Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայբանկում կորցրած ավանդները գրեթե չեն փոխհատուցվում. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2015 12:05

Արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե աննկատ կերպով Հայաստանում շարունակվում է խորհրդային Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում կորած ավանդների փոխհատուցման գործընթացը։ Ամեն տարի չնչին թվով մարդիկ չնչին չափով փոխհատուցում են ստանում Խնայբանկում կորցրած ավանդների դիմաց։ Գործընթացը, իհարկե, գոհացնող չէ, որովհետեւ այստեղ մեծ անհամամասնություն կա. գրեթե բոլորը Խնայբանկում ունեցել են ավանդներ, իսկ այն սոցիալական խմբերը, որոնց տրամադրվում է փոխհատուցումը, չափազանց սահմանափակ են։ Բացի այս՝ այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ մարդը համարյա թե զրկվում է այդ ավանդը ստանալու հնարավորությունից եւ ոչ մի կատեգորիայի մեջ չի տեղավորվում։

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունը մշտապես ֆինանսների խնդիր ունի։ Գուցե՞ հենց փողի բացակայությունն է պատճառը, որն իշխանությանը ստիպում է խորհրդանշական կերպով կազմակերպել ավանդների փոխհատուցման գործընթացը։ Չէ որ մինչեւ հասնում է փոխհատուցումը տալու ժամանակը, շատերը պարզապես այլեւս կենդանի չեն լինում։ Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը հարյուրավոր նամակներ, ահազանգեր է ստանում։ Սակայն քաղաքացիներին ավելի շատ զայրացնում են օրենքի բացերը։

Օրինակ՝ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիներից մեկը՝ 80-ամյա Սերյոժա Սարդարյանը, խորհրդային տարիներին գործող Խնայբանկում ավանդ է ներդրել։ Նա այժմ տառապում է սիրտ-անոթային հիվանդությամբ։ Քաղաքացի Սարդարյանը հետաքրքրվում է՝ կարող է արդյո՞ք ավանդը ձեւակերպել թոռնիկի կամ կնոջ անունով։ Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ին այս խնդրի շուրջ տեղեկացրին, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ։ Ստացվում է, որ հավանականությունը, թե քաղաքացին այնքան կապրի, որ իր հասանելիքը կարողանա ստանալ, փոքր է։ Իսկ խնդրահարույց օրենքը հարցի որեւէ լուծում չի առաջարկում։

«Ժողովուրդ»–ին դիմած քաղաքացիների կարծիքով հակամարդկային մեխանիզմ է մտածված, որի արդյունքում տուժում են միայն իրենք։ Եւս մեկ օրինակ՝ երբ մարդը մահանում է, ապա նրա ունեցած ավանդի ընդամենը 50 տոկոսը կարող է ստանալ միայն նրա ամուսինը կամ կինը։ Սակայն ամենակարեւորն այստեղ շատ նրբորեն շրջանցվել է. այն է՝ ժառանգներն ավանդը ստանալու հնարավորություն չունեն, այսինքն՝ եթե ամուսիններից եւ ոչ ոք կենդանի չէ, ապա գումարն անվերադարձ կորչում է:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728