Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգիս գետի ջրերի 52, 96 տոկոսը վերցված է գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խողովակների մեջ

Հունիս 04,2014 15:42

Եթե գետի ջրի 20 տոկոսը խողովակի մեջ է վերցվում, ապա գետը հայտնվում է ճգնաժամային վիճակում, եթե 40 տոկոսն է վերցվում, գետը հայտնվում է աղետալի վիճակում: Ներկայումս Հայաստանի երեք գետ՝ Կիստումը, Այսասը եւ Եղեգիսն աղետալի վիճակում են: Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում այսպիսի փաստեր ներկայացրեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության անդամ, լրագրության մագիստրոս Վիկտորյա Բուռնազյանը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ անկախ հետազոտող Վիկտորյա Բուռնազյանը 2013թ. նոյեմբերից 2014 թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է 100 ՓՀԷԿ-երի ծանրաբեռնվածությունը 47 գետերի վրա, անցկացվել է 25 ՓՀԷԿ-ի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերլուծություն:

8344

Ուսումնասիրվել է ՓՀԷԿ-երի աշխատանքի համապատասխանությունը մի շարք միջազգային կոնվենցիաներին եւ ՀՀ օրենսդրությանը:
«Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) սոցիալ- էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն, Կիստում գետի վրա կառուցված են «Հաղպատ 1» եւ «Հաղպատ 2» փոքր ՀԷԿ-երը, դրանց գործունեության պատճառով գետի ջրի 49, 73 տոկոսը խողովակի մեջ է վերցված: «Էկոլուրի» էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդելի համաձայն՝ Կիստում գետը գտնվում է աղետալի վիճակում: Եղեգիսի ջրերի 52, 96 տոկոսն է վերցվում խողովակի մեջ, Այսաս գետի ջրերի էլ՝ 49,96 տոկոսը:

Վիկտորյա Բուռնազյանը նաեւ պարզել է, որ փոքր ՀԷԿ-երը հիմնականում կառուցվում են անտառային տարածքներում: «Ջերմուկ 1» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը տրամադրելուց առաջ: ՀԷԿ-ի հասարակական լսումների ժամանակ, սակայն, պարզվել է, որ «Ջերմուկ 1»-ին սնող խողովակաշարը, ներկայացված նախագծով, անցնում է Վայոց ձորի անտառտնտեսության տարածքով, ինչի մասին «Հայանտառը» տեղեկացված չի եղել եւ համապատասխան թույլտվություն չի տվել: Եվ չնայած այս ամենին՝ բնապահպանության նախարարությունը հետին ամսաթվով դրական եզրակացություն է տվել այս փոքր ՀԷԿ-ի նախագծին, որի իրականացման ընթացքում հատվելու է 200-500 ծառ:

Ըստ Վ. Բուռնազյանի, փոքր ՀԷԿ-երի կառուցումն իրականացվում է առանց հաշվի առնելու սողանքային գործընթացները եւ հողի փխրունությունը: Ինտենսիվ շինարարական աշխատանքներից, պայթեցումներից ու խողովակների եւ ճանապարհների անցկացումից հետո՝ սողանքներն ակտիվանում են: Անցյալ տարի խողովակների անցկացման հետեւանքով հողը մոտ 200 մետր սողացել է եւ լցվել Եղեգիս գետը:

«Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ժամանակ էլ տեղի ունեցավ դժբախտ պատահար, եւ աշխատակիցներից մեկը մահացավ, քանի որ տեղանքը սողանքային գոտի էր:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ ՓՀԷԿ-երի գործունեության պատճառով կենսաբազմազանության կորուստներին: Օրինակ՝ Մեղրիի բնակիչներն ահազանգել են, որ փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում մեղուները վերանում են: Կամ այդ ՀԷԿ-երը կառուցվում են այն տարածքներում, որտեղ ապրող կենդանիները գրանցված են Կարմիր գրքում, մինչդեռ Վիկտորյա Բուռնազյանի ներկայացմամբ, օրենքով արգելված է բնությանն այնպիսի միջամտությունները, որոնք սպառնալիք են այդ կենդանիների կենսագործունեության համար:

Զեկույցի քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ մեզ մոտ ջրի գինն արժեք չունի, մինչդեռ ջրի արժեքը պետք է մտնի փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Ըստ նրա, իրականում փոքր ՀԷԿ-երի էներգիան մեր երկրում էներգետիկայի խնդիր չի լուծում, եւ դրանք ստեղծված են որոշ մարդկանց գերշահույթներ բերելու համար:

Բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, որ մեր երկրին այլեւս ՀԷԿ-եր պետք չեն. «Բավական է, ուզում եք Հայաստանը ոչնչանա՞ որպես բնակավայր»:

Տեսանյութերը՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30