Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Ֆեյքերի մասին» օրենքը եւ դատախազության հայտարարությունը` թաքնված գրաքննության օրինակ»

Օգոստոս 08,2014 15:04

«Առաջին կիսամյակը, իհարկե, բավականին բարդ ժամանակահատված է եղել լրատվամիջոցների համար, եւ նրանք ստիպված են եղել բազմաթիվ մարտահրավերների դիմակայել»,- այսօր` օգոստոսի 8-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով 2014 թվականի առաջին կիսամյակի ԽԱՊԿ «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցին:

Այդ մարտահրավերներից մեկը, ըստ նրա, մարտի 4-ին շրջանառության մեջ դրված վիրավորանքին եւ զրպարտությանը վերաբերող օրինագիծն է, որն առավել հայտնի է «ֆեյքերի մասին» օրինագիծ անունով: Նա հիշեցրեց, որ այդ առթիվ լրագրողական հանրությունն ըմբոստացավ եւ լրագրողական կազմակերպությունները շատ խիստ հայտարարությամբ հանդես եկան` կոչ անելով այդ փաստաթուղթը շրջանառությունից հանել.

«Փա~ռք Աստծո, խորհրդարանական լսումներից հետո հեղինակները, չնայած խոսք էին տվել հետագայում անդրադառնալ եւ աշխատել այդ օրինագծի վրա, հայտարարեցին, որ քննարկումը հետաձգվում է եւս մեկ տարով, իսկ հետո հայտնի դարձավ, որ այդ օրինագիծն անորոշ ժամանակով է մի կողմ դրվել, եւ կարծես թե այս առումով լրագրողական հանրության այդ ըմբոստությունը ինչ-որ մի բանի հասավ»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով` շատ ավելի լուրջ մարտահրավեր էր ՀՀ դատախազության տարածած հայտարարությունն առ այն, որ առանց թույլտվության նախաքննության գաղտնիքը հրապարակելու պարագայում լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության: Նրա խոսքերով` սկզբում որոշ փորձագետներ համարում էին, որ հարցը այդ կառույցներում հասունացել է եւ անհրաժեշտ է հիշեցնել` ավելի պատասխանատու մոտենալ դատաքննական գաղտնիքին, սակայն հետագայում այդ հաղորդագրությունը օգտագործվեց.

«Մայիսի 30-ին Գորիսի ոստիկանության բաժնի պետը դիմեց «Առավոտ»-ին, որպեսզի տեղեկատվության աղբյուրը իրենց հայտնեն, բայց «Առավոտ»-ը չտրամադրեց իրենց այդ աղբյուրը, եւ եթե այս պատմությունը շարունակություն չստացավ, ապա մեկ այլ պատմություն, որը կապված էր «Հրապարակ» օրաթերթի եւ «ilur.am» կայքի հետ, դա արդեն շատ լուրջ զարգացում ստացավ»:

Պարոն Մելիքյանը կարծում է, որ նախադեպը շատ վտանգավոր է եւ կարող է լրատվամիջոցների համար անհիմն սահմանափակումների հիմք հանդիսանալ.

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն համարում է, որ այս քայլերը թաքնված գրաքննության դասական օրինակ են, գրաքննություն, որը նաեւ իրականանում է իրանական մեխանիզմների օգտագործմամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հայկական զլմ-ների 90 տոկոսը ծախված է արտասահմանյան սորոսա-հրանտ ձյաձյաներին: էս ամենի վերջը շատ արագ գալու է: քիչ մնաց

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031