Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատավորն առհասարակ չպետք է հայհոյի. Գեւորգ Գյոզալյան

Մարտ 15,2024 21:15

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Գեւորգ Գյոզալյանը կարծում է, որ դատավորը,որպես բարձր կարգավիճակ ունեցող անձնավորություն, բոլոր ժամերին է դատավոր եւ չպետք է ունենա գրագրություն, որի համար կարող է ամաչել:

«Մամուլից եմ տեղեկացել այդ երեւույթի մասին, մտահոգված եմ երկու առումով, որքան որ ծանոթ եմ բաց աղբյուրներից, այդ գրագրությունը եղել է 2020 թվականին: Չգիտեմ՝ ով է հրապարակայնացրել, բայց մտահոգիչ է, մտահոգիչ է նաեւ, որ դատավորը կարող է ունենալ հայհոյախառն լեքսիկոն: Դա ինձ համար դատապարտելի է, անընդունելի գործելաոճ է: Դատավորն առհասարակ չպետք է հայհոյի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Դիտարկմանը, թե դատավորը սովորական քաղաքացու պես ունի նամակագրության գաղտնիության իրավունք, եւ ինչ-որ մեկի հետ չատ ունենալը չպետք է պատճառ դառնա համակարգը լքելուն, պարոն Գյոզալյանն այսպես արձագանքեց. «Կոնկրետ դեպքը նկատի չունենալով՝ դատավորները քննում են զրպարտության գործեր, դատում են այն մարդկանց, որոնք այդ վիրավորական արտահայտություններն անում են: Երբ դու դատում ես ինչ-որ մեկին այդ արարքի համար, առնվազն քո համար պետք է կանոններ գծես, եթե դու դատում ես մեկին մի արարքի համար, բայց ինքդ ես անում, դա դատավորի համար անթույլատրելի է: Մասնավոր զրույց է, քանի դեռ այդ երրորդ անձը չի հրապարակել այդ խոսակցությունը, դու չես կարող պաշտպանվել թե մասնավոր է էդ դեպքում»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Լրագրողները պարոն Գյոզալյանից նաեւ հետաքրքրվեցին՝ դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից, որտեղ կոնկրետ դատական գործերի ուսումնասիրություն էր իրականացվել, նշվում էին մեղավորներ:

«Անընդունելի երեւույթ է ինձ համար, իրավունք չունի որեւէ մեկը որեւէ ֆիլմ նկարել՝ չլսելով դատավորին, հնարավորություն չտալով արտահայտվել, իմ գործընկերների մոտ էլ եմ բարձրաձայնել»,-ասաց Գյոզալյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031