Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են հարցի քննարկումը, լուծումը փոխանցել միջազգային հարթակներին: Ոչ մեկը քո փոխարեն քո հարցերը չի լուծելու. Նարեկ Գալստյան. «Փաստ»

Դեկտեմբեր 19,2023 11:06

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանն ասում է՝ մինչև 2018 թվականը ինչ հարաբերություններ ում հետ որ կառուցել ենք, ինչ քաղաքականություն որ վարել ենք, հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանը ռազմավարական համալիր և համակարգային կախվածություն ուներ Ռուսաստանից:

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանից ունենք կախվածություն՝ համակարգային, համալիր, ռազմավարական և այլն, սակայն Ռուսաստանը մեզանից չունի կախվածություն: Ռուսաստանն ունի իր շահերը՝ կախված իր ներկայացվածությունը պահելու հետ և այլն, բայց կախվածություն, որ ստիպված է մեր շահերը հաշվի առնել, քանի որ, օրինակ՝ վտանգավոր կլինի, եթե անտեսի, ձեռնտու չի լինի նյութական շահի տեսանկյունից և այլն, չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ կա Ռուսաստանի գերակայություն, եթե ցանկանում ես քչացնել կամ թուլացնել Ռուսաստանից կախվածությունը, պետք է արդեն ստեղծած լինես անվտանգության բարձիկներ, լրացուցիչ ինչ-որ ուղղություններ, նոր մտածես այդ հնարավորության մասին: Խելակորույս տրվել վեկտորային քաղաքականությունը փոխելուն և այլն, լուրջ վտանգներով է հղի, ընդհուպ՝ պետության ողնաշարի կոտրվածք»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ նաև շեշտելով, որ այս պահին շատ հարցերում մեր և Ռուսաստանի մոտեցումները մեր շահերի տեսանկյունից ոչ միայն չեն համապատասխանում, այլ նաև հակասում են:

«Մեր խնդիրը եղել և մնում է վեկտորային և «մետ»-ական քաղաքականությունը, մտածողությունը»,-շեշտում է Գալստյանը:

Ընդգծում է՝ մեզ անհրաժեշտ է կարճ ժամանակում մեծ գործ անել: «Ունենք արտաքին բազմաթիվ սպառնալիքներ, որոնք չեն սպասում: Պետք է շատ արագ կողմնորոշվել և արձագանքել դրանց առաջին հերթին տեղական ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով: Այստեղ մեր իշխանությունները բոլորովին ոչ համարժեք քաղաքականություն են վարում: Փորձում են հարցի քննարկումը, լուծումը փոխանցել միջազգային հարթակներին: Դա էլ է տարբերակ, եթե ունես նպատակ այդ կերպ պարզապես ձգձգել հարցի լուծումը, ժամանակ շահել: Բայց եթե մտածում ես, որ դա հենց լուծումն է, անթույլատրելի է: Ոչ մեկը քո փոխարեն քո հարցերը չի լուծելու: Սա պետք է ի սկզբանե հասկանալի լինի: Կընդունեի այդ մոտեցումը՝ հարցը փոխանցել միջազգային հարթակներին, եթե տեսնեի, որ տեղում տնային աշխատանք է կատարվում, այսինքն՝ Հայաստանի ներսում տեղի է ունենում մոբիլիզացիա, թեկուզ քողարկված, և պատրաստվում են ինչ-որ մի պահից այդ խնդիրների լուծումը բերել ազգային դաշտ: Չեմ տեսնում դա, ինչն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակը սեփական անվտանգության հարցերի լուծումը միջազգային հարթակներին, այլ պետություններին փոխանցելն է: Սա անթույլատրելի է: Սա մեզ համար ունենալու է ճակատագրական հետևանք: Եվս մեկ խնդիր՝ կապված հյուսիսային ուղղության հետ:

Ռուսաստանը այս պահին փաստացի մեր դաշնակիցը չէ, բայց ուզում ենք լիարժեք դառնա մեր թշնամի՞ն, առանց այն էլ մոտ է այդ սահմանագիծը»,-ասում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031