Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ասում է՝ ես հրաժարվում եմ Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, մենք ինչո՞ւ ենք նրանց զոռով տանում այդ դաշտ»․ Խոսրով Հարությունյան

Մարտ 27,2024 19:44

«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, իշխանությունները պարբերաբար հղում են անում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին՝ մեղադրելով նախկիններին, որ դրանով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Նույն այդ օրենքով Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք հանձնելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կարգավիճակ ունեն։

Ես կարծում եմ, որ այստեղ սկզբունքային մեկ հարցադրում կա, որը հետեւյալն է՝ ո՞րն է այն իրավական հիմքը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին՝ պահանջներ ներկայացնել ինչ-որ տարածքների ու բնակավայրերի նկատմամբ։ Ինչ-որ մեկն ինձ կարող է ասել, որ խորհրդային տարիներին այդպիսի բաներ եղել են, բայց ես իսկույն կհիշեցնեմ, որ այսօրվա Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այդ երկիրը հանդիսանում է 1918-1920 թվականների Ադրբեջանի իրավահաջորդը, նրանք դրա վերաբերյալ ունեն իրավական փաստաթուղթ։ Եթե իրականությունը դա է, ապա ի՞նչ հիմքով Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել մեր հանրապետության տարածքում։

Այն հիմնավորմանն ի պատասխան, որ այնտեղ երբեւէ ապրել են ադրբեջանցիներ, ես հարց եմ տալիս՝ իսկ Արցախում հայեր չէին ապրո՞ւմ։ Արցախում ապրող հայերի պարագայում ինչո՞ւ են կարծում, որ այդ տարածքն Ադրբեջանինն է։ Այսինքն՝ պետք չէ գնալ այդ օրենքները քրքրել, հարցերը պետք է դնել սկզբունքորեն։

-Նիկոլ Փաշինյանը, հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է տարածքներ հանձնում Ադրբեջանին, հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին։

-Եթե ինչ-որ մեկը խոսում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին, ես դրան մեծ վերապահումով եմ վերաբերվում։ 2017 թվականի դեկտեմբերին Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությունն ընդունել է փաստաթուղթ, որը կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում․ հրատապ հարցեր եւ լուծումներ»։ Այդ փաստաթղթի նախաբանում հստակ գրված է, որ այդ փաստաթուղթն ընդունված է՝ հետխորհրդային տարածքի պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Եվ այդ փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, նախքան բուն սահմանազատման աշխատանքներն սկսելը, պետությունները պետք է բանակցեն եւ այդ սկզբունքների շուրջ պետք է գան ընդհանուր հայտարարի։ Այդ սկզբունքների մեջ, օրինակ, կա այսպիսի սկզբունք․ ապագա սահմանը, այսինքն՝ սահմանազատման արդյունքում գետնի վրա ձեւավորված սահմանը, չի կարող դառնալ լարվածության եւ ապակայունացման աղբյուր։ Սա շատ էական է։

Այսինքն՝ պետք է ենթադրել, որ մենք սահմանազատում ենք անում, այդ կերպ փորձում ենք հստակեցնել երկու հարեւան պետությունների միջեւ տարանջատող գիծը, եւ այդ գիծն այնպիսին պետք է լինի, որ վաղը հիմք չդառնա նոր սպառնալիքների, նոր ռազմական սրացումների ու ապակայունացման համար։ Սա շատ լուրջ սկզբունք է։ Այսինքն՝ եթե թշնամին եկել մխրճվել է Ջերմուկի վերին հատվածում, վերցրել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, սողացող օկուպացիայով իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոթք-Խոզնավար հատվածի ռազմավարական բարձունքները, արդյոք սա չի՞ նշանակում, որ առաջարկում են սահման, որը վաղը չէ մյուս օրը նոր լարվածության ու ռազմական գործողությունների պատճառ է դառնալու։ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությունն առաջարկում է բանակցել այս սկզբունքի շուրջ, գալ համաձայնության, որ ինչպիսի սահման էլ մենք գծենք, պետք է ելնենք այն իրողությունից, որ այդ սահմանը երկու պետությունների միջեւ նոր ռազմական բախումների պատճառ չի կարող դառնալ։

Այդ կազմակերպության հաջորդ թեզն այն է, որ սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ հնարավորություններից։ Խոսքն արոտավայրերի, ջրի աղբյուների, ենթակառուցվածքների եւ այլնի մասին է։ Այսինքն՝ երբ այս իշխանություն ասում է՝ 31 գյուղերի արտովայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, սա հենց բանակցելու խնդիր է։ Ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա-Աթայի հռչակագիրը։

