Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պատասխանեց դատական դեպարտամենտի նախկին պետի հայտարարությանը

Փետրվար 23,2015 16:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչների գործով դեռ վկաները ցուցմունքներ չէին տվել, երբ մեղադրողներից Սասուն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ, դատական դեպարտամենտի պետ Միսակ Մարտիրոսյանը հայտնել էր, թե քննիչ Դավիթ Գեւորգյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ չի գնացել: Խոսքն անցյալ տարվա նոյեմբերի մասին էր: Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալը չի ներկայացրել իր խոսքերը հավաստող փաստաթուղթ, ուստի խնդրեց դատարանից հարցում անել, որպեսզի ճշտվի, թե «Վարդաշենից» ինչ տեղեկություններ է տրվել, գոյություն ունի՞ նման փաստաթուղթ:

Ըստ դատախազի, Մարտիրոսյանը նախորդ նիստին մի շարք հայտարարություններ արեց, որոնք ստվերում են դատախազությանը, ուստի այդ հանգամանքը հաշվի առնելով, նա դատարանից ակնկալեց հարցումը:

Misak_7 Misak_6 Misak_3 Misak_2 Misak_8

Միսակ Մարտիրոսյանն ասաց, թե իր ասածները նա հիմնավորել է՝ դատարան ներկայացնելով «Վարդաշենից» ձեռք բերված տեղեկանքը:

Այսօր դատարան էին ներկայացել երեք վկա: Վկաներից ՝ Հարություն Հարությունյանն ասաց, թե «նշանակվել» է Գյումրիում դատական կարգադրիչ, սակայն երկու տարի գտնվելով Ռուսաստանում, վերադարձել է, իմացել է, որ «աշխատանք չի ստացել»:

Երկրորդ վկան՝ Մարկոս Մխիթարյանը 2009-2012թթ. աշխատել է վարչական դատարանում, արխիվային բաժնում:

Ուշադրության արժանի է այն, որ նա տառապել է փսորիազ հիվանդությամբ, ինչն էլ եղել է պատճառ, որպեսզի բուժման նպատակով դիմում գրի, խնդրելով, որ իրեն պահեն ռեզերվում:

Ըստ վկայի, ինքը զեկուցագիր է գրել, իսկ երբ նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը փորձեց ճշտել, ի վերջո, ում մոտ ինչ է գրել, վկան զարմացավ, ասելով. «Ինչ տարբերություն՝ զեկուցագիր եմ գրել, թե դիմում»:

Ըստ նրա, հինգ հազար դրամի չափով գումար է մնացել, որը նա չի ստացել:

Այս վկան դատարանում ասաց, թե երբ աշխատանքից ազատվելու համար գնացել է կադրերի բաժին, այնտեղ իր բանկային քարտը գցել են աղբարկղը, իսկ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ մտել է ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի մոտ, նա ասաց, թե ռեզերվ կուղարկի, ասաց, որ աշխատավարձի քարտը հանձնեմ, գրեցի զեկուցագիր եւ հանձնեցի բանկային քարտս:

Բանկային քարտի հետ կապված՝ հրապարակվեց նախաքննության ժամանակ տրված վկայի ցուցմունքը, պարզվեց, որ վկան դատարանում է «հիշել» քարտի աղբարկղ գցելու մասին :

Գեղամ Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հարցին էլ, թե իր պաշտպանյալի անունը դուք եք գրել, թե քննիչն է թելադրել, վկան ասաց, թե չի հիշում:

Այսօրվա ՙհայտնություններից՚ էր վկա Արթուր Կարապետյանը:Վկան որեւէ բան չէր հիշում: Նա, իր ասելով, գնացել է Թբիլիսյան խճուղու մոտ, աշխատանքի ընդունվելու համար բարձրացել է Գեղամի մոտ՝ ազգանունը չգիտեր, ու էլ երբեք չի աշխատել:

Վկան չէր տարբերում՝ իրեն կի՞ն է ուղեկցել Գեղամի մոտ, թե՞ տղամարդ:

Վկան ասաց՝ չի հիշում:

Այս վկան էլ, իր ասելով, պետք է նշանակվեր Կոտայքի մարզում, որպես դատական կարգադրիչ, սակայն չի նշանակվել, բայց գումար ստացել է:

Ամբաստանյալ Հարություն Մովսիսյանի որդու՝ Արմենի անունից ութսուն հազար դրամ բանկում մուծելու, վնասի հատուցման համար անդորրագիրը դատարանին ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատարանը հրապարակեց վկաների նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Սրանք այն վկաներն են, որոնք դատարան չեն եկել, պաշտպանական կողմն էլ չի առարկել, որպեսզի հրապարակվեն նրանց ցուցմունքները:

Գուրգեն Միսակյանի ցուցմունքով, իրեն հրավիրել են հարցաքննելու Արմեն Ավագյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով: Նա իր ծանոթի միջոցով գնացել է Ավագյանի մոտ, ասել, որ աշխատանք չունի, հարցրել է, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ձեւակերպվել է, մի քանի ամսվա գումարը «թողել» Ավագյանին, կարծելով՝ այդպես պիտի լիներ, սակայն իրեն աշխատանք էր պետք, Ավագյանին կրկին է դիմել: Նա էլ ասել է, թե շաբաթը մի անգամ կարող է, բայց դա երկար չի տեւի: Այս վկան գիտեր, որ կարգադրիչների աշխատավարձը 60 հազար դրամ էր, գնացել է բանկ, ասել, որ բանկի քարտը կորել է, քանի որ իր քարտը գտնվում էր Ավագյանի մոտ: Բանկը նրան նոր քարտ է տվել, իսկ գումարը եւ քարտը տվել է քննիչին: Վկան հավանաբար նկատի ուներ՝ առգրավվել է քննիչի կողմից:

Մեկ այլ վկայի ցուցմունքից էլ՝ Սվետլանա Հարությունյանի, պարզ դարձավ, որ նա ձեւակերպվել է, սակայն երկու տարի հետո է իմացել «աշխատելու» մասին: Իսկ աշխատանքի ընդունվելու համար գնացել էր մուշտակով, որպեսզի իր հղիությունը չերեւար, եւ իրեն աշխատանքի ընդունեին: Բայց քանի որ չի իմացել, որ «աշխատում» է, նա մինչ հղիությունը, դրանից հետո էլ որեւէ գումար չի ստացել «հիմնարկից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728