Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ ԵՏՄ-ին միանալով՝ գազի գինը նվազեցվել է»

Դեկտեմբեր 06,2014 15:30

Վահագն Խաչատրյանը հակադարձում է տնտեսագետ Աշոտ Թավադյանին

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը նոյեմբերի 29-ին «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու մասին՝ այնպիսի առավելություններ էր ներկայացրել, որ եթե ԵՏՄ-ին չմիանանք, կարելի է կարծել՝ Հայաստանը կործանվելու է: Պարոն Թավադյանն ասել էր. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ մենք ստացանք գազի գնի նվազում 30%-ով»:

«Իրականում պարոն Թավադյանը որեւէ լուրջ հաշվարկ կամ հիմնավորում չի ներկայացնում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը պատասխանելով Թավադյանի հայտարարությանը՝ հիշեցրեց, որ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը վաճառվեց «Գազպրոմին», եւ հայտնի գազային պայմանագիրը կնքվեց անցյալ տարի դեկտեմբերին, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ակտիվ գործունեությունը սկսվել է այս տարվանից: «Գազային պայմանագրով հստակ սահմանված է՝ ՀՀ սպառողները «Գազպրոմից» գազ են ստանալու Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող գազի միջին գնով, այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ ԵՏՄ-ին անդամակցելը որեւէ առնչություն չունի գազի գնի հետ՝ իբր մեզ լավություն են արել ու 30% նվազեցրել են: Այսինքն՝ եթե այդ 30% նվազեցումը չլիներ, հիմա մեզ համար գազի գինը լինելու էր 500 դոլար, ասեմ՝ ՀՀ սպառողներն ի վիճակի չեն կամ այդքան գնողունակ չեն, որ 500 դոլարով գազ սպառեն: Նշված հիմնավորումները տնտեսագիտորեն ընդունելի չեն: Ավելի ճիշտ կլիներ պատասխանեին՝ ինչու է 2 անգամ թանկանում գազը՝ մինչեւ հասնում է հայ սպառողին»:

ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի համար մյուս շահավետ պատճառը պարոն Թավադյանը նշել էր. «Ռուսաստանը խոստացել է 2 միլիարդ ներդնել Հայաստան, որը ուշանում է, քանի որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Ներդրումները անպայման լինելու են, ուղղակի մի քիչ հետաձգվում է»: «Սա էլ չպետք է հիմք ընդունել՝ իբր թե այդ ներդրումները ԵՏՄ-ն կապահովի: Հայաստանում ներդրումներն էլ կապ չունեն դրա հետ. դա կապված է Հայաստանի ներքին իրավիճակի հետ. եթե լավ է իրավիճակը՝ ներդրողներ կլինեն, լավ չի լինի՝ չեն լինի: Ներդրումներ ունենալը կապ չունի, թե դու որ միության անդամ ես դառնում. եթե այդպես լիներ, ուրեմն Ռուսաստանում ներդրողների պակաս չպիտի լիներ՝ հաշվի առնելով գրավչությունն ու ռեսուրսները: ԵՏՄ անդամակցության համար ավելի լուրջ հիմնավորումներ կարելի էր տալ»,- նկատեց պարոն Խաչատրյանը:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը ԵՏՄ-ին միանալու մեկ այլ առավելություն էր նշել՝ ՌԴ-ն 270 միլիոն դոլար վարկ կտա Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) արդիականացնելու համար: Վահագն Խաչատրյանը նկատում է, որ իրականում Ռուսաստանն ամենաշահագրգիռն է այս ոլորտում. ՌԴ-ն ձգտում է ատոմային զարգացման խնդիրները լուծել տարբեր երկրներում: Բայց շուտով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետն ավարտվում է, իսկ այն վերագործարկելն առանց լուրջ տեխնիկական հիմնավորումների չի կարելի: Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ շատ ավելի շահավետ ու ձեռնտու կլինի Հայաստանի համար սեւեռվել վերականգնվող էներգետիկայի վրա, եւ եթե անգամ վարկ ենք ստանում, ապա այն չուղղել ՀԱԷԿ-ին. «Ես կողմնակից եմ ատոմակայանը 2017-ին փակելուն, ու լավ կլինի վարկ չվերցնել, մենք էներգիայի ավելցուկ ունենք, մեր էներգետիկ ռեսուրսներն ավելին են, քան եղած պահանջարկը: Եվ եթե վարկ է ստանալու կառավարությունը, ճիշտ կլինի այն ներդնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, սա ավելի մատչելի է դառնում տարեցտարի, եւ ի վերջո մենք կախվածությունից կազատվենք, այդ վարկը ջերմաէլեկտրակայան կառուցելու համար կարելի է օգտագործել»:

Պարոն Խաչատրյանը հորդորեց բնակչությանը թյուրիմացության մեջ չգցել՝ ասելով, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի համար շահավետ պայմաններ են ստեղծվում: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ Թավադյանի նույն հիմնավորումների շարքից է, թե ԵՏՄ-ն Հայաստանին 4-4.5% ՀՆԱ աճ կապահովի: «Չի կարող այդպիսի բան լինել, օրերս էլ ֆինանսների փոխնախարարն էլ ասում էր՝ 1.5-2% լրացուցիչ աճ կլինի: Չկա նման բան, իրականում որեւէ տեղ չկա լուրջ մասնագիտական հաշվարկ, թե ԵՏՄ անդամակցումն ինչ կտա, ասենք՝ 2015 թվականին որքանով գները կբարձրանան: Չկա որեւէ լուրջ հաշվարկ, թե ԵՏՄ անդամակցումն ի՞նչ ձեւով է ազդելու մակրոտնտեսական միջավայրի վրա. մի տեղ ասում են՝ 4-4.5%, եթե բացվի աբխազական երկաթգիծը, եթե աշխատի Իրան-Հայաստան երկաթուղին, եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը լինի: Եթե «եթե-ներով են» հաշվարկում, կարող են 20% էլ ասել: Իրենց նշած աճը իրական կյանքում իրականություն չի դառնա. մոտ ապագայում ՀՆԱ լրացուցիչ աճ չենք ունենալու»,- ասաց պարոն Խաչատրյանը: Նրա վստահեցմամբ՝ նույնը կարելի է ասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի մասին, պարզապես այս դեպքում, ըստ պարոն Խաչատրյանի, ասում էին՝ մոտակա 15 տարում 1.5% լրացուցիչ աճ կլինի. «Իրականում երկրի զարգացման պոտենցիալը մեր երկրի ներսում է, դրսից ոչ ոք պոտենցիալ չի տա մեզ, եթե մենք մեր ներսի պոտենցիալը չօգտագործենք, դրսի ազդեցությունը զրո է: Ճիշտ կլինի մակրոտնտեսական վերլուծություն անեն, հետո ներկայացնեն՝ ԵՏՄ-ն ինչ կտա մեզ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031