Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի որդու՝ դեսպան գնալու առաջին տեսանելի քայլը․ Իրաքի նախագահը շրջագայեց Գյումրիում

Նոյեմբեր 23,2023 18:06

Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ Գյումրի այցելեց Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։

Նա եղավ Գյումրու Գորկու զբոսայգում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, այնուհետ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցում, որտեղ նրան սպասում էին ինչպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ Շիրակի մարզի տարբեր պաշտոնյաներ՝ համայնքապետեր, փոխհամայնքապետեր, առողջապահական հիմնարկների ղեկավարներ։

Հանդիպումը, որը հարցուպատասխան ֆորմատով էր, կրում էր «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ՝ միավորել նորարարությունները» խորագիրը։

Երկու նախագահներն էլ կարևորեցին այս ոլորտում երկու երկրների միջև սկսվող համագործակցությունը, ավելին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, թե Իրաքի տնտեսության զարգացումը տարիներ շարունակ պայմանավորված է եղել նավթով, բայց այսօր փոխում է իր իմիջը, նպատակը, որի մեջ մեծ տեղ ունեն բարձր տեխնոլոգիաները։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Իրաքի Հանրապետության նախագահի այցը Հայաստան պատմական է, Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը Իրաքի Հանրապետության առաջին նախագահն է, որն այցելում է Հայաստան, և իրենք նրան ծանոթացնում են հայաստանյան միջավայրին։

Ըստ ՀՀ նախագահի, Գյումրի այցելությունը ևս այդ նպատակն է հետապնդում, որպեսզի ՀՀ մշակույթին ծանոթացնեն։ Իհարկե, Գյումրին ընտրելու ու ներկայացնելու հարցում, ըստ նախագահի, մեծ դերակատարություն է ունեցել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանը։

«Քիչ է լինում, երբ պաշտոնական այցելության ժամանակ պետական պաշտոնյաները Երևանից տեղափոխվում են, դուրս են գալիս։ Սա եզակի դեպքերից է, և ես ուզում առանձնակի շնորհակալություն հայտնել մեծարգո պարոն նախագահին և իր պատվիրակությանը, որ ընդառաջեցին այս գաղափարին։

Վստահ եմ՝ սա լավ առիթ կլինի հետագայում մեր պետական այցելությունների ժամանակ մեր գործընկերներին ծանոթացնենք Հայաստանին»,-ասաց Վահագն Խաչատուրյանը։

Երկու նախագահների՝ «Սև Բերդում «տեղի ունեցած հանդիպման ժամանակ մի շատ կարևոր նորություն հաղորդվեց, բացվելու է ուղիղ չվերթ՝ Երևանից- Բաղդադ, Բաղդադից-Երևան։

Երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մարդկանց ազատ այցելություններ ապահովել երկու երկրներ և հնարավորություն են ստեղծելու ուղիղ թռիչք ունենալու։

«Պատկերացրեք՝ ուղիղ թռիչքը 1 ժամ, 1 ժամ՝ 10 րոպե է տևում, եթե միջնորդավորված թռիչք է լինում՝ 6-8 ժամ, եթե հարմարվում է թռիչքային ժամանակներն իրար հետ։ Իսկ բիզնեսի համար առավել նշանակություն ունի այդ մոտիկությունը՝ տարածքի առումով, ժամանակի առումով։ Մենք իրավունք չունենք մեր երկրի առավելությունները չօգտագործել։

Մենք շատ դեպքերում փնտրում ենք հաջողություններ այնտեղ, որտեղ չենք էլ կարող ունենալ։ Եվ չենք տեսնում մեր հաջողությունները, որ ունենք։

Հիշո՞ւմ եք Թումանյանի հայտնի հեքիաթը, «Անխելք մարդն էր», եթե չեմ սխալվում։ Շատ ներողություն համեմատության համար, բայց մեր մոտեցումները շատ դեպքերում դա են։ Մենք ունենք բարեկամական երկիր՝ հանձինս Իրաքի, որտեղ մարդկային առումով որևէ խնդիր չունենք, որտեղ պատրաստակամ են մեզ ընդունել, լսել, մեզ հետ համագործակցել, մենք, չգիտես ինչու, այս հանգամանքը թողել ենք մի կողմ, ուրիշ տեղ ենք փնտրում։

Մենք պարոն նախագահի հետ քննարկել ենք, որ գործարարների միջև շփումները սերտացնենք»,-ասաց ՀՀ նախագահը։

Վերջինս նաև ասաց, որ պիտի կարողանանք այլընտրանքային ուղիներ ունենալ տնտեսության զարգացման համար, իսկ Իրաքն այն երկիրն է, որ այդ ամենը խրախուսում է։

«Մեր մտածողության մեջ պիտի կարողանանք հաստատել այն գաղափարը, երբ որ կա այլընտրանք, մենք ավելի անվտանգ ենք դառնում, երբ որ այլընտրանք չկա, մենք վտանգի մեջ ենք։ Կարծում եմ՝ այսօր մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը հենց դրանում է եղել։ Եկեք ուղղակի օգտագործենք այն հնարավորությունները, որն ունի Իրաքը, լավ իմանանք Իրաքի ժողովրդին, տնտեսության պահանջները»,- ասաց ՀՀ նախագահը։

Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին Իրաք ճանապարհեցին Գյումրու օդանավակայանից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930