Լրահոս
Օրվա լրահոսը

Ալյուրի հարստացումը հնարավոր է ազգի գենոֆոնդը մուտացիայի ենթարկի (Տեսանյութ) 

Հունիս 05,2015 16:06

Ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով հարստացումը մի շարք խնդիրներ է առաջացնում մարդկանց օրգանիզմում: Այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասացին բնապահպանության եւ միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը եւ գեոֆիզիկոս Աշոտ Կարապետյանը: Օրինակ, ըստ բանախոսների, երկաթով հարստացված ալյուրի կիրառումը կարող է առաջացնել ոչ բնական ճանապարհով օրգանիզմ մուտք գործած երկաթի ավելցուկի, ինչն էլ կարող է հանգեցնել տղամարդկանց անպտղության, կանացի սեռական հատկանիշների զարգացման, լյարդի ցերոզի, շաքարային դիաբետի:

Պարոն Կարապետյանն ասաց, որ իրենք Ավստրիայի առողջապահության նախարարությունից պատասխան են ստացել, ըստ որի, 2008-ին մերժել են սնունդը ֆոլաթթվով հարստացնելու նախագիծը: Կարապետյանի խոսքերով՝ Ավստրիան պատասխանել է, որ եթե ֆոլաթթվով սնունդը հարստացնելը հղի կանանց որոշ խմբի համար օգտակար կլինի, ապա բնակչության մեծ խմբերի համար ահռելի մեծ ռիսկեր է պարունակում.«Ռիսկերը վերաբերում են քաղցկեղով այն հիվանդներին, ում մոտ նոր է սկսվում հիվանդությունը: Եթե ֆոլաթթվի քաղցկեղածին լինելը կարելի է ապացուցված չհամարվել, ապա ասեմ, որ Եվրամիության սննդի անվտանգության գործակալության 2009-ի հաշվետվության համաձայն՝ քաղցկեղածին համարելու համար բավարար ապացուցողական բազա չկա, բայց այն ժխտել էլ հնարավոր չէ»:

Պարոն Կարապետյանն ասաց, որ ֆոլաթթվի քաղցկեղածին լինելն ապացուցված չէ, բայց քաղցկեղին նպաստելը վաղուց ապացուցված է:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե ծրագիրն այդքան վտանգավոր է, ապա ի՞նչ է նշանակում՝ առողջապահության նախարարն ու ծրագրի այլ իրականացնողները ազգի թշնամի՞ն են, Կարապետյանն ասաց, որ նախարարության ներկայացուցիչն է ասել, որ Չիլիում քաղցկեղի աճը եղել է ֆոլաթթվի բարձր դոզայի պատճառով:

Դոլորես Ղափանցյանն էլ պատասխանելով մեր հարցին, ներկայացրեց միջազգային գիտնականների գիտական աշխատանքներից հատվածներ, որ ֆոլաթթվի կիրառումն աստիճանաբար գենոֆոնդը փոխում է մարդկանց. «Ֆոլաթթվի տարածված կիրառումը սննդամթերքների մեջ, կարող է աստիճանաբար փոփոխել պոպուլյացիայի գենետիկական կազմը: Մեկ այլ գիտնականի տվյալներով էլ՝ ֆոլաթթվի ազդեցության տակ պոպուլյացիայի գենոտիպը փոխվում է այնքան դանդաղ, որ այդ մուտացիայի արդյունքը ոչ ոք չի նկատի: Սա նշանակում է մեր գենետիկական կազմը փոփոխվելու է»: Թե այդ մուտացիայի արդյունքում հայկական գենն, ու ընդհանրապես ազգերի գենոֆոնդն ինչի՞ կվերածվի, մեր այս հարցին տիկին Ղափանցյանն ասաց, որ դա դեռ ուսումնասիրման փուլում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Կարապետյանն ասաց, որ զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրները մերժել են այս ծրագիրը, իսկ ասենք, ԱՄՆ-ն եւ Կանադան վաղուց են կիրառում, եւ արդեն հնարավոր չէ ապացուցել, թե սննդի հարստացումը երկաթով ու ֆոլաթթվով ինչ տեսակի խնդիրներ է առաջացրել, քանի որ այլեւս չկա մարդկանց խումբ, որոնք այդ նյութերով հարստացված սնունդ օգտագործած չլինեն, որպեսզի համեմատեն օգտագործածների հետ:

Մասնագետներն ասացին, որ չի կարելի ամբողջ բնակչությանը երկաթով եւ ֆոլաթթվով հարստացված ալյուր տալ, քանի որ չկան լուրջ եւ հիմնավոր ապացույցներ, թե քանի տոկոսին է կարելի, քանիսին՝ ոչ. «Հայաստանում ալյուրի հարստացման մասսայական կիրառության կարիք չկա:

Տիկին Ղափանցյանն ասաց, որ ալյուրը հարստացնում են, պատճառաբանելով սակավարյունության տարածվածությունը, սակայն առողջապահության նախարարությունը չի էլ նշում, թե այդ սակավարյունությունն ինչի հետեւանք է, հետազոտություն կոնկրետ չունեն, իսկ սակավարյունությունը մի շարք պատճառներ ունի.«Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանում այդ անեմիան՝ սակավարյունությունը, որի հետ կապում են ֆոլաթթուն ու երկաթը, այլ պատճառներ չունի: Վերջին անգամ Հայաստանում երեխաների շրջանում ե՞րբ է կատարվել ճիճվակրության ստուգում: Փաստ է, որ սա էլ է անեմիայի, պատճառ: Բաց պոչամբարների երկիր ենք, 19 բաց պոչամբար կա, որտեղից հողը, ջուրը ներծծվում են կապարով: Ի՞նչ երաշխիք, որ մեր բնակչությունը կապարային անեմիա չունի: Ոչ ոք, նախարարությունը, չի կարող տվյալներ ներկայացնի»:
Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930