Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ընտրության պատասխանատվությունը

Փետրվար 05,2015 12:00

Եթե ես սխալվել եմ, ապա ոչ ոքի, բացի ինձնից,
այդ սխալի համար չպիտի մեղադրեմ

19-րդ դարի անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Հենլին գրել էր՝ «Ես եմ իմ ճակատագրի հրամանատարը, ես եմ իմ հոգու նավապետը»: Դա ճիշտ է թե՛ ծով ունեցող եւ թե՛ չունեցող ազգերի համար: Իսկապես, մարդուն հատուկ է բողոքել այն հանգամանքներից, որոնք հենց ինքն էլ ստեղծել է:

Նախորդ վերլուծությունում ես գրել էի Հունաստանի խորհրդարանական ընտրությունների մասին, որտեղ հաղթել են ծայրահեղ ձախ ամբոխավարները: Նրանք նախընտրական շրջանում խոստանում էին հրաժարվել սոցիալական ծախսերի խնայողության ռեժիմից եւ չվճարել 320 միլիարդ եվրոն, որը Հունաստանը պարտք է մնացել Եվրամիությանը: Ընթերցողներից ոմանք մեկնաբանեցին, որ առանց ԵՄ-ի եւ իր դրահմայով Հունաստանը շատ լավ էլ ապրում էր: Ենթադրենք, այդպես էր: Բայց թույլ տվեք հարցնել՝ որեւէ մեկը ստիպե՞լ էր Հունաստանին մտնել ԵՄ, թե՞ դա այդ երկրի կառավարության (կառավարությունների) ցանկությունն էր, որն իրականացնելու համար բազմաթիվ քայլեր են կատարվել: Որեւէ մեկը պարտադրե՞լ էր այդ նույն կառավարություններին վարկեր վերցնել: Եթե ես մեկ միլիոն դրամ վարկ եմ վերցրել բանկից՝ բնակարանս վերանորոգելու համար, բայց վերանորոգելու փոխարեն ամեն օր ռեստորան եմ գնացել, ընտանիքիս դժվար վիճակի մեջ եմ գցել, դրանից հետո ես իրավունք ունե՞մ արդարանալու, որ առանց այդ վարկի շատ լավ էլ ապրում էի:

Դա շատ նման է Հայաստանում արագաչափերի մասին խոսակցություններին՝ «էլի սեւ թուղթ եկավ»: Ինչ-որ մեկը ձեր քունքին ատրճանա՞կ է դրել եւ ասել՝ «քշիր 100-ի վրա, երբ գրված է 60»: Ումի՞ց եք բողոքում: Արագ քշելը ձեր ազատ ընտրությունն էր, դուք դրանից ձեր «կայֆը» ստացել եք, հիմա բարի եղեք դրա համար վճարել: (Գիտեմ, որ կան նրբություններ, բացառություններ, ծուղակներ եւ այլն, բայց տվյալ դեպքում խոսքը անվիճելի, «դասական» դեպքերի մասին է): Հենց որ տղամարդիկ սեղանի շուրջ սկսում են քննարկել արագաչափերի թեման, իմացեք՝ նրանք սեղանը կլքեն սաստիկ գլխացավով:
Նույնը՝ երբ խոսակցության խթան է հանդիսանում «վայ, այսինչ մարդը նյարդերս կերավ» արտահայտությունը: Հենց որ դուք սկսում եք մասնակցել այդ քննարկմանը եւ խնդրո առարկա մարդու ոսկորները քամուն տալուն, իմացեք, որ դուք այդ հաճույքի «կերն» եք դարձնում ձեր նյարդերը: Այստեղ նույնպես ամեն ինչ ձեր ձեռքերում է՝ դուք եք ձեր նյարդերի տերը, բացի ձեզնից՝ ոչ ոք: Թույլ մի տվեք, որ որեւէ տհաճ մարդ մի կիլոմետր մոտենա ձեր նյարդերին, վերցրեք եւ դեն նետեք նրան ձեր գլխից, եւ նա ոչ մի բան չի կարողանա ուտել: Եվ օգնեք ձեր դիմացինին, որ նա ճիշտ նույն ձեւով վարվի՝ «տոն չտալով» նման խոսակցություններին:

