Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկացու Մատյանը՝ Մաքսիմ Ոսկանյանի թարգմանությամբ

Հունիս 06,2015 12:00

«Նոր Դար» համահայկական հանդեսը նշանակալի մի անակնկալ է մատուցել ընթերցողին` բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանի թարգմանությամբ հրատարակելով սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը լրիվությամբ: Ասում ենք` լրիվությամբ, քանի որ Խերանյանի եւ Գեւորգյանի թարգմանություններում ԽՍՀՄ-ի անհավատ տարիների պատճառով դուրս էր թողնվել «Խաչի հաղթանակի», «Սրբալույս մյուռոնի» եւ վարդապետական այլ գլուխներ կամ ծավալուն հատվածներ:
Թարգմանության մասին մեր նշանավոր բանաստեղծներից Ռազմիկ Դավոյանը մասնավորապես գրում է. «Այս թարգմանությունը ոգեկոչված է բնագրին առավելագույնս հարազատ մնալու միտումով՝ թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ»: Իսկ գրականագետ Աբգար Ափինյանը` «Նոր Դարի» խմբագրական խորհրդի նախագահը, ավելացնում. «Բանաստեղծ, հոգեւորական Գրիգոր Նարեկացին մեզ սովորեցրեց խոնարհությունը Աստծո հետ խոսելու: Ակնհայտ է, որ եկել էր Նարեկացու Մատյանին կրկին անդրադառնալու ժամանակը: Մաքսիմ Ոսկանյանի նոր թարգմանությունը ասվածի վկայությունն է»:

Մեր