Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական նոր գամբիտ

Դեկտեմբեր 04,2014 17:00

Ռուս-ադրբեջանական ռազմավարական
հարաբերություններին չի զիջում ռուս-թուրքականը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ մեկ տարի առաջ` դեկտեմբերի 2-ին, ժամանել էր Երեւան: Դեկտեմբերի 2-ը խիստ խորհրդանշական օր էր. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի անկախ հանրապետության պետական վերջին գործողության արդյունքում ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը, փաստորեն, հրաժարվում էր իշխանությունից: Դեկտեմբերի 2-ին Գյումրիում Պուտինը արձանագրեց Կրեմլի նպատակները. «ՌԴ-ն Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում` հիմնվելով այն լավագույնի վրա, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից»:

Putin_Serj

Վերոնշյալ պետական այցից մեկ տարի անց՝ դեկտեմբերի 1-ին, Պուտինը պետական այցով ժամանեց Թուրքիա: Անկարայում անցկացվեց ռուս-թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստը, Էրդողանն ու Պուտինը քննարկեցին տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, բայց ռուս-թուրքական բանակցությունների գլխավոր թեման գազն էր: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասել էր 32.7 միլիարդ դոլարի:

Անկարա այցի նախօրեին թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Պուտինը նշել էր, որ Թուրքիան հեռատես դիրքորոշում է որդեգրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում` չմիանալով դրանց: «Բարձր ենք գնահատում որոշումներ կայացնելու հարցում Թուրքիայի ինքնուրույնությունը, այդ թվում նաեւ ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ: Թուրք գործընկերները չսկսեցին իրենց շահերը զոհաբերել հանուն օտարների քաղաքական հավակնությունների: Կարծում եմ, որ դա իսկապես մտածված ու հեռատես հաշվարկ է: Ձեր կառավարության դիրքորոշումը նոր հորիզոններ է բացում երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման համար»: Պուտինի խոսքերով՝ «Թուրքիան ռուսական գազի երկրորդ գնորդն է Եվրոպայում՝ Գերմանիայից հետո: Նախորդ տարի ՌԴ-ն Թուրքիային մատակարարել է 26.6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կգերազանցվի այդ ցուցանիշը»: Պուտինն ընդգծել էր, որ Մոսկվան հասկանում է, թե ռուսական էներգակիրները որքան կարեւոր են Թուրքիայի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման համար:

Դեկտեմբերի 1-ին Պուտինն Անկարայի «Էսենբողա» օդանավակայանից ուղեւորվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր, ուր եւ ծաղկեպսակ է դրել նրա գերեզմանին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «ՌԴ-ում խորապես պատվում են Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հիշատակը: Բարձր ենք գնահատում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մեջ»:

Ռուսական կողմը Անկարա էր մեկնել գրեթե կառավարության ողջ կազմով` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի, տնտեսական զարգացման, արդարադատության, տրանսպորտի եւ աշխատանքի նախարարներ Ալեքսանդր Նովակը, Անդրեյ Ուլյուկաեւը, Ալեքսանդր Կոնովալովը, Մաքսիմ Սոկոլովը եւ Մաքսիմ Տոպիլինը,

«Ռոսսոտրուդնիչեստվայի» ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաեւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտին-Էրդողան դռնփակ բանակցությունները տեւել էին երեք ժամ` նախատեսվածից գրեթե երկու ժամ ավելի: Այս հանդիպման ավարտին ներկայացված արդյունքները բավական տպավորիչ էին: ՌԴ-ի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարություններն ու գազային ընկերությունները նախագահների հանձնարարությամբ կարճ ժամանակում կմշակեն նոր գազատարի կառուցման նախագիծ: Այս գաղափարն ի հայտ եկավ անմիջապես այն պահին, երբ Պուտինն Անկարայում սենսացիոն լուր հայտնեց` ՌԴ-ն որոշել է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցումից՝ կապված նախագծի իրագործմանը խոչընդոտող Եվրահանձնաժողովի դիրքորոշման ու Բուլղարիայի կողմից թույլտվության բացակայության հետ: Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» ծրագրի հզորությունը կազմելու էր տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ, ՌԴ-ն մտադիր էր գազատարը շահագործման հանձնել 2018-ին:

