Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարվեստի քոլեջը օպերայից ակնկալիք ունի

Հունիս 11,2014 14:00

Քոլեջի նորանշանակ տնօրեն
Հասմիկ Մարկոսյանը համագործակցության եզրեր է փնտրում

Շուրջ 35 տարի Երեւանի պարարվեստի պետական քոլեջում բալետի պատմություն եւ թատրոնի պատմություն է դասավանդում Հասմիկ Մարկոսյանը (լուսանկարում), որը 1990-ից մինչեւ վերջերս հանդիսանում էր հիշյալ քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն: Օրերս նա նշանակվեց Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն: Ընթացիկ ուսումնական տարին հոբելյանական է. լրանում է մշակութային այս հաստատության 90 տարին: 1924թ. Վահրամ Արիստակեսյանը հիմնադրեց ստուդիա, 1927-ին էլ Աննա Դուրինյանը՝ ռիթմի եւ պլաստիկայի ստուդիա: 1930-ին դրանց միավորման արդյունքում ստեղծվեց պրոֆեսիոնալ կրթօջախը, որի առաջին տնօրենն էր Սրբուհի Լիսիցյանը: Հետո արդեն այդ պաշտոնը ստանձնեցին Պավել Կարատովը, Վլադիլեն Բալյանը, Սիլվա Մեքինյանը, Թերեզա Գրիգորյանը, Նորայր Մեհրաբյանը, Հովհաննես Դիվանյանը, Վիլեն Գալստյանը եւ Արմեն Գրիգորյանը:

«Առավոտը» ավանդույթներով հարուստ քոլեջի նորանշանակ տնօրենից հետաքրքրվեց՝ ինչ փոփոխություններ են սպասվում: «Քոլեջում անընդհատ ներգրավել ենք երիտասարդ ուժեր, դասավանդողների նոր սերունդ: Այս պահին մեր բալետային արվեստի այնպիսի անունների կողքին, ինչպիսիք են Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աննա Մարիկյանը, Տաթեւիկ Ղարիբյանը, Էլվիրա Մնացականյանը, դասավանդում են օպերային թատրոնի առաջատար մենապարողներ: Ինչ վերաբերում է հանրակրթական բաժնին, մշտապես վերանայվել են ուսումնական ծրագրերը: Ժամանակն առաջ է գնում, այն էլ՝ արագ տեմպերով, մենք էլ ուզում ենք ժամանակին համահունչ քայլել»,- հայտնեց Հասմիկ Մարկոսյանը: Հարցին, թե մասնագիտությամբ պարարվեստի տեսաբան է, ունի աշխատություններ, այդ թվում՝ «Բալետի պատմության ընդհանուր էջեր», «Հայկական բալետի պատմություն», «Երաժշտության աշխարհում» երկհատորյակ, ժամանակը չէ,՞ որ հայերս էլ, իրենից բացի, պարարվեստի տեսաբաններ ունենանք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մտադիր են արվեստի բուհերին առաջարկել իրենց առարկայացանկում ներառել նաեւ կոնկրետ պարարվեստի տեսաբան մասնագիտությունը:

Իմիջիայլոց, Ազգային օպերային թատրոնի նորանշանակ գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը վերջերս հավաստիացրել էր, թե կվերականգնվի վերջին 4-5 տարիներին ինչ-ինչ պատճառներով խզված քոլեջ-օպերային թատրոն կապը: Նույն խոստումը տվեց նաեւ քոլեջի տնօրենը: Հոբելյանական տարվա միջոցառումների հետ կապված էլ Հասմիկ Մարկոսյանին փոխանցեցինք բալետային արվեստի երկրպագուների շրջանում եղած այն մտահոգությունը, թե ինչո՞ւ քոլեջի 90-ամյակի առիթով Ազգային օպերային թատրոնում հունիսի 11-ին նշանակված է միայն քոլեջի ժողովրդական բաժնի շրջանավարտների հաշվետու համերգը, իսկ ո՞ւր մնաց դասական բաժինը… «Մեկ երեկոն բավարար չէր ներկայացնելու երկու բաժինների ձեռքբերումները: Նոյեմբերին էլ նախատեսված է դասական բաժնի ավարտողների հաշվետու գալա համերգը՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երկրորդ գործողության կատարումով: Մշակույթի նախարարության աջակցությամբ երկու երեկոների համար հատուկ պատվիրվել են զգեստներ: Եվրոպայում ստեղծագործող բոլոր նախկին սաներին հրավիրատոմսեր են ուղարկվել»,- հայտնեց Հասմիկ Մարկոսյանը: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց, թե հույս ունի, որ օպերային թատրոնը նվեր կմատուցի. «Գուցե «Շչելկունչիկին» թատրոնը տրամադրի՞ իր նվագախումբը կամ ո՞վ գիտե՝ չի բացառվում, որ առաջարկի միացյալ ուժերով ամբողջական բալետն առաջիկայում թատրոնի հետ բեմադրել»: Տնօրենը նշեց, որ ի տարբերություն ժողովրդական պարի, դասականն ավելի շատ կարիք ունի քարոզելու: Այդ նպատակով նոր ուսումնական տարում իրենք պատրաստվում են նպատակային օգտագործել 200 հանդիսականի համար նախատեսված քոլեջի դահլիճը: «Նախատեսել ենք բանակցություններ վարել դպրոցների տնօրենների հետ՝ հնարավորություն ստեղծելու, որպեսզի դպրոցականները մեզ մոտ, իհարկե՝ անվճար, շփվեն դասական պարի հետ»,- հավաստիացրեց Հասմիկ Մարկոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30