Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը. մաս I

Մարտ 11,2024 14:58

Ինֆորմացիայի ազատության կենտրոն. Նախքան 2020 թվականի պատերազմը և 2023-ի էթնիկ զտումն Արցախի Հանրապետության տարածքում գործում էր 30-ից ավել թանգարան ու ցուցասրահ: Դրանց թվում էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր թանգարաններ, առանձին անհատների հավաքածուներ: Օրինակ՝ Շուշիում գործող դրամի թանգարանը պատկանում էր ՀՀ կենտրոնական բանկին, կար մասնավոր գորգերի թանգարանը, Շուշիում էր գտնվում արցախյան առաջին պատերազմի հերոսներից Դուշման Վարդանի տուն-թանգարանը, Նարեկացի արվեստի միության, Արվեստի կենտրոնի թանգարանները: Արցախի թանգարաններն առանձնանում էին հազվագյուտ ու արժեքավոր նմուշներով: Դրանցից էին Արցախի պետական պատմաերկրագիտական (Ստեփանակերտում), Տիգրանակերտի հնագիտական, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի՝ Արթուր Մկրտչյանի անվան, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Զոհված ազատամարտիկների և Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը (երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։

44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որը զբաղվում էր բռնազավթված տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրության կազմման, տեղեկությունների հավաքագրման աշխատանքներով: 2021-2023 թվականներին հասցրել են հավաքագրել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ կորսված արվեստի գործերը:


Խորհրդի տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում մնացել են նվազագույնը 18 թանգարան և 9 ցուցասրահ, ընդհանուր՝ 27:

2020-ի նոյեմբերից հետո

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 8 պետական թանգարան, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ նշել է, որ օկուպացված է 2 հազար հուշարձան,122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք: Կորսված ցուցանմուշների թիվը դեռևս հստակ չէ: Այս թիվը շարունակում է աճել, քանի որ տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է։ Նախարարի խոսքով՝

«Սրանք զուտ հայկական պատմամշակութային հուշարձաններ չեն: Մենք օկուպացված ենք թողել քաղաքակրթական ժառանգություն, որը մարդկության ժառանգությունն է»:

2021 թվականի հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակեց Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ զեկույցը:

«Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա»,- նշվում է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Շուշիում, Քաշաթաղում և Հադրութում գործող 8 պետական թանգարանների 19311 ցուցանմուշ մնացել է ադրբեջանցիներին:

Շուշիում մնացած թանգարաններն ու արվեստի հավաքածուները

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնազավթված Շուշիում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել 10-ից ավել պետական և մասնավոր թանգարան և արվեստի գործերի 10 հավաքածու: Նախնական հաշվարկներով՝ միայն Շուշիում կորսված թանգարանային նմուշների թիվն անցնում է 8000-ը:

Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թանգարանները և Շուշիի պատկերասրահը միավորված էին «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կազմում: Երբ արդեն ռմբակոծվում էր Շուշին, ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ ցուցանմուշները խնամքով արկղերի մեջ են տեղադրել և տեղափոխել են թանգարանի 5 մ խորությամբ ռմբապաստարան-նկուղ, սակայն դրանք հնարավոր չի եղել տարհանել: Թանգարաններում գտնվող մշակութային արժեքներն այժմ գտնվում են ադրբեջանցիների ձեռքում:

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան

2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ Շուշիում բացվեց Կերպարվեստի պետական թանգարանը։ Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով ժամանակի ճարտարապետական ոճը:

Մինչև 2020թ.-ը թանգարանի ֆոնդն ուներ մոտ 800 ցուցանմուշ՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ: Այստեղ ներկայացված էին ինչպես հայ մեծանուն նկարիչների՝ Սարյան, Մինաս, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Կալենցի, Կարեն Աղամյանի և այլոց աշխատանքները, այնպես էլ ռուս անվանի նկարիչների՝ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց աշխատանքները:

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի մասին ամբողջական տեսանյութը տես IamMedia պատրաստած տեսանյութում:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը կորցրել է գրեթե ամբողջ ֆոնդը՝ գեղանկարներից փրկվել է միայն 80-ը, մեզ հետ զրույցում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Կերպարվեստի պետական թանգարանի բակում էր գտնվում Քանդակների պուրակը, որը բացվեց 2019 թվականի հու­լի­սի 19-ին: Այստեղ էին համախմբվել Շուշիում 2011-2017 թվականների ընթացքում կազմակերպված շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող միջազգային 5 սիմպոզիումների ընթացքում (2011, 2012, 2014, 2016, 2017 թվականներին) պատրաստված քանդակները: Այդ սիմպոզիումներին մասնակցել և իրենց ստեղծագործությունը Արցախի ժողովրդին էին նվիրել տասնյակ քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից և այլ երկրներից։

Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջում 2021թ.-ի օգոստոսի 14-ին հրապարակած արբանյակային լուսանկարները վկայում են, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակում» տեղակայված բոլոր 51 քանդակներն անհետացել են, իսկ տարածքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։

Monument watch-ը պարզել է, որ երբեմնի մշակութային ժառանգության բացառիկ նմուշներով հագեցված պուրակը, ըստ ադրբեջանական օգտատերերից մեկի կողմից 2021 թ.-ի օգոստոսի 14-ին տարածած տեսանյութի՝ վերածվելու է ֆուտբոլի դաշտի:

Պրոֆեսոր Գաբրիելյանցի անվան Երկրաբանության պետական թանգարան

Թանգարանը Շուշիում գործում էր 2014 թվականի մայիսից։ Երկաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա՝ հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների հավաքածու, որն ընդգրկում է 400 ցուցանմուշ աշխարհի 40 պետություններից և ՌԴ 20 երկրամասից: Այստեղ ցուցադրվում էին նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ: Ցուցադրության մեջ գլխավոր ցուցանմուշներից մեկը լեռնային բյուրեղն էր, որը հայտնաբերվել է Արցախից 1953 թվականին ուսանող-պրակտիկանտ Գաբրիելյանցի կողմից։ Այս հանքաքարից էլ սկսվել է հավաքածուի սկիզբը:

Թանգարանը ներկայացնում է դրա հիմնադիր պրոֆեսոր Գաբրիելյանցը: Ամբողջական տեսանյութը տես IamMedia պատրաստած տեսանյութում:


Շուշին հանձնելուց հետո ռմբապաստարանում մնաց Երկրաբանության թանգարանի ողջ ֆոնդը: Դրանց մեջ կա ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է:

Monument Watch-ը հայտնում է, որ 2021 թ.-ի օգոստոսի 18-ին համացանցում տարածված մի տեսանյութից երևում է, որ թանգարան մուտք գործած ադրբեջանցի զինվորականները վնասում են թանգարանում մնացած ցուցանմուշները, թանգարանային արժեքները և մանրակերտերը։ Տեսանյութում երևում է նաև, որ թշնամական հրետակոծությունից փլվել է թանգարանի տանիքը, վնասված են ցուցափեղկերը և թանգարանի տարածքում մնացած թանգարանային արժեքները։ Մինչև այժմ հայտնի չէ հավաքածուի գտնվելու վայրը, պահպանման պայմանները և վիճակը։

Շուշի քաղաքի պատմության թանգարանը

Շուշիում գործող թանգարաններից ամենահինն ու հարուստը՝ ֆոնդի առումով, պատմության թանգարանն է։ Այն հիմնվել է 1992 թ.-ի մայիսի 28-ին Շուշիի պատմաերկրագիտական թանգարան անվամբ, որը 2014-ից վերանվանվել է Շուշի քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը տեղակայված էր Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի սկզբի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին պատկանող առանձնատանը: 1918 թ.-ին Ղարամյանների գերդասատնին պատկանող այդ շենքը զավթել էր հայատյաց բժիշկ Մեհմանդարովը։ 1921-1971/72 թվականներին շենքը ծառայել է որպես ծննդատուն։ Այնուհետև, 1973 թ-ից մինչև 1992-ը շենքում գործել է «Արևելյան գորգերի թանգարանը»։

Պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ. Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված կենցաղային իրեր, տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահկարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը: սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր: Շուշի քաղաքի 18-րդ դարի մանրակերտով ներկայացված էր բնակավայրի մակերևույթի մասին: Երեք կողմից ձորերով պարուրված Շուշին բնականից անմատչելի է, իսկ չորրորդ, հյուսիսային կողմը՝ փակված է եղել բարձր պատեր և շուրջ 50 աշտարակ ունեցող պարսպով: Ամրոց մտնել կարելի էր չորս հիմական ՝ Ջրաբերդի (Ելիզավետպոլի,Գնաձակի), Երևանյան, Ամարասի և Մխիթարաշենի դարպասներով: Պարսպի զգալի մասն ավերվել է 1826-1828թթ. Ռուս պարսկական պատերազմի ժամանակ:
Շուշի քաղաքի մանրակերտը: Լուսանկարը՝ Շուշի քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջից:

Թանգարանում առանձին տեղ էր հատկացված Շուշիի ազատագրմանը․ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը թանգարանի ամենաարժեքավոր նմուշներից էր։

Շուշիի պատմության թանգարանի ողջ ֆոնդը մնացել է թանգարանում: 44-օրյա պատերազմից հետո Շուշիում թշնամին շարունակել է քաղաքի հայկականության փաստերի ոչնչացումը: Պատմության թանգարանը վերանորոգել են, անվանափոխել և ներկայացնում են իբրև Մեհմանդարովի տուն-թանգարան:

«Այդ տունը մինչև 1917 թվականը եղել է Ղարամյանների ժառանգական առանձնատունը: Իսկ 1917-ին տարածքը գրավել են մուսավաթականները և ոխերիմ դահիճ Մեհմանդարովը, որը նաեւ բժիշկ էր, այդ տարածքը գրավելուց հետո` տունն իրենով էր արել, բայց կարողացավ վայելել ընդամենը 3 տարի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշել է Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը:

«Դժբախտաբար, այն ամենն, ինչ ստեղծել էինք, չկարողացանք հանել, որովհետև փաստացի ոչ միայն թանգարանը, այլ նաև ընդհանուր Շուշի քաղաքը չէվակուացվեց»,- հավելում է Աշոտ Հարությունյանը:

2021 թվականին Շուշիի պատմության թանգարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թանգարանի ցուցանմուշների ցանկը:

Շուշիի գորգերի թանգարան

Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը, բացումը տեղի է ունեցել 2013-ին։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը: Թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն։ Հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է:

«Մեզ հայտնի չէ, թե այդ գորգը որ ընտանիքին է պատկանել, ես այն Շոշ գյուղից եմ ձեռք բերել։ Այն մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանք է, օրիգինալ վիճակում: Այս գյուղում ասեղնագործությունը շատ զարգացած է»,- նշում է թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպեց Շուշիի գորգերի թանգարանի նմուշների տարհանումը Երևան։

«Տոկոսային առումով թանգարանի նմուշների 70 տոկոսը փրկվեց, 30-ը մնաց Շուշիում: Կարողացանք փրկել միայն թանգարանի շենքում եղածը. Քանակական առումով 70%-ը հանել ենք, որակական առումով դրանք 90-95%-ն են կազմում։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև 600 նմուշ միջին դարի, 90 մթա խեցեղեն, քարե եւ բրոնզի դարերի իրերը չհաջողվեց փրկել, դրանք մնացին ֆոնդի շենքում, Շուշիում», – պատմում է Ասծատրյանը:

Բացի պետական և մասնավոր թանգարաններից, Շուշիում գործում էին նաև մասնավոր ցուցասրահներ: Մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հրապարակել է նաև Շուշիում մնացած արվեստի գործերի մասնավոր հավաքածուների տվյալները, որոնք բաց են օգտագործման համար:

Տաթև Աղաջանյան

Շարունակությունը՝ ՄԱՍ II-ում:
Լուսնակարները՝ բաց աղբյուրներից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031