Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պարտադիր որեւիցե մեկի կազմակերպության մե՞ջ պիտի լինեի»

Սեպտեմբեր 29,2014 16:00
Myasnik Malxasyan

Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ ժողովուրդը նախ իր ուժին պետք է ապավինի, հետո նոր որեւէ քաղաքական ուժի՝ «Ազատամարտիկների դաշինքի» կամ «Երդվյալ ազատամարտիկների միության»:

– Վերջին շրջանում նախկին ԵԿՄ-ական ձեր մարտընկերները տարբեր կազմակերպություններ են ստեղծում` «Ազատամարտիկների դաշինք», «Երդվյալ ազատամարտիկների միություն», բայց Դուք որեւէ նախաձեռնության չեք մասնակցում: Պատճառը ո՞րն է՝ չե՞ք վստահում, թե՞ այլ խնդիր կա:

– Այսինքն՝ ես պարտադիր որեւիցե մեկի կազմակերպության մե՞ջ պիտի լինեի:

– Ձեր մարտընկերներն են, գործընկերները, ակտիվ գործունեություն են ծավալում, ինչո՞ւ եք Դուք պասիվ:

– Ես ողջունում եմ նորաստեղծ կառույցները, ցանկանում եմ, որ ծաղկեն, բարգավաճեն: Իսկ ես պարզապես հիմա այլ գործունեությամբ եմ զբաղված. երկրագործությամբ եմ զբաղվում, ինչը այլ բանով զբաղվելու ժամանակ չի թողնում:

– Դա նշանակում է, որ քաղաքականությունից ու քաղաքական գործունեությունից է՞լ եք հրաժարվել:

– Հայաստանում ապրող մարդն ինչպե՞ս կարող է քաղաքականությամբ զբաղվելուց հրաժարվել: Եթե դու չզբաղվես քաղաքականությամբ` քաղաքականությունը քեզնով կզբաղվի:

– Հոկտեմբերի 10-ին եռյակ դարձած ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», հանրահավաք են անելու: Խոստանում են, որ այն հուժկու է լինելու, որ միակը չի լինելու եւ այլն: Հետեւե՞լ եք գործընթացներին, ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Համացանցով հետեւում եմ: Սպասելիքները նույնն են, ինչ որ բոլորինը` երկիրը դառնա ժողովրդավարական, բարգավաճ, մարդիկ ապրելու եւ աշխատելու հնարավորություն ունենան:

– Քաղաքական պայքարի թոհուբոհով անցած մարդ եք, հատկապես` 2008-ի խառնաշփոթ իրավիճակներով, Ձեր գնահատականներով՝ ոչ իշխանական ուժերն ի զորո՞ւ են հասարակության սպասելիքներն արդարացնել:

– Ժողովրդի ցանկությունները կյանքի կոչելու համար ժողովուրդը ոչ միայն ցանկություններ պիտի հայտնի, այլեւ պիտի պատրաստ լինի նպատակներ հռչակել եւ իրագործել դրանք: Հակառակ դեպքում որեւէ քաղաքական կուսակցություն կարող է չբավարարել իր պահանջները: Ամեն ինչ կախված է նրանից` ժողովուրդը ուզո՞ւմ է այդ փոփոխությունները, պատրա՞ստ է դրանց, կգնա՞ դրանց: Այդ դեպքում միայն կգտնվեն մարդիկ, ուժեր, որոնք պատրաստ կլինեն այդ փոփոխություններն իրականացնել եւ ժողովրդի ցանկություններն իրագործել:

– Օրինակ՝ 2008 թվականին հասարակությունը պատրաստ էր, գնում էր փոփոխությունների, հետո ընթացքում պարզվեց, որ իրեն առաջնորդող քաղաքական ուժը ետ կանգնեց: Ձեր գնահատականներով` հիմա քառյակի ուժերը պատրա՞ստ են առաջնորդել ժողովրդին մինչեւ վերջ:

