Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ճանաչած Մհերն ամենամոտն է իրական Մհերին». Թամար Հովհաննիսյան

Փետրվար 13,2015 19:30

«Անտարես» հրատարակչությունը սեփական միջոցներով լույս է ընծայել մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Չտեսնված Մհերը» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիրքը, որտեղ զետեղված են դերասանի երկու հարյուրից ավելի, մինչև այժմ երբևէ չհրապարակված անձնական լուսանկարներ՝ կարճ տեղեկություններով:

«Գրքում կան լուսանկարներ, որոնք մինչև այժմ մարդիկ չեն տեսել։ Բացի այդ, Ֆրունզիկն այն դերասանն էր, ում կարելի է միանշանակ անվանել չտեսնված»,- ասում է Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու է որոշել բացահայտել «չտեսնված» Մհերին, տիկին Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց. «Մհերի մասին այն ամենը, ինչ մինչև օրս հրապարակվել է, ոչ մի կապ չունի իրական Մհերի հետ… Գրքում ներկայացրել եմ այն Մհերին, որին մարդիկ չեն ճանաչում, չգիտեն, թե նա ինչպես կարող էր կատակել, սիրել, անակնկալ մատուցել… Հանդիսատեսը Մհերին գիտի որպես դերասանի, որը մարդկանց ծիծաղեցնում էր, իսկ ինքը լաց էր լինում, խմիչքի հանդեպ անտարբեր չէր, խեղճ էր և այլն: Ես ուզում եմ, որ այս գրքով մարդիկ տեսնեն ու ճանաչեն նոր Մհեր Մկրտչյանին»:

Մ. Մկրտչյանի այրին միաժամանակ ընդգծում է, որ գրքում, այդուհանդերձ, իր ընկալման Մհերն է. «Ես չեմ կարող վստահ ասել, որ հենց այսպիսին էր Մհերը: Ո´չ, դա այդպես չէ. սա իմ տեսած, իմ ճանաչած Մհերն է: Գուցե ես համարձակություն ունենամ ասելու, որ իմ ճանաչած Մհերն ամենամոտն է իրական Մհերին, բայց ես իրավունք չունեմ մարդկանց արգելելու իրենց երևակայության մեջ ունենալ իրենց պատկերացրած Մհերին»,- ասաց Թ. Հովհաննիսյանը:

«Գիրքը սովորական ալբոմ չէ: Ինչպես լուսանկարները, այնպես էլ տեքստը, համարժեք կարևոր են»,- ասում է «Չտեսնված Մհերը» գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը, որն այս գիրքը բնութագրում է որպես բացառիկ և յուրահատուկ մի աշխատանք, քանի որ, ըստ նրա, նման որակի գրքեր շատ քիչ կան: «Լուսանկարների մեկնաբանությունները ներկայացնում են Մ. Մկրտչյանի կյանքի մասին բացառիկ պատմություններ, դրանց միջոցով մարդու և արտիստի գործունեության շատ կարևոր շրջաններից մեկն է լուսաբանվում՝ կյանքի վերջին տասնամյակը, ինչպես նաև շրջագայությունները ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ, որոնց մասին հրապարակված նյութեր քիչ կան: Պակաս կարևոր չէ նաև գրքում պատկերային և տեքստային նյութի մատուցման սկզբունքը: Դրանք ճշգրիտ տեղեկություններ են»,- ընդգծեց Զ. Բոյաջյանը՝ նկատելով, որ դերասանի մասին մինչև օրս ստեղծված գրքերն ու ֆիլմերը հեղեղված են անճշտություններով:

Իսկ այն, որ մեծ արվեստագետի՝ Մ. Մկրտչյանի մասին հրապարակումները քիչ են, եղածներն էլ այն չեն, Թ. Հովհաննիսյանը պայմանավորում է մասնագետների պակասով. «Ես ցավով եմ դա ասում, բայց Հայաստանում թատերագետ չկա, թատրոն իմացող չկա»,- ասում է դերասանուհին:

Իսկ թե ինչ է իրականում իրենից ներկայացնում «Չտեսնված Մհերը» գիրքը, արվեստասերը պարզելու հնարավորություն կունենա փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում կայանալիք շնորհանդեսի ժամանակ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Թամար Հովհաննիսյան, ցավում եմ, որ քեզ՝ ընկերոջս, պիտի դառը բաներ ասեմ: Հաքյստանում և՛ թատերագետ կա, և՛ թատրոն իմացող կա: Հավանաբար, երկար տարիներ հոդդոգ վաճառելով, սրճարաններում ու ռեստորաններում ամաններ լվանալով՝ հեռացել ես թատրոնից: Եթե չկա ամբողջական և գիտական հետազոտություն Մհեր Մկրտչյանի մասին, չի նշանակում, թե թատերագետ չկա… Այդ հետազոտությունը կա, պարզապես այլ խնդիրներ են կանգնած նրա հրատարակման ճանապարհին: Ինձանից երկու օրով փոքր կրտսեր ընկերս, լուսանկարների ալբոմ հրատարակելը չի նշանակում՝ ներկայացնել մասնագիտորեն Մհեր Մկրտչյանին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728