրավաչափ պահանջ, առավել եւս՝ հիմք հանդիսանալ որեւէ պաշտոնական անձի կողմից քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատապարտյալ Արթուր Այվազյանից պահանջվող գումարը կազմել է 99 600 ՀՀ դրամ:
Քրեական գործի նյութերը չի տրամադրվել, քանի որ պետական տուրքի անդորրագիրը պետք է ներկայացվեր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Արթուր Այվազյանի քրեական գործը կապված էր քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ կատարված սադրանքների, խոշտանգումների հետ, որոնք, ըստ նրա, կատարել էին ՔԿՀ աշխատակիցները:

Այդ բռնությունների, դատական կարգով վիճարկելու մասին հրապարակումներ կան «Առավոտում»:

«Սույն ՔԿՀ-ում դեռեւս 11.11.2013թ.-ին ինձ հետ կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության օպերատիվ բաժնի առաջատար մասնագետ Գ. Բաբայանը, եւ այդ հանդիպման վերաբերյալ 12.11.2013թ.-ին կազմված համապատասխան տեղեկանքը գտնվում է նաեւ իմ անձնական գործում: 06.12.2013թ. ինձ հետ փակ հանդիպում են ունեցել նաեւ ՔԿՀ վարչության ներքին անվտանգության բաժնի աշխատակիցներ Ա.Ներսիսյանը, Հ. Սարգսյանը:

Բոլոր հանդիպումների ժամանակ ես ենթարկվել եմ մի քանի ժամ տեւող քննության, տվել եմ գրավոր եւ բանավոր բացատրություններ, այդ քննությունները վարող պաշտոնատար անձանց կողմից հնչեցված հարցերին պատասխանել եմ ճշգրիտ, խոշտանգումներին առնչվող տվել ինֆորմացիա այնպիսի հանգամանքների մասին, որոնք, ըստ ինձ այցելած պաշտոնատար անձանց, պետք է քննության դրվեին»,- «Առավոտի» հետ հեռախոսազանգի ժամանակ ասում է Ա. Այվազյանը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները խոստացել էին, թե ծառայողական քննություն կիրականացվի, իսկ արդյունքների մասին կտեղեկանա դատապարտյալը:

«Մինչ օրս ես ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, թե իրականացվե՞լ է համապատասխան ծառայողական քննությունը, այդ փաստերի առթիվ հարուցվե՞լ է վարույթ, չնայած իմ բազմաթիվ դիմումներին»,- ասում է Ա. Այվազյանը:

Ըստ նրա, իրեն մասնակից չդարձնելն իր քրեական գործին, որտեղ նա բացատրություններ է տվել որպես տուժող, իրավունքների կոպիտ խախտում է:

Դատապարտյալը վկայակոչում է հանգուցյալ գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանի հեղինակած «ՀՀ Սահմանադրության կոնցեպցիան» աշխատությունը, որն, ի դեպ, լույս է տեսել 1992թ.-ին:

«Պետության եւ նրա մարմինների եւ պաշտոնատար անձանց սահմանադրական եւ օրենսդրական լիազորությունները միաժամանակ նրանց իրավական պարտականություններն են, եւ նրանք զուրկ են իրենց հայեցողությամբ դրանք չգործադրելու իրավունքից: Այդ լիազորությունները տրված են գործադրելու համար, եւ դրանց կիրառումը պարտադիր է՝ անկախ նրանց կամքից», – նշված է աշխատությունում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031