Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարամյակներ անց. հայագիտական ֆանտաստիկա

Մարտ 26,2015 13:00

«Միակ բանը, որ սովորեցնում է մեզ փորձը, այն է, որ փորձը ոչինչ մեզ չի սովորեցնում»:
Անդրե Մորուա

«Տիեզերքի սահմանը մեր խելագարությունն է»:
Հրանտ Մաթեւոսյան

Նոր ժամանածները մնացին ու բազմացան Հայաստանում: Տեղացիները նրանց լավ չէին ընդունում՝ ղեկավար պաշտոններ չէին տալիս եւ այլն: Եվ նրանք սկսեցին հեռանալ Հայաստանից եւ այդպես, ժամանակի ընթացքում վերաբնակեցրեցին ողջ աշխարհը: Օտար քաղաքակրթությունների բացակայությունը եւ բնիկ հայկականի լքումը հանգեցրել էր մարդկանց վայրենացման: Ծանր վիճակ էր տիրում հատկապես Հայաստանից հեռու գտնվող երկրներում: Այնտեղ մայրենին վայրենաբարո կերպով ձեւափոխվել էր, սուրբ առաքելական կրոնը՝ զիջել իր դիրքերը: Ամենուրեք ծաղկում էին կաշառակերությունն ու մարդակերությունը, կռապաշտությունն ու նյութապաշտությունը, աղանդավորությունն ու տաղանդավորությունը, անառակությունը, անառաքինությունը, անառաքելականությունը եւ նման այլ անդուր բաներ: Հայաստանից կանոնավոր կերպով արշավախմբեր էին ուղարկվում ուսումնասիրելու համար այլ երկրների «տեղաբնիկ» դարձած մարդկությունը՝ ռասաները, ցեղերը, նրանց լեզուները, ազգագրությունը եւ այլն: Բայց արշավախմբերի հիմնական առաքելությունն էր հայոց շինարար ոգու դրսեւորումը եւ վայրենացած մարդկանց քաղաքակրթումը՝ բարոյական, մշակութային, հոգեւոր եւ մյուս ոլորտներում: Արշավախմբերն ամենուր կառուցում էին մեծ ու հզոր հուշարձաններ, սովորեցնում մարդկանց հայերեն տոհմիկ բառեր ասել, կճուճների վրա՝ հայերեն տառեր գրել, ապա եւ՝ առաքինություն եւ առաքելականություն: Բայց վայրենիները նորից ու նորից մոռանում ու վայրենաբար ձեւափոխում էին ամեն ինչ:

Եվ այնպես եղավ, որ հեռու հարթավայրերի վայրի ցեղերը սկսեցին սպառնալ մարդկության ավելի առաջադեմ այն հատվածներին, որոնք ձեւավորվում էին հայաստանյան արշավախմբերի ազդեցությամբ: Եվ այդ ցեղերից ոմանք կործանում էին իրենց ճանապարհին հանդիպած քաղաքակրթությունները: Այդպես կիսակործան վիճակի հասցվեց նաեւ Հայաստանը: Մարդկությունը մոռացել էր իր անցյալը: Ամենուր տիրեց վայրենությունը, զոռբայությունը, անկրթությունը, անառաքելականությունն ու քաոսը:
Այսպես անցան հազարամյակներ: Հետո՝ մարդիկ Հայաստանում սկսեցին պեղել եւ գտնել հին, բնիկ մշակույթի գանձերը: Դրանք առաջադիմության էին մղում մարդկանց: Գտնվեցին եւ վերծանվեցին Գոճոյի անզուգական երգերը, «Հարազատ թշնամի» մեծն էպոպեայի կադրերը… Մարդիկ վերագտան իրենց արմատները, վերադարձան նրանց եւ առաքելականին… Զարգացման լույսը նորից տարածվեց այլ երկրներ: Եվ այնպես եղավ, որ մարդկությունն սկսեց հետաքրքրվել բնությամբ եւ պատմությամբ: Առաջացան կենսաբաններ ու պատմաբաններ, գիտական դպրոցներ եւ ուղղություններ: Ամենագիտական տեսակետը հետեւյալն էր՝ մարդկությունը ստեղծվել է տեղի կենդանական աշխարհի մի ինչ-որ անհետացած նմուշից, մեկ միլիոն տարի առաջ, Անտարկտիդայում, որն այն ժամանակ ավելի բարենպաստ կլիմա ուներ, եւ այլն, եւ այլն այդ ոգով:

Եվ միայն Հայաստանում, միայն փոքրաթիվ լուսավոր ուղեղներ գիտեին, թե ինչպես է եղել բանը: Մոտենում էր աշխարհի հաջորդ վերջը:

Մինչդեռ ժամանակը, շարունակելով ենթարկվել հարաբերականության տեսության խստասիրտ օրենքներին, տարբեր տիեզերական համակարգերում անցնում էր տարբեր արագություններով: Եվ երկրի վրա անցկացրած հարյուր հազար տարին համապատասխանում էր Օրիոնի համաստեղության հեռավոր Նոր Հայք մոլորակի վրա անցնող մեկ ամսին: Իսկ այնտեղ, անխոնջ աստղանավորդ կապիտան Յազըչյանն արդեն թռիչքի էր պատրաստում «Արմագռդոն հայկական տիեզերաուղիների» «Տապան 3» տիեզերանավը: Մոլորակում ծավալվել էր հզոր պրոպագանդա՝ «Վերադառնանք մեր սրբազան արմատներին»՝ «Հայրենի մոլորակ՝ կորուսյալ դրախտ» լոզունգներով: Տիրում էր ահավոր եռուզեռ, կամավորները գալիս էին Յազըչյանի մոտ քաղաքական հուսալիության թեստեր հանձնելու:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031