– Ես համամիտ չեմ, որ 2008-ին ժողովուրդը պատրաստ էր, առաջնորդող ուժը… Ժողովուրդը եթե պատրաստ լինի գնալու` գնում է, չի սպասում, որ որեւիցե քաղաքական ուժ իրեն տանի: Ինչ-որ քաղաքական ուժ, ինչ-որ առաջնորդ չի բավարարում՝ ուրիշը կծնվի: Ժողովրդից է կախված: Մենք տեսնում ենք, որ Եգիպտոսում եւ մնացյալ տեղերում իշխող ուժերն արագ փոխվում են: Այսինքն՝ երբ ժողովուրդը պատրաստ է պայքարի եւ ուզում է իր կյանքը բարեկեցիկ դարձնել, գնում է փոփոխություններին:

– Դուք ինքներդ քառյակի-եռյակի ուժերի հետ հույսեր կապո՞ւմ եք:

– Յուրաքանչյուր մարդ ինքն իր հետ պետք է հույս կապի, իր վրա հույսը դնի, սեփական ուժերին ապավինի: Հաջողություններն ու հաղթանակները միայն այդ դեպքում են հնարավոր: Երբ արցախյան շարժումը սկսվեց, ժողովուրդն արդեն պատմությունից գիտեր, որ իր ուժերին պետք է ապավինի, ու գնաց զոհողությունների` հասկանալով, որ հաղթանակները որեւիցե մեկը չի նվիրելու, դրանք նվաճել է պետք: Փառք Աստծո, ամեն ինչ հաջողությամբ պսակվեց:

Իսկ այն ժամանակներում, երբ դիմել ու ապավինել ենք տարբեր ուժերի ու պետությունների, գիտենք, թե ինչով է ավարտվել` կոտորածներ, Ցեղասպանություն, անկախության կորուստ եւ այլն: Կարծում եմ՝ ցանկացած ժամանակահատվածում ժողովուրդն իր ուժին պիտի ապավինի: Մեր ժողովուրդն անընդհատ ինչ-որ առաջնորդներ է ման գալիս, նրանց հետ հույսեր կապում` Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան եւ այլք, ու հիասթափվում: Մարդիկ պիտի կարողանան տարբերել իրական ու կեղծ ուժերին, որպեսզի կարողանան նաեւ ապավինել նրանց: Բայց նախ՝ իր ուժերին պիտի ապավինի, հետո նոր քաղաքական ուժի՝ կլինի «Ազատամարտիկների դաշինք» կամ «Երդվյալ ազատամարտիկների միություն»:

Իսկ ինչ վերաբերում է քառյակին` երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժեր են, որոնք միավորվել են: Ողջունելի է: Բայց նորից ամեն ինչ կախված է նրանից, թե ժողովուրդն ինչքանով կապավինի ու կաջակցի այդ ուժերին, որպեսզի ակնկալվող փոփոխությունները տեղի ունենան:

– Ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունն ապավինեց Եվրոպական միությանը, հետո՝ մեկ գիշերում, Մաքսային միությանը, հոկտեմբերի 10-ին սպասվում է, որ Հայաստանը պետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը: Դատելով ձեր վերոասվածից` մենք հիմա է՞լ ենք դատապարտված:

– Այդ ամենը ժողովուրդը չի որոշել, իշխանությունն է որոշել, իսկ ժողովրդին հասցրել են նրան, որ թեւաթափ եղած` ամեն ինչ թողել է ինքնահոսի: Իշխանությունն էլ մեկ Եվրոպայի հետ է խաղում, մեկ` ՌԴ-ի. ժամանակին կար մի կարկառուն ՀՀԿ-ական, ով ասում էր` պետք լինի, կգնանք իսլամական աշխարհ… Այստեղ շատ կարեւոր է ժողովրդի գործոնը: Քաղաքական ուժերն էլ պիտի հստակ դիրքորոշում ունենան: Ժողովուրդը չպիտի թույլ տա, որ իր ճակատագիրը, իր ապագան բախտի քմահաճույքին հասցնեն: Բայց դե, մեր երկրում ամեն ինչ կոտրել են, անցած տարիների ընթացքում կոտրել ու ժողովրդի մեջ նսեմացրել են անկախության ու անկախ մարդու գաղափարը, քաղաքական դաշտը դեգրադացիայի են ենթարկել, եւ այսօր, երբ պետության համար շատ կարեւոր խնդիրներ կան որոշելու… Միգուցե իշխանության ցանկությունն էլ դա չի, բայց իրենք արդեն չեն կարողանում դիմադրել: Իշխանությունը չունի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, հետեւաբար գերտերությունները նրանց նաեւ ինչ-որ բաներ են պարտադրել:

– Մաքսային միություն գնալը մեզ համար լա՞վ է, թե՞ վատ՝ ըստ Ձեզ:

– Մեզ համար շատ կարեւոր է ապահովել մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը: Պետք է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարելով` մեր երկիրը տանել այնտեղ, որտեղ շահեկան վիճակ կլինի: Այս կամ այն դաշինքում լինելն առաջին հերթին կարեւոր է, թե դրանից մեր երկիրն ինչ է շահում: Մաքսային միություն գնալով Հայաստանն ի՞նչ է շահելու, դա կնպաստի՞ ԼՂՀ-ի անկախությանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը, արտագաղթի կանխմանը: Եթե Հայաստանի համար արդյունավետ է` ինձ համար այդքան էլ կարեւոր չէ, թե ինչ ուղղություն է: Բայց եթե Մաքսային միություն ենք մտնում, եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ պետք է դրվի` դա, բնականաբար, ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի շահերից չի բխում: ՀՀ դիվանագիտական եւ տնտեսական կորպուսները պետք է անեն այդ հաշվարկները:

– Օգոստոս ամիսը բավական լարված ստացվեց. Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիվերսիոն հարձակումներ էր իրականացնում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վրա: Արդեն տեւական ժամանակ անց ավելի սառը եւ սթափ դատելով` ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդ քայլերին եւ ի՞նչ ստացավ:

– 1988-ի շարժման ոգին, ղարաբաղյան պատերազմում ունեցած հաջողությունների ոգին մեզանում դեռ պահպանված է ինչ-որ չափով: Շատ ու շատ ազատամարտիկներ` չնայած այս տարիներին կրած բազում զրկանքներին ու ենթարկված փորձություններին, նորից պատրաստակամություն հայտնեցին` հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում դիրքերում, զինվորների կողքին աջակցելու: Սա շատ կարեւոր հանգամանք էր:
Պակաս կարեւոր չէր հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը, ընդդիմության կեցվածքը, որն իրեն խռովկան երեխայի նման չպահեց, ու զգալով վտանգը՝ անմիջապես միասնական դիրքորոշում ցուցաբերեցին խորհրդարանում:

Դա քաղաքական ուժերին հարիր կեցվածք էր: Էլ չեմ խոսում մեր զինվորների արիության, առանձին դեպքերում նաեւ խիզախության մասին: Այդ ամենն Ադրբեջանին ստիպեց հասկանալ, որ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված է ստանալու:
Այս ամենը նաեւ շատ լավ օրինակ են իշխանության ու բանակի ղեկավարության համար, որպեսզի գիտակցեն` բանակը քաղաքական գործընթացների մեջ չպետք է մտնի, որպեսզի արժանանա հասարակության վստահությանն ու հարգանքին: Մեր բանակը պետք է զերծ մնա քաղաքական թոհուբոհերից, քանզի մեր պետության անվտանգության թիվ մեկ երաշխավորն է: Դա բարդ բան է, բայց բանակի ղեկավարությունը պետք է հասկանա, քանզի պետությունը միայն իշխանությունը չէ, այլ ողջ ժողովուրդը: Ու այս տեսանկյունից բանակը պետք է պետության անվտանգությունն ու շահերը պաշտպանի:

– Ի դեպ, առաջին նախագահն այդ օրերին հրապարակած իր հարցազրույցում նաեւ քննադատեց բանակի ղեկավարությանը` ասելով, որ ադրբեջանական դիվերսիաներին արժանի հակահարված չի տրվում: Այդպե՞ս էր:

– Ես նախագահի ասածները չեմ մեկնաբանում, հարցն իրեն ուղղեք, բայց հիշեցնեմ, որ առաջին նախագահն ասաց, որ պետք է հակառակորդին անհապաղ ադեկվատ վերաբերմունք ցուցաբերվի, ու դա դրական ազդեցություն ունեցավ:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930