Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Իսրայել ակնկալվող դիմակայության ամենամեծ բաղադրիչները քարոզչական և հոգեբանական հարթությունում են. Արմեն Պետրոսյան

Ապրիլ 14,2024 17:58

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանական հարձակման արդյունքներն առավելապես չափելի են քաղաքական, քան ռազմական հարթությունում։
Ինչպես և ակնկալվում էր, ապրիլի 14-ի վաղ առավոտյան Իրանն սկսեց «Ազնիվ խոստում» կոդային անվանումով պատասխան ռազմագործողությունը, որի շրջանակում, ըստ մի շարք աղբյուրների, Իսրայելի դեմ արձակվել է 185 «Շահիդ» տեսակի ԱԹՍ, 110 բալիստիկ, 36 թևավոր հրթիռներ։ Արձակումներն իրականացվել են ոչ միայն Իրանի, այլև՝ Իրաքի և Եմենի տարածքներից։

Ըստ իսրայելական կողմի հավաստիացումների՝ իսրայելական, ամերիկյան, բրիտանական, հորդանանյան ՀՕՊ և օդուժերի կողմից արձանագրվել է խոցման 99%-անոց արդյունք։

Իրանական հարձակման հետևանքով որոշակիորեն վնասվել է Նեգևի անապատում տեղակայված Նևատիմ ավիաբազան, նույն շրջանում վիրավորվել է 7 տարեկան աղջիկ՝ խոցման բեկորների հետևանքով, ինչպես նաև բժիշկները 31 մարդու աջակցություն են ցուցաբերել՝ նյարդային շոկը հաղթահարելու համար։

Ինչպես երևում է վերոնշյալից, Իրան-Իսրայել ակնկալվող դիմակայության ամենամեծ բաղադրիչները քարոզչական և հոգեբանական հարթությունում են։ Որպես երկու կողմի համար կողմնակի արդյունք, իհարկե, կարելի է դիտարկել ռազմական փորձառությունը նման մասշտաբի օդային հարձակման և դրա կանխարգելման մակարդակներում։

Չնայած որ ի սկզբանե էլ առավել կանխատեսելի էր հենց նման բնույթի իրանական գործողություն, ինչպես օրինակ, ԱՄՆ-ի դեմ 2020, 2024 թվականներին, այնուամենայնիվ, այս ողջ գործընթացում Իրանի համար ամենից մեծ անուղղակի ձեռքբերումը կարող է լինել քաղաքական, մարտավարական մակարդակում։ Խոսքը հատկապես ԱՄՆ-ի կողմից Իսրայելում իշխող ՆԵթանյահուի ծայրահեղական կառավարության վրա հավելյալ ճնշման լծակների աճի մասին է։ Քանի որ վերջին շրջանում իսրայելական կառավարությունն իր տարածաշրջանային, այդ թվում նաև հակաիրանական քաղաքականությամբ ակնհայտ կերպով դեմ է գնում նաև ԱՄՆ-ի շահերին։

Իրանին հնարավոր ռազմական պատասխանի դեպքում ԱՄՆ-ի կոմից Իսրայելին չաջակցելու նախազգուշացումը՝ հնչեցված Բայդենի շուրթերով, թերևս ամենաառարկայական ձեռքբերումն է Թեհրանի համար՝ այս վտանգավոր ճգնաժամը հաղթահարելու և մեծ պատերազմի մեջ ներքաշվելու հերթական սադրանքը կանխելու տեսանկյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930