Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանական մեթոդները հետ են գալիս

Փետրվար 04,2015 18:30

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` «դիմակով մարդ ծեծելու» ավանդույթի
եւ «մեկ-երկու ասեղ կամ ատամի խոզանակ ավելի հայտարարագրելու» մասին

– Շաբաթ օրը դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը տարբեր կերպ մեկնաբանվեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ եւ ինչո՞ւ եղավ:

– Անկեղծ ասած՝ այստեղ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն, ինչ որ տեղի է ունեցել Բերձորում՝ միանշանակ դատապարտելի է: Ես տեսել եմ համացանցում հայտնված կադրերը: Ծեծում էին հատուկ դաժանությամբ, կոտրում մեքենաների ապակիները: Որքան հասկացա, Արցախից նույնպես օպերատորներ կային, թող իրադարձությունների իրենց պատկերացումները ներկայացնեն: Բայց, համենայնդեպս, նման ձեւով վարվել անզեն ու խաղաղ մարդկանց հետ չի տեղավորվում ո՛չ խղճի, ո՛չ օրենքի եւ ո՛չ էլ քաղաքական տրամաբանության մեր պատկերացումներում:

Այստեղ, սակայն, երկրորդ կարեւոր հանգամանքը կա: Մեզ համար Հիմնադիր խորհրդարանի գործողությունների ոճը, քայլերի տրամաբանությունը երբեք ընդունելի չեն եղել: Հիմա խոսում են ապրիլի 24-ին «ռեժիմը փոխելու» մասին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը եթե Երեւանի կենտրոնում թեկուզ մի հայի քթից արյուն գա, վարկաբեկելու ենք մեր Դատը ողջ աշխարհի առջեւ: Պարզ է, չէ՞, որ այդ օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է լինելու Երեւանին: Ավելին՝ ընկալելի չէ Երեւանից գնալու եւ Արցախում ցույց անելու տրամաբանությունը: Արցախցին քի՞չ դարդ ու ցավ ունի, որ մի հատ էլ Երեւանից գնան ցույց անեն: Սահմանը մի քանի կիլոմետրի վրա է, ամեն օր դիվերսիոն գործողություններ են, ի՞նչ կարիք կա ներքաղաքական խնդիրներին խառնել նաեւ Արցախը: Բացարձակ ոչ մի:

– Վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ ծեծը հաճախ է դրսեւորվում որպես վերաբերմունք: Այդ ժամանակները, փաստորեն, մեզ համար անցած փուլ չե՞ն:

– Ճիշտ եք, վերջին շրջանում պարբերաբար ֆիզիկական հաշվեհարդարներ են տեղի ունենում: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հետո նման երեւույթներ մեր քաղաքական-հասարակական կյանքում տեղ չէին գտնում, ինչն էլ, բնականաբար, ողջունելի էր: Վերջին ամիսներին տեղի ունեցածները դուրս են ընդհանուր տրամաբանությունից: Դիմակով մարդ ծեծելուց ավելի ցածր, ավելի զազրելի երեւույթ գոյություն չունի: 2007թ.-ին ինձ վրա էլ հարձակվեցին նույն ստոր ոճով, բայց երեւի մի քանի անգամ դաժան: Գիտեք, ինչ-որ տեղ ես կհասկանամ, որ եթե համացանցում իրենց հայհոյում են, գնաս ու բաց, հստակ հաշիվ պահանջես: Շատ դեպքերում անցնում են կարմիր գիծը, խառնում ընտանիքներ, որը ոչ մի կերպ ընկալելի չէ: Բայց դրան ի հակառակ՝ դիմակով հարձակումներն էլ առանձնապես չեն փայլում ազնվությամբ: Դրա հետ մեկտեղ՝ օբյեկտիվորեն մեր երկրում կան հազարավոր խնդիրներ: Ի՞նչ է, քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելուց հետո Հայաստանում օլիգարխիա չպե՞տք է լինի, մենաշնորհները պետք է վերանա՞ն, պետական համակարգում կոռուպցիան պետք է դադարի՞ իշխել իբրեւ հասարակական հարաբերությունների կառուցման անկյունաքար: Իհարկե՝ ո՛չ: Այս են մեր երկրի իրական խնդիրները, այս մարտահրավերներն են իշխանությունների եւ ողջ հասարակության առջեւ, այլ ոչ թե ֆեյսբուքչիները:

– Ովքե՞ր են «թշնամիներն»՝ ըստ Ձեզ:

– Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար երկրում թշնամիներ գոյություն չունեն: Ատելության այն աստիճանը, որ թափվում է տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ նաեւ մեզ վրա, իհարկե՝ պատվիրված, սակայն ընկալելի չէ: Մենք չենք պատրաստվում իջնել նույն հարթության վրա ու անցնել «գող փիսո, քաչալ շուն» լեքսիկոնին: Այն, ինչ ասել ու ասելու ենք, հստակ է, փաստարկված եւ կառուցողական:
Ի դեպ, մարտի 14-ին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեծ շուքով պատրաստվում է նշել իր 128-ամյակը: Այդ օրը ՍԴՀԿ-ն նաեւ հանդես կգա քաղաքական պլատֆորմի իր բանաձեւով:

– Քանիցս հայտարարել եք, որ ՍԴՀԿ-ն մանր ու միջին գործարարության շահերից է հանդես գալու: Արդեն մի քանի ամիս է, ինչ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը փողոց է հանել հարյուրավոր մարդկանց, կառավարության հետ բանակցությունները շարունակվում են, բայց վերջնական լուծում չկա: Ո՞ւմ կողքին է ՍԴՀԿ-ն:

– Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում դասակարգային պայքար է սկսվել բոլոր փոքր եւ միջին ձեռներեցների դեմ: Կարծես թե վերադառնում ենք 20-րդ դարի 20-ական թվականները, երբ ԽՍՀՄ-ը որպես «թշնամական» խավ էր դիտարկում բոլոր այն մարդկանց, ովքեր երկու հավից ավելի ունեին: Այս ծանր սոցիալական իրավիճակում ՍԴՀԿ-ն կարծում է, որ կառավարությունը շատ ավելի ճիշտ կանի, եթե թիրախավորված փորձի օլիգարխիան բերել հարկային դաշտ: Դրանից հետո ամեն ինչ էլ կկարգավորվի: Թե չէ՝ մեկ-երկու ասեղ կամ ատամի խոզանակ ավելի հայտարարագրելով՝ միայն սոցիալական սրությունը էլ ավելի կխորացնես: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կիսում է ՓՄՁ ներկայացուցիչների մտահոգությունը, սատարում նրանց պահանջները, սակայն մեր ներկայացուցիչները չեն մասնակցում իրենց հանրահավաքներին միայն մեկ պատճառով՝ չպետք է քաղաքականացնել մարդկանց օրինական սոցիալական պահանջները:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728