Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը՝ Բագրատյանի մասին. «Նարցիսիզմը թուլություն է, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ». «Իրատես de facto»

Մայիս 19,2015 12:04

«Իրատես»-ը պատմական էքսկուրսով այսօրվա քաղաքական դաշտի բնութագիրը լսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանից։

– Հրանտ Բագրատյանն էլ Ձեզ մեղադրեց պատմությունը խեղաթյուրելու մեջ և, ասաց՝ «չաքլորանաք»։ Ի վերջո, ճշմարտությունը որտե՞ղ է:

– Վերցրեք, նայեք։ Թերթեր գոյություն ունեն, արխիվ, վիճակագրություն։ Բոլորին, այդ թվում՝ նրան, խորհուրդ կտամ այդ ամբիոնը կոռեկտ օգտագործել։ Երբեմն իրենց տղայական ֆրազներ են թույլ տալիս, բայց որ դահլիճից դուրս գան փողոց, երբեք նման ֆրազներով խոսելու դուխ չեն ունենա։ Բայց ամբիոնի վրա խորոզանում են։

Սա լուրջ քաղաքական ամբիոն է։ Լեզվի, բառամթերքի առումով ցանկացած ելույթ ունեցող պետք է չափված ու ձևված լինի։

Մենք խոսում էինք ատոմակայանի վերագործարկման մասին։ Ես ասել եմ, որ գործարկման քաղաքական անհրաժեշտություն եղավ դեռևս 1990-1991 թվականներին, երբ դրա վրա ուղղակի քաղաքական տաբու կար։ Հիմա ում դուրը գալիս է, ում՝ ոչ, այդ հարցն առաջին անգամ բարձրաձայնեց Վազգեն Մանուկյանը՝ ԳԽ ամբիոնից զեկուցելով խնդիրը։ Նույնիսկ առաջարկում էր դա հանրաքվեով իրականացնել։ Պարզ է, չէ՞, որ ՀՀՇ-ն չէր կարող ատոմակայանի փակման մասին որոշում կայացնել, դա կենտկոմն էր անում։ Հարցն այն է, թե ում ճնշման արդյունքում դա եղավ։ Նույն ճնշումը կար նաև «Նաիրիտի» փակման ժամանակ։ Անհասկանալի պատճառաբանությամբ կասեցվեց նաև Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որը փրկելու էր Սևանը։ Համանման ճնշման պատճառով աղետի գոտուց դուրս շպրտվեցին դրսից եկած շինարարները։ Սա իրողություն է։

Հիմա ո՞վ է պատմությունը խեղաթյուրում։ Ե՞ս, թե՞ նա։ Բա փակել էիր, պիտի բացեիր, բա ի՞նչ պիտի անեիր։ Ամեն տարվա դեկտեմբերի 7-ն այն ժամանակվա իշխանությունների համար սև օր էր, որովհետև ոչ մեկը ռիսկ չէր անում գնար Գյումրի։ Եվ Տեր- Պետրոսյանը ստիպված բոլորի փոխարեն գնում էր Գյումրի՝ լսելու բոլորին ուղղված լուտանքն ու անեծքը։ Եթե ամեն ինչը լավ էր, ինչո՞ւ էր այդքան վատ։

Խոսում է տնտեսական աճի մասին, էդ ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում՝ ռելեի՞, ֆրեզերային հաստոցների գործարա՞նը, թե՞ Չարենցավանի տասներկու գիգանտներն էին աշխատում, Գյումրիի ձեռնարկությունները, Մարալիկի մանվածքային ձեռնարկությունը։ Ո՞րն էր, է, աշխատում, ո՞րը։ Չէ՞ որ այս ամենը փաստ է, մարդիկ կենդանի են։ Այդ ձեռնարկությունները մի կերպ գոյատևում էին խորհրդային տարիներին ձեռք բերված, կուտակած պաշարների հաշվին։ Երբ նյութական պաշարները վաճառեցին, սկսեցին հաստոցները լոմի տակ ծախել Իրանին։ Երբ դրանք էլ ավարտվեցին, գործարանները սկսեցին տանիքն առանձին վաճառել, պատուհաններն ու դռները՝ առանձին։ Ինչի՞ մասին է խոսքը, ե՞ս եմ պատմությունը խեղաթյուրում։ Մինչև հողի սեփականաշնորհումը մենք ունեցել ենք նորմալ աշխատող կոլխոզներ, ինչի՞ հասանք, բոլոր գոմերը վերացան։ Տանիքներով, քարերով վաճառվեցին։ Բա սա ի՞նչ հպարտանալու բան է։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։

Ի դեպ, պիտի նկատեմ, որ ես այն քիչ քաղաքական գործիչներից էի, որ 1998-1999 թվականներին կտրուկ դեմ էի, որ ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տրվեր։

– Ինչո՞ւ։

– Որովհետև վախենում էի, որ դա կվերածվեր վհուկների որսի։ Ավելի վատ հետևանքների կարող էր բերել։ Այսքան ժամանակ ինձ թույլ չէի տվել այդ շրջանի մասին հրապարակային ելույթ ունենալ, քանի որ պատմությունը ես չէ, որ պիտի գնահատեմ։ Ի վերջո, ես էլ եմ եղել այդ փուլում։ Իսկ ով ասաց, որ ես էի ամենաարդարամիտը։ Ես էլ եմ հավանաբար սխալներ թույլ տվել։

Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա այնպիսի արտահայտություն, ինչպիսին նա է ասում՝ գիտե՞ք ինչ եմ արել՝ հաց եմ բերել Թուրքիայից։ Բա պիտի բերեիր, բա դրա համար էլ վարչապետ էին դրել, որ Թուրքիայից հացը բերեիր։ Քեզ դրել էին վարչապետ, որ ատոմակայանը վերագործարկեիր, ոչ թե հպարտանայիր, թե դրա համար ինձ Նոբելյան մրցանակ պիտի տան։

Տեր-Պետրոսյանի քաղաքական ողջ կապիտալը Հրանտ Բագրատյանի կառավարությունը փոշիացրեց, ցաքուցրիվ արեց, զրոյացրեց։ 1995-96 թվականների քաղաքական զարգացումների պատճառը ոչ թե Տեր-Պետրոսյանն էր, այլ Հրանտ Բագրատյանը՝ իր անհասկանալի քաղաքականությամբ։

Նարցիսիզմը թուլություն է, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ։ Ես չեմ ուզում ու չեմ լինի այդ հիվանդության հանդիսատեսը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    Հետաքրքիր է այդ թվարկած գործարաններից որոնք են հիմա աշխատում և ինքը որ գործարանն է վերագործարկել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031