Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դատավոր Սուրեն Ղազարյանը հայտնվեց Վճռաբեկի «սեւ ցուցակում»

Հուլիս 17,2014 14:20

Անտեսանելի սարդոստայնն ու նրա զոհերը

Շատ է գրվում ու խոսվում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին: Դրանք, ասես, դրսից բերվող ու պարտադրվող արժեքներ լինեն: Այս արժեքների հովանու ներքո, ասես, մարդն իրեն ապահով է զգում: Սակայն մարդու իրավունքը խեղճանում է, երբ նրա շուրջը ասեկոսեներ են հյուսվում, ու նա դառնում է անհիմն բամբասանքների զոհը: Այն մի անտեսանելի ու կպչուն սարդոստայն է, որի ետեւում թաքնված է անտեսանելի սարդը՝ իր թունավոր կեռմաններով:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանի՝ նման վիճակում հայտնվելը սկսվեց ՀՀ Արդարադատության խորհրդում 2011 թ. մարտի 18-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի նախագահությամբ իր դատավորական լիազորությունների դադարեցման հարցի՝ «նշանակումից հետո դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ» վերտառությամբ դռնփակ քննարկումից հետո: Դրան անմիջապես հետեւել էր ՀՀ նախագահի կողմից նույն անհեթեթ ձեւակերպմամբ դատավոր Սուրեն Ղազարյանի լիազորությունների դադարեցման մասին հրամանագիրը:

Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատավոր Սուրեն Ղազարյանի վարույթում եղել են աղմկահարույց գործեր, որոնցից էին ՀՀ որսորդմիության նախագահի, «Քանաքեռի Քնարի Հրաչոյի» սպանությունների, «ՅՈՒԿՈՍ» ընկերության հետ կապված եւ այլ ծանր գործերը, որոնք վարել էր փայլուն կերպով: Նրա վարույթում գտնվող քրեական գործերից ժամանակին առնչվել եմ, երբ սրտի սուր խնդիրներ ունեցող կալանավոր Հրանտ Մխոյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունները դատավորի կողմից ամիսներ շարունակ մերժվում էին: Դատավոր Ղազարյանի առջեւ, ասես, անհաղթահարելի արգելք կար դրված, եւ մահամերձ հիվանդ կալանավորին պահում էին բանտում: Դատավորի վրա ճնշումներ էին գործում ոչ միայն Վճռաբեկ դատարանից, այլեւ ՀՀ նախագահի աշխատակազմից: Ի վերջո, դատավորը գտավ ելքը. դիմեց ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին՝ ապավինելով անկախ փորձագետների եզրակացությանը: Եվս մի քանի ամիս, ու կալանավորի խափանման միջոցը փոխվեց: Դատավորի նման պահվածքը «վերեւներում» գնահատվեց որպես անհնազանդություն: Փաստորեն, դատավոր Սուրեն Ղազարյանը խախտել է դատական համակարգում չգրված մի կարգ. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների դատավորները Վճռաբեկ դատարանից անկախ չեն կարող լինել: Նրանք պարտավոր են որոշումները նախապես համաձայնեցնել վերադասի հետ, այլապես նրանց վճիռները որակվում են որպես «ակնհայտ եւ կոպիտ խախտում», որին հետեւում է այդ դատավորների՝ «սարդոստայնի» կապանքներում հայտնվելը:

Եվ ահա նման դեպքերի կրկնության արդյունքում Սուրեն Ղազարյանը հայտնվում է Վճռաբեկի «սեւ ցուցակում»: Դատավորին ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրի:

Դրանով չբավարարվեցին: Որպես նոր պատժամիջոց կիրառվում է թոշակից զրկելու միջոցը: Ուղարկեցին թոշակի՝ առանց թոշակ նշանակելու: Արդեն 4-րդ տարին է, ինչ զրկված է թոշակ ստանալու հնարավորությունից: Դատավորը ստիպված է լինում փորձել հարցը լուծել դատարանում: Սակայն վերադաս ատյանից կարգադրում են մերժել: Թոշակը մերժելը հիմնավորում են բյուջեում գումար չլինելու պատրվակով: Իսկ մարդուն թոշակից զրկելը մարդու իրավունքի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության, բազմաթիվ միջազգային եւ հանրապետական օրենքների բացարձակ խախտում է: Ս. Ղազարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2014թ. հունիսի 17-ին նախադեպը չունեցող որոշում կայացրեց՝ 3 կողմ, 3 դեմ ձայնով, այսինքն`«չկողմնորոշվեց», որն էլ մերժման մեկ այլ ձեւ է: Ի վերջո, այս քաշքշուկն ավարտվեց նրանով, որ նախկին դատավոր Սուրեն Ղազարյանին ԱՄՆ-ում ապաստան տվեցին:

Անշուշտ, Սուրեն Ղազարյանը միայնակ չէ թոշակից արհեստականորեն զրկվածների ցուցակում: Նույն շարքում էին հայտնվել պաշտոնաթող դատավորներ Տարիել Մանուկյանը, Լեւոն Գաբրիելյանը, Ֆրունզե Ձվակերյանն ու Միքայել Ասատրյանը: Ընդ որում, անընդհատ թոշակի նշանակման վերաբերյալ փոփոխության են ենթարկվում օրենքները, դրանք հարմարեցնելով վերադասի կամայականություններին:
Հետաքրքիր է տվյալ անձի պաշտոնական դիրքի թուլացման հետ կապված մեր հասարակության ռեակցիան: Ժողովրդական առածն ասում է. երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Նախանձ ու չար մարդիկ, մանավանդ Սուրեն Ղազարյանի հարազատ գյուղում, նորանոր բամբասանքներ են հորինում նախկին դատավորի մասին: Սուրենի համագյուղացին, որը բարձր դիրք ունի ՀՀ Մաքսային ծառայությունում, ասաց, որ ինքը տեղյակ է, թե ինչ համազգեստ է կրում նախկին դատավորը ԱՄՆ-ում, որ գլխարկը համազգեստին չի բռնում, ինչ մեքենա է իրեն ծառայում: Դատավորի պաշտոնական դիրքի թուլացումը նրա հակառակորդները օգտագործում են մամուլում նորանոր մեղքեր բարդելով նրա վրա: Առանց որեւէ հիմքի՝ նա մեղադրվում է իբր հազարավոր մարդկանց Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագրեր շնորհելու, գումարներ յուրացնելու գործում, այնինչ, նա պաշտոնապես եւս ոչ մի առնչություն չունի այս գործի հետ, քանի որ այն Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի եւ ԱՀՎԿ-ի Ներքին գործերի նախարարի իրավասության տակ են գտնվում: Այդ մասին կառավարությունը մանրամասներ է հաղորդել մամուլում, հերքել անհիմն մեղադրանքները:

Այսպես անտեսանելի սարդոստայնը իր կպչուն թելերի մեջ է առնում մարդկային չարության զոհին, նոր որոգայթներ հյուսում նրա շուրջը, դրանով իսկ ձգտում վարկաբեկել ԱՀՎԿ-ն ու նրա հիմնական խնդիրը` հայոց պահանջատիրության գաղափարը:
Ճակատագրի բերումով հայտնվելով ԱՄՆ-ում, Սուրեն Ղազարյանը սիրով ստանձնեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունում իրավական եւ արդարադատական խնդիրների կարգավորման գործը, հայության պահանջատիրության իրավական հարցերի կանոնակարգումը: Որպես իրավական հարցերի եւ արդարադատության պատասխանատու, նա լուրջ դերակատարում վերցրեց իր վրա: Արդարադատության մարմիններում երկարամյա փորձն ու իրավական հարցերում նրա ուսումնասիրությունները հնարավորություն ստեղծեցին մշակելու օրենսդրական նորմերն ու քաղաքակրթական ժամանակակից գլոբալ զարգացման հետ նոր կազմավորման ինտեգրումը: Բանակցային գործընթացներ վարելու նրա հմտությունը նոր դռներ է բացում ԱՀՎԿ համար: Նկատի ունենալով կառավարության պատասխանատու անդամի հետ կապված այս բարդույթը, պաշտոնական կայքի խմբագրությունն ու ԱՀՎԿ-ն անհանգստացած են արհեստականորեն կառավարության անդամի նկատմամբ անտեղի եւ շինծու ասեկոսեների ու բամբասանքների առիթով, որոնք ազդում են նաեւ ԱՀՎԿ-ի վարկի վրա:

Ու ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը նույն անտեսանելի սարդոստայնը կընկնի: Բամբասանքը, նախանձն ու չարությունը իրոք չեն երեւում: Զգում ենք դրանց շոշափուկները: Այդ երեւույթի դեմը կարող է առնել միմիայն հասարակական գիտակցությունը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՀՎԿ լրատվական-վերլուծական Ավետիս պաշտոնական կայքի  գլխավոր խմբագիր, արձակագիր, հրապարակախոս

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031