Երեկ Տաշքենդում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախորդել էին ըմբշամարտի աշխարհում երկու կարեւոր իրադարձություններ:

Ինչ վերաբերում է բուն աշխարհի առաջնությանը, այն անհաջող մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մեկնարկի ելած մեր երեք ըմբիշներն էլ անհաջողության մատնվեցին ու դուրս մնացին մեդալների համար պայքարից:
57 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը առաջին իսկ գոտեմարտում միավորներով պարտվեց Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Միկոլա Այվազյանին: Ու քանի որ վերջինն էլ իր հերթին տանուլ տվեց հաջորդ մրցափուլում, Գարիկը զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:
Առաջին գոտեմարտում չինացի մրցակցի նկատմամբ առավել քան համոզիչ առավելության հասնելուց հետո, Եվրոպայի այս տարվա առաջնության փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը զիջեց ամերիկացի մրցակցին ու միացավ իր թիմակցին:
Բավականին անսպասելի ավարտ ունեցավ 86 կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի երրորդ մրցանակակիր Մուսա Մուրթազալիեւի գոտեմարտը: Մուրթազալիեւը երկու մրցափուլերի արդյունքում գլխավորում էր հաշիվը: Ու թվում էր, թե նա արդեն 1/8 եզրափակչում է: Սակայն գոտեմարտի ավարտից ընդամենը ինը վայրկյան առաջ նա մի ակնթարթ կորցրեց զգոնությունը, ինչպես ըմբշամարտում են ասում, «ոտքը տվեց» բուլղարացի Միխայիլ Պետրով-Գանեւին ու վերջինը ընձեռված առիթը ձեռքից բաց չթողեց:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են ազատ ըմբշամարտի մեր հավաքականի վերջին երկու մասնակիցները՝ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 66 կգ քաշային, անցած տարվա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.09.2014


















