Այսպիսով, «Գազպրոմը» եւ թուրքական «Բոթաշը» հուշագիր են ստորագրել Սեւ ծովով նոր խողովակաշար անցկացնելու մասին, որով տարեկան կմատակարարվի 63 միլիարդ խորանարդ մետր գազ: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը մանրամասնել է, թե Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա կառուցվելիք նոր գազատարով կմատակարարվի 63 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 14 միլիարդ խորանարդ մետր գազը նախատեսված կլինի Թուրքիայի համար, իսկ մնացյալ մոտ 50 միլիարդ խորանարդ մետրը կհասնի Թուրքիայի ու Հունաստանի սահման:

Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց, որ համաձայնության են հասել Անկարային 6 տոկոս զեղչով գազ մատակարարելու հարցում. «Մենք նախագահ Էրդողանի հետ համաձայնության ենք եկել, որ մենք թուրք գործընկերների խնդրանքով, հաշվի առնելով նավթագազային ոլորտում համագործակցությունը, 6 տոկոսով կիջեցնենք «կապույտ վառելիքի» գինը թուրք սպառողների համար»:

«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ստորագրություններով ամրագրել են ատոմային բնագավառում եւ հարակից ոլորտներում կադրերի պատրաստման շուրջ փոխըմբռնման հուշագիրը: ՌԴ-ն, ըստ էության, կդառնա Թուրքիայում կառուցվող Ատոմային էլեկտրակայանի սեփականատերը՝ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է Պուտինը` հավելելով. «Նախագիծն ինքնատիպ է այն իմաստով, որ առաջին անգամ կառուցվում է «վճարիր, տիրիր, շահագործիր» սկզբունքով: Այսինքն՝ ռուսական ընկերությունը լինելու է այդ կայանի սեփականատերը: Իհարկե, դա հսկայական ներդրում է՝ 20 մլրդ»:

Պուտինն ու Էրդողանը համատեղ մամլո ասուլիսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման թեմաներին որեւէ անդրադարձ չարեցին, ինչը փոքր-ինչ անսպասելի էր: Ռուս-թուրքական բանակցությունների մեկնարկից առաջ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Սակայն հատկանշական է, որ ռուս-թուրքական բանակցություններից հետո ՀՏրրՌÿ-24 հեռուստաալիքին հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որում անդրադարձել է նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին. «Մոսկվայի եւ Բաքվի միջեւ այսօր չկան չլուծված հարցեր: Այսօր Ադրբեջանն ու ՌԴ-ն հարեւան երկու երկրներ են, որոնք ակտիվորեն զարգանում են եւ պատրաստ են դիմակայել արտաքին յուրաքանչյուր ազդեցության: Մենք ունենք լավ պոտենցիալ նավթագազային ու տրանսպորտային ոլորտներում: Մենք շահագրգռված ենք «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի աշխատելով: Մենք նաեւ ընդլայնում ենք դեպի ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի արտահանման պոտենցիալը: Լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում. ոչ մեծ հեռավորությունը, չկա լեզվական պատնեշ: Եվ վերջապես՝ մշակույթը. ամեն շաբաթ Բաքվում ելույթներ են ունենում ռուսական կոլեկտիվները: ՌԴ-ն Ադրբեջանի համար շարունակում է մնալ որպես ընկեր ու գործընկեր»: Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Ալիեւը նշել է, թե «տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը փորձում է պահպանել ստատուս քվոն, այս տարին տարբերվել է մյուսներից, քանի որ ԵԱՀԿ-ի երկրները սկսել են ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին, ինչը երբեւէ չի եղել նախկինում»:

Ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին, փաստորեն, այսօր չեն զիջում ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխհարաբերությունները: Մոսկվան ու Կրեմլը խորացնում են հարաբերությունները` ցուցադրելով Արեւմուտքի հետ իրենց տարաձայնությունները:

Մեկ տարի առաջ, երբ Գյումրիում Պուտինը արձանագրեց, որ ՌԴ-ն Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել եւ ընդհակառակը՝ պատրաստվում է էլ ավելի ամրապնդել դիրքերը, իսկապես անկեղծ խոստովանություն էր: Այլ հարց է, թե ինչ գնով է Մոսկվան իր նպատակները կյանքի կոչում, եւ Հայաստանն ինչ է շահել մինչ այժմ ու կարող է «շահել» Պուտինի աշխարհաքաղաքական ամբիցիաների ցուցադրումից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031