Դրա տարբերակը՝ «ոնց եմ ես զզվում այս սերիալից (երգից, կայքից, թերթից, հեղինակից եւ այլն)»: Բայց դուք նրա հետ չեք ամուսնացել, դուք ոչ մի տեղ երդում չեք տվել, որ ամեն երեկո պարտադիր նայելու եք այդ սերիալի բոլոր սերիաները, կարդալու եք այդ հեղինակին, լսելու եք այդ երգը: Դա անելը կամ չանելը միանգամայն ձեր կամքի «իրավասությունների» շրջանակներում է՝ ճիշտ այնպես, ինչպես ծխելը, խմելը, թմրանյութ ընդունելը կամ այդ ամենը չանելը: Եթե դա չի մտնում ձեր աշխատանքային պարտականությունների մեջ, ապա նայեք, լսեք եւ կարդացեք այն, ինչ ձեզ է հաճելի:
Հիմա էլ Ֆեյսբուքի «վիրուսների» խնդիրը: Չափահաս, հաճախ բարձրագույն կրթություն եւ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ բողոքում են, որ իրենք վարակվել են այդ վիրուսներով: (Խոսքը հենց վարակվելու, ոչ թե ձեր էջում հայտնվելու մասին է՝ այդ հարցը հեշտ է լուծվում): Որեւէ մեկը բռնե՞լ է ձեր ցուցամատը եւ ստիպե՞լ է ձեզ երկու անգամ սեղմել մկան ձախ կոճակին՝ պոռնկագրական կամ սադիստական տեսագրությունը բացելու համար: Ձեզ հետաքրքի՞ր էր, դուք պատրաստվում էիք գեղագիտական հաճո՞ւյք ստանալ: Դե, ուրեմն, հաշվի առեք, որ ամեն ինչ իր գինն ունի:

Որպես կանոն՝ ձեր բոլոր փոքր ու մեծ դժբախտությունների մեղավորն ու պատասխանատուն մի մարդ է: Եվ այդ մարդը, ինչպես ասում են, դուք եք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Համաձայն եմ, որ ամեն մարդ իր սխալի կամ ձախողման համար պետք է իրեն մեղադրի ու ինքը պատասխան տա դրա համար, առանց ուրիշ մեղավորներ փնտրելու անարդյունք ջանքերի:
    Երբ մարդը սխալվում կամ ձախողվում է (ինչը անխուսափելի է և հատկանշական բոլոր մարդկանց) պետ է երեք կարևոր քայլ անի:
    1. Ընդունի որ սխալվել է, պատասխանատվությունը վերցնի իր վրա, այլ ոչ թե Ադամական բնազդով (երբ փորձեց արդարանալ Աստծո առաջ և ասաց. այն կինը որ դու տվեցիր նա տվեց արգելված պտուղը) փորձի ինքնաարդարացնել իր անձը:
    2. պետք է աշխատի բացահայտել ձախողման պատճառը, առավելագույն դաս քաղի դրանից, որ հետագայում չկրկնի դրանք:
    3. Ջանք չխնայի, ելքեր փնտրի ստեղծված իրավիճակից դուրս գալու (քանի որ ելք անպայման կա) համար և ամուր կանգնելով ոտքերի վրա` շարժվի առաջ: Ես սա կիսվում եմ իմ կյանքի օրինակից և միաժամանակ խոստովանում, որ դյուրին գործ չէ և ոչ միշտ է ստացվում, ինչը կարծում եմ նույնպես բնական է, չե որ մենք մարդ ենք: Ամեն դեպքում հավատում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728