Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սմբատ Նասիբյանի՝ դոլար-դրամ արդար փոխարժեքը 550-600 դրամն է

Դեկտեմբեր 16,2014 23:01

Հայաստանը նոր ճգնաժամի մեջ է ընկնում, բայց օրինակ «Կոնվերս բանկի» ստեղծող, այս բանկի խորհրդի նախկին նախագահ, եւ կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ Սմբատ Նասիբյանը գտնում է, որ ճգնաժամերն, ընդհանրապես, լավ են: Պարոն Նասիբյանի դիտարկմամբ` ճգնաժամերը նոր բաներ ձեռնարկելու սկիզբ են, նոր բաներ  մտածելու եւ համախմբվելու նախապայման է:

Aravot.am-ի հետ զրույցում Սմբատ Նասիբյանն ասաց, որ այս ճգնաժամն ավելի ցավագին է լինելու եւ ցնցումն ավելի խորն է լինելու, քան  1994, 1998 թվականի Ռուսաստանի ճգնաժամի ազդեցությամբ կրեց Հայաստանը, եւ ավելի ցավագին է լինելու, քան 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամի ազդեցությունն էր: Այն տարիներին, ըստ Նասիբյանի, միջազգային ճգնաժամի ազդեցությունն էր, երբ  մարտին դրամը կտրուկ արժեզրկվեց, եւ Հայաստանի ֆինանսական ղեկավարների ոչ ճիշտ քաղաքականությունն ու դրանից հետո քայլերը բերեցին այսօրվա իրավիճակին. «Այն ժամանակ  լուծումները, որ տվեցին, բերեցին համախառն ներքին արդյունքի ամենամեծ  անկման` 14.6-18%»:

Սմբատ Նասիբյան.

Սմբատ Նասիբյան

Պարոն Նասիբյանի խոսքերով` անհրաժեշտ է որոշակի քայլեր նախաձեռնել, իսկ ավելի կոնկրետ` մի քանի սցենարներ մշակել, քննարկել եւ հասկանալ, որ տարբերակով շարժվել, որպեսզի ճգնաժամից նվազագույն վնասներով Հայաստանը դուրս գա: «2008 թվականին ի՞նչ կատարվեց` դրամական զանգվածը կրճատվեց, ու բացի նրանից, որ դոլար վաճառվեց մինչեւ հայտնի  «ցայտնոտային» վիճակը, ինչի իրավունքը չկար, 400 միլիոն դոլար մեր արտաքին պահուստների սպառում էր, ու հետո դրամական զանգվածի զսպում կատարվեց, ու դա բերեց նրան, որ  տնտեսությունում դրամազրկում եղավ, դրամն արժեզրկվեց: Այսինքն` որպեսզի փոխարժեքը կայունացվի, ինչ-որ մակարդակի վրա մեծ քանակությամբ դոլար վաճառվեց, եւ դրամական զանգվածի կրճատում կատարվեց:  2008-ի հոկտեմբերին` մեր տնտեսության ծաղկուն շրջանում շուկայում դրամական զանգվածը 600 միլիարդ դրամ էր, իսկ  2009-ի ապրիլին այն դարձավ 361 միլիարդ, կեսով կրճատվեց»:

Տնտեսագետն առաջարկում է` քննարկել եւ հասկանալ` արդյոք արժե՞ կրկնել 2008-2009-ի քաղաքականությունը, թե այլ մեխանիզմ կիրառել: Պարոն Նասիբյանի կարծիքով` եթե կրկնվի 2008-2009-ի դրամավարկային քաղաքականությունը, ապա այդպես, պարզապես, տնտեսությունը կփլուզվի:

Մյուս տարբերակը, ինչպես ասաց Նասիբյանը, իսկապես թողնել լողացող կուրս, եւ այն «լողա» այնքան, որքան շուկայի, տնտեսության համարի ընդունելի փոխարժեք կլինի:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ մարդիկ խուճապի մեջ են, եւ կարծես պատրաստ չէին այս իրավիճակին, պարոն Նասիբյանն ասաց` «Այո, հիմա խուճապ կա, կարելի էր քայլեր անել դրան չհասնելու համար: Ես ենթադրում եմ, որ  ֆինանսական ղեկավարությունը չէր սպասում, նրանք հավատում էին, որ 1 դոլարի դիմաց 411 դրամն արդար կուրս է, եւ այդ ժամանակ ինտերվենցիաներ արեցին: Իմ կարծիքով` կարելի էր դա չանել. սպասել մինչեւ վերին սահմանը, երբ շուկան կհանգստանար: Իմ կարծիքով` մեր ֆինանսական ղեկավարությունն իրականությունից կտրված է եւ համոզված է,  որ մեր դիրքերը շատ լավ են, իրենք ինքնավստահության տպավորություն են թողել, որ մեզ մոտ փոխարժեքի մեծ տատանումներ չեն լինի, եւ որոշակի գումարով կկարողանային հանգստացնել շուկան, կարծում էին կկանգնեն 1 դոլարին` 411 դրամ մակարդակի վրա»,-ասաց Նասիբյանը:

Նրա խոսքերով` մինչեւ հիմա չկա որեւէ լուրջ վերլուծություն` հասկանալու` թե ինչպիսի՞ կոռելյացիոն կապ կա ներմուծման, փոխարժեքի եւ բյուջեի կատարման միջեւ:

Հիմա ծայրահեղ վիճակ է տարածաշրջանում, եւ, ինչպես տնտեսագետն ասաց, առանց տարբերակներ չունենալու հնարավոր չէ ճիշտ քայլեր անել, պետք է հաշվարկներ անել, վերլուծել:

Պարոն Նասիբյանը հաշվարկել է` դոլար-դրամ արդարացի փոխարժեքը 550-600 դրամն է. մոտավոր թվեր ներկայացնելով, տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ այս փոխարժեքի դեպքում, չնայած որ հանրությունը, մենք բոլորս կաղքատանանք, բայց բյուջեն կկատարվի. «550-600 փոխարժեքի դեպքում մեր բյուջեն կհավասարակշռվի, տեղի կունենա ներմուծման ավտոմատ կրճատում: Օրինակ` եթե ներմուծման կրճատումը մոտ 1 միլիարդ դոլար լինի, դա կբերի բյուջեի կրճատման մոտ 400 միլիոն դոլարի, սա փոխհատուցելու համար պետք է կուրսը լինի 550-600 դրամ: Հայաստանում ամեն ինչ շատ պարզ է.  ասենք` կոպիտ թվերով` 1 միլիարդ դոլար արտահանումն է, 1 միլիարդ գալիս  է զբոսաշրջությունից, եւ 2 միլիարդ էլ գալիս է տրանսֆերտներով: Հիմա տրանսֆերտները գալու են ռուբլով, եւ միայն ռումբլու արժեզրկման հաշվին կրճատվելու է կեսով, իսկ եթե սրան գումարենք Ռուսաստանի տնտեսության վատ ցուցանիշները` մոտ 1 միլիարդ տրանսֆերտները կկրճատվեն, էլ չենք խոսում այլ գործոնների մասին: Ես կապ եմ տեսնում փոխարժեքի անկման եւ մեր բյուջեի կատարողականի միջեւ,  որովհետեւ մեր ներկրվող ապրանքներից գումարների մոտ 33%-ը գնում է բյուջե` որից 20%-ը ավելացված արժեքի հարկն է, մնացածը` մաքսազերծման գումարը. սա իմ գնահատմամբ` մոտ 1,3-1,5 միլիարդ դոլար է, եթե մեր ներկրումը կրճատվում է այդքանով, միայն ֆինանսների բացակայության պատճառով բյուջեն էլ չի կատարվի: Եթե մենք փորձենք փոխարժեքը պահել ասենք 420 դրամ, դա կբերի հետագա դոլարային մուտքերի կրճատման հետեւանքով  ներմուծման կրճատմանն ու բյուջեի կատարողականի տապալմանը: Պետք է բազա ստեղծենք ճգնաժամից նվազագույն ցավով դուրս գալու, ոչ թե մտածել` ամեն ինչ լավ է:

Հավասարակաշռված կուրսը 550-600 դրամն է, որի դեպքում ներմուծումը կկրճատվի, բայց բյուջեն չի տուժի, այս կուրսը կփոխհատուցի այն մուտքերի կրճատումը, որը մենք սպասում ենք: 600 դրամից բարձր կուրսն արդեն վտանգավոր կլինի, այդ դեպքում պետք է միջամտություն անել»:

Նշենք, որ 1 դոլարի գինն այս պահի դրությամբ արդեն հասել է 580 դրամի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031