Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան՝ Հրանտ Դինքի սպանությունից առաջ եւ հետո

Հունվար 29,2015 15:00

Հունվարի 19-ին լրացավ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարին, որը լայնամասշտաբ նշվեց Թուրքիայում: Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել Թուրքիայում Հրանտի սպանությունից հետո, ինչպիսի՞ բացահայտումներ եղան, ովքե՞ր են ներգրավված այդ սպանության գործում, ի՞նչ դերակատարում ունի Հրանտ Դինքը հայ-թուրքական հարաբերություններում եւ ի՞նչ գործունեություն է ծավալում նրա անունը կրող հիմնադրամը. այս եւ մի շարք հարցերին պատասխանում է հրապարակախոս-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

Վերջին ութ տարվա մեջ մեծ փոփոխություններ են նկատվում հանրապետական Թուրքիա կոչված վարչական տարածքում: Անփոփոխն այն է միայն, որ շուրջ 13 տարի է՝ իշխանության է եկել «Արդարություն եւ զարգացում կուսակցությունը», որի մուտքը ողջունել էր Հրանտը եւ ասել, որ «ավելի լավ է իսլամիստները քաղաքականությամբ զբաղվեն, քան կրոնով»: Հանրապետական Թուրքիան գոյություն ունի 1923 թվականից եւ միայն այսօրվա իշխանության օրոք է, որ Թուրքիայում ապրող այլազգիներն ինչ–ինչ իրավունքներ ձեռք բերեցին: Ցավալի էր, որ հենց այս կուսակցության իշխանության ժամանակ էլ կատարվեց Դինքի սպանությունը: Պարզվեց, որ պետության մեջ պետություն գոյություն ունի, եւ որ պետական պաշտոնյաների անվան տակ գործել են այս սպանությունը: Լրագրողական դաշտը հրաշալի քննություն էր կատարել եւ բացահայտել, որ գոյություն է ունեցել, իրենց իսկ բնութագրմամբ՝ «խորը պետություն»:

Hrant_Dinq_1

Դինքի սպանության գործով մեղադրվեց Տրապիզոնի ազգային անվտանգության ծառայության նախկին պետը, կան ձերբակալված եւս 2 պետական պաշտոնյա, որոնց ինքնությունը, գործի, իբր թե, անաչառ քննությունից ելնելով, դեռ չի հրապարակվում:
Վերջերս Իրաք-Թուրքիա սահմանի Ջիզրե քաղաքում, որտեղ սպանվեց անչափահաս մի քուրդ տղա, բախումներ հրահրելու համար մեղադրվեց Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը հանդիսացող ոստիկանապետը: Այս պատճառով ապստամբություն եղավ Ջիզրեում: Եվ ողջ Թուրքիան ըմբոստացավ, որ Դինքի սպանության մեջ մեղադրվող ոստիկանապետը ազգամիջյան բախումներ է հրահրում: Սա նորություն էր Դինքի գործում:

Սարգիս Հացպանյանը չգիտի մեկին, որ Դինքի նման կարողանար ժողովրդավարություն արթնացներ Թուրքիայում: Մեր զրուցակիցը գտնում է, որ Հրանտ Դինքը, ում նա ճանաչում է 1968 թվականից, մեծ գործ է արել՝ իրեն հատուկ գրագետ խաղով: Դինքն ասում էր՝ «եթե Թուրքիայում ապրող հայերս մեր հարցերի մասին չբարձրաձայնենք, ապա ո՞վ պետք է դա անի: Ոչ թե այլ պետությունները պետք է ցեղասպանությունը ճանաչեն, այլ հենց Թուրքիան պետք է ճանաչի, նա պետք է առերեսվի իր պատմության հետ, մենք պետք է երկխոսենք, մինչդեռ անհարկի էներգիա ենք վատնում տարբեր երկրների ոտքը գնալով: Ու պետք է երկխոսենք այժմյա նոր սերնդի՝ 20-25 տարեկան երիտասարդների հետ, որոնք, ցավոք, ոչինչ չգիտեն ճշմարտության մասին»:

Ս. Հացպանյանը փաստեց, որ Թուրքիայում ապրող անկեղծ մտավորականների, համալսարանականների, ակադեմիական շրջանակներից ոմանց եւ ըմբոստ ուսանողների խիզախելու արդյունքում է, որ հայկական եւ այլ հարցեր բարձրացվում են: Թուրքիայում իրադարձություններն այսօր կարելի է բաժանել 2 ժամանակաշրջանի՝ մինչեւ Հրանտի մահը եւ նրանից հետո: Նրա սպանությունից տարիներ հետո էր, որ երիտասարդությունը դուրս եկավ փողոց՝ Թաքսիմի հրապարակի «Գեզի զբոսայգու» խնդրով: Դինքն ասում էր, որ չպետք է թաքցնել մեր ինքնությունը, այժմ դավանափոխ շատ հայեր իրենց երեխաներին տանում են Կ.Պոլսի հայկական դպրոցներ, որտեղ հայեցի դաստիարակություն կա:

Երբ Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրեց Գալիոպոլի հաղթանակի տոնակատարությանը ապրիլի 24-ին, Պոլսո հայությունն ըմբոստացավ նրա դեմ՝ ասելով. «դուք մեզ ձե՞ռք եք առնում»: Հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպությունն, օրինակ, ուր շատ են 18-20 տարեկան հայ երիտասարդները, գտնում է, որ հայությունը դերակատարում պետք է ունենա նաեւ քաղաքականության մեջ, 20 տարի առաջ նման բան չէր լինի, հիմա նման հարցեր են բարձրաձայնվում: Պոլսում գործող «Մուսալեռցիների Հայրենակցական Միության» ատենապետ Միսաք Հերգելյանը դեռ Սերժ Սարգսյանի պատասխանից 2 օր առաջ էր Էրդողանին քննադատել՝ հայտնելով, որ հրավիրողը չի կարող նախապես հյուրընկալվել հրավիրյալին: Դրան հետեւել էին լուրջ, քննադատական հոդվածներ Էրդողանի նկատմամբ:

Հ. Դինքի մահվան տարելիցներին Թուրքիայի Հանրապետության տարբեր բնակավայրերում հազարավոր այլազգիներ, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, դուրս են գալիս փողոց՝ վանկարկելով՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք», պարզած նույնանուն պաստառները: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ Դինքի թաղման նման արարողություն, որ հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեն, երբեւէ չի եղել:
Այսօր Պոլսո ամենամեծ թաղամասի՝ Բաքըրքյոյի իշխանությունների ընդդիմադիր ղեկավարն առաջարկել է քաղաքի փողոցներից մեկն անվանել նրա անունով:
Սարգիս Հացպանյանը համառոտ ներկայացրեց Թուրքիայում «Էվերեստ» հրատարակչության լույս ընծայած՝ թուրք կին հեղինակ Թյուբա Չանդարի՝ Հրանտ Դինքին նվիրված հաստափոր, լուսանկարներով լի գիրքը: Այն բավականին անկեղծ պատմում է Դինքի պապի, տատի ու եղեռնին զոհ գնացած նախնյաց մասին եւ ներկայացնում նրա կենսագրությունն ամենայն մանրամասնությամբ: Պարոն Հացպանյանը փաստեց, որ ինչպես այս, այնպես էլ հայությանը վերաբերող այլ գրքեր այսօր մեծ պահանջարկ ունեն Թուրքիայում: Շատ մարդիկ՝ նաեւ այլազգի, Պոլսում կամ այլուր իրենց երեխաներին Հրանտ են կոչում՝ ի հիշատակ Դինքի:

Արցախում գտնվելու պատճառով հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ներկա չէր եղեռնագործ Ջեմալ փաշայի թոռ, Թուրքիայում հայտնի մտավորական, լրագրող Հասան Ջեմալի երեւանյան զույգ հանդիպումներին: Վերջինիս «1915-Հայոց Ցեղասպանությունը» գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին տեղեկացել էր ԶԼՄ-ների հրապարակումներից եւ դրան ներկա եղած մտերիմներից: Եվ նա մի անգամ եւս ընդգծեց, որ բացառիկ երեւույթ է, երբ հայերի ցեղասպանությունը իրագործող ոճրագործների պարագլուխներից մեկի թոռը գիրք է գրում, որում ներկայացնում է պատմական իրողությունը եւ հորդորում է Թուրքիային ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ փոխհատուցումների հետ կապված հարցում վարել բանակցություններ հայերի հետ, մինչդեռ Երեւանում նրան քարկոծել են՝ մեղադրելով սուտ հայամետության մեջ: Ավելի մեծ ցավ էր, երբ գիտակցաբար մահվան գնացած մի սքանչելի հայ մարդու՝ Հրանտի անունը մեզանում հոլովվել է բացասաբար, եւ որ Հրանտի անվան նմանատիպ օգտագործումն ու նրա դեմ անհեթեթ հարձակումներն իր համար անընդունելի են: Եվ հորդորեց հատկապես նրանց, ովքեր Երեւանում նման տգեղ վարմունք են ցուցաբերել, թող փորձեն անել նրա արածների մեկ հազարերորդ մասը, հետո նոր խոսելու իրավունք ձեռք բերեն: «Սակայն ոչ ոք չի արել եւ չի կարող անել նրա արածները»: Հրանտն անգամ անձնագիր չի ունեցել, եւ միակ հայորդին էր, որ զրկված էր ազատ տեղաշարժվելու իրավունքից: Հրանտ Դինքը խոշտանգվել է թուրքական զնդաններում, նրա ողջ ընտանիքը հալածվել է: Դինքի եղբայրները՝ Խոսրովն ու Երվանդն անում են ամեն ինչ, որպեսզի այսօր Թուրքիայի հասարակությունը հասնի այն գիտակցության, որ հայկական հարցը լուրջ հանգամանք է, որին Թուրքիան պետք է առնչվի ու դրա համար մարդիկ են պետք, որոնց հետ հարկ է աշխատանք տարվի: Մինչդեռ այստեղ՝ հայոց մայրաքաղաքում, մեղադրում ենք նրանց:
Անցյալ տարի «Հրանտ Դինք» հիմնադրամի ջանքերի շնորհիվ Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից դավանափոխ հայեր եկան Հայաստանի Հանրապետություն, նրանցից մի զույգ եկեղեցում կնքվեցին՝ ստանալով հայկական անուն-ազգանուններ, ոմանք էլ հայտեր ներկայացրին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Այսօր Տիգրանակերտում, Մուշում եւ Դերսիմում հենց իրենց՝ հայկական ինքնությունից զրկված մեր հայրենակիցների նախաձեռնությամբ հիմնվել եւ գործում են հայկական վերազարթոնքի նպատակ հետապնդող կազմակերպություններ, որոնք իրենց նման բռնի իսլամացած հազարավոր հայերին օգնում են վերադառնալ իրենց իսկական ինքնությանը:
Դինքի հիմնադրամի եւ Պոլսի համալսարաններից մեկի միջոցով Ստամբուլում դավանափոխ հայերին նվիրված 4-օրյա գիտաժողով էր կազմակերպվել, որտեղ խոսք են ասել նաեւ Հայաստանից հրավիրված մասնագետները: Ո՞վ է, ի վերջո, թուրք հասարակությանը հասցնելու հարաբերությունների զարգացման միտումները, եթե ոչ այս աշխատանքին լծված նմանօրինակ մարդիկ: Եվ ի վերջո, ո՞վ կարող է իրեն թույլ տալ 24 ժամ թուրքերի մեջ ապրող հայի հանդեպ բացասական արտահայտվել:

«Գիտե՞ք, որքան դժվար է լինել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եւ միաժամանակ զբաղվել հայկական ինքնության հարցերով: Դա պարզապես հերոսություն է»,- ասաց Ս. Հացպանյանը եւ հիշատակեց նախկին պոլսահայ, Մխիթարյան Միաբանությունից Հայր Լեւոն Զեքիյանի խոսքերը. «Թուրքիայում ապրող հայի մասին խոսք ասելուց առաջ, խնդրում եմ տասն անգամ մտածել. կամ ոչինչ մի ասեք, կամ էլ Ձեզ մեկ անգամ այդ մարդկանց տեղը դրեք: Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում, ինչպես են անում եւ երբ են անում»:

Սարգիս Հացպանյանն ինքը ծնունդով Կիլիկիայի Ալեքսանդրետ քաղաքից է, մեծացած եւ ուսումնառության տարիներն անցկացրած լինելով Պոլսում՝ լավ գիտի, թե ասվածներն ինչ են նշանակում: «Դա 24-ժամյա կրակե շապիկ հագնելու է նման, երբ ապրում ես քեզ ցեղասպանության ենթարկածների մեջ: Հրանտին դրա համար սպանեցին, իսկ նրա փոքր եղբայր Երվանդ Դինքը հայկական մամուլի ներկայացուցիչներին հարցազրույց տալիս ասել է, որ թուրք ազգայնամոլները Հասան Ջեմալի սպանության համար արդեն որոշում են կայացրել: Այդուհանդերձ, երիտասարդ համալսարանականները սկսել են հաճախ գիտական թեզերում անդրադառնալ հայկական թեմաներին, փորձում են առերեսվել հայկական իրողության հետ: Թուրք եւ հայ հասարակությունների միջեւ հարաբերությունները պետք է զարգանան, եւ հարցերն ի վերջո նրանց միջեւ պետք է լուծվեն»,- ամփոփեց Սարգիս Հացպանյանը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031