Հաջորդ թեզն այն է, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում չի կարելի հաշվի չնստել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների՝ հողի եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հետ։ Այսինքն՝ սահմանազատման արդյունքում չի կարող այնպես լինել, որ մարդու տունը լինի Հայաստանում, իսկ անասնագոմը՝ Ադրբեջանում։

Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս սկզբունքներում քարտեզների մասին խոսում են ամենավերջում՝ որպես ընդամենը հավելյալ հնարավորություն։ Հիմա հարց՝ 2017 թվականի դեկտեմբերին Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարության փորձագետները, որոնք գրել են այս ամենը, Ալմա-Աթայի հռչակագրի մասին տեղյա՞կ չէին, նրանք հիմա՞ր էին։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Ալմա-Աթայի հռչակագիրն իրավական, քաղաքական առումով որեւէ ուժ չի պարունակում։ Ավելին, ԽՍՀՄ կազմաքանդումից հետո այս 30 տարվա ընթացքում պետությունների միջեւ հազար ու մի հարցեր են առաջացել, սահմաններին փոփոխություններ են առաջացել։ Եվ նրանք առաջարկում են նոր իրողությունների հիման վրա այս սկզբունքներով առաջնորդվել։ Ի՞նչ կապ ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի հիմնական մասն այն է, որ ԽՍՀՄ-ը կազմաքանդվում է, եւ անդամ կամ այդ հռչակագրի տակ ստորագրած պետությունները համաձայնվում են ձեւավորել ԱՊՀ։ Եվ այնտեղ շարադրված են միջազգային իրավունքի ստանդարտ նորմեր։

Ադրբեջանն իր իսկ ընդունած սահմանադրական ուժ ունեցող փաստաթղթերի հիմքով իրավունք չունի մեզ որեւէ պահանջ ներկայացնել, որովհետեւ 1918-1920 թվականի Ադրբեջանում ի՞նչ Ոսկեպար, ի՞նչ Բաղանիս։ Հետեւաբար, նման պահանջներն ընդհանրապես պետք է մերժել եւ վերադառնալ սահմանազատման գործընթացին։ Ես կողմնակից եմ սահմանազատմանը, դա շատ կարեւոր է։ Այսինքն՝ եթե մենք իրականում ուզում ենք միջազգայնորեն ճանաչելի միավոր լինել, միջազգային հանրությունը պետք է համոզված լինի, որ մեր հարեւանների հետ մեր սահմանները հստակեցված են։

-Մինչ այս հստակեցվա՞ծ չէին մեր սահմանները։

-Ոչ, հստակեցված չէին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորորման արդյունքում միայն կարելի էր գալ դրան։ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը միջազգային ամենահեղինակավոր անվտանգային կառույցն է։ Այդ կազմակերպությունն առաջարկում է մեխանիզմներ ու լուծումներ՝ հասկանալով, որ հետխորհրդային պետությունների միջեւ սահմանազատման աշխատանքը հեշտ գործ չէ։ Հիշո՞ւմ եք, Շառլ Միշելը ասաց՝ մենք պատրաստ ենք մեր փորձագետներին տրամադրել, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին աջակցեն սահմանազատման հարցերում։ Եթե իրոք մտածում եք Հայաստանի իրավունքների ու շահերի մասին, դրեք այդ փաստաթուղթը պարոն Միշելի առջեւ եւ ասեք՝ համաձա՞յն եք առաջնորդվել Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության այս փաստաթղթով։ Նա չի կարող ասել՝ ոչ, կտա համաձայնություն։ Այդ ժամանակ կարելի է ասել՝ տվեք ձեր փորձագետներին, որ մեզ ու ադրբեջանցիներին օգնեն այդ սկզբունքների հիման վրա սահմանազատման աշխատանքները կազմակերպել։ Սա այնքան պարզ է, միայն չիմանալն ու չցանկանալը կարող է բերել նման հիմար իրավիճակի, որում մենք հայտնվել ենք։

Ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա այդ թվում՝ նաեւ ընդդիմությունը թութակի նման կրկնում է քարտեզների մասին։ ԽՍՀՄ ժամանակահատվածի որ թվականի քարտեզն ուզում եք վերցրեք, 1970-ական թվականների քարտեզով, որին հղում են անում, Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին, ինչի՞ մասին է խոսքը։ Բայց Ադրբեջանն ասում է՝ եղբայր, ես հրաժարվում եմ Խորհրդային Ադրբեջանի բոլոր հնարավոր խնդիրներից, մենք ինչո՞ւ ենք նրանց զոռով տանում այդ դաշտ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել։ Մոռացեք Ադրբեջանի իրավունքը՝ մեզնից տարածքներ պահանջելու, ինքն այդպիսի իրավունք չունի, ինքն է իրեն զրկել այդ հնարավորությունից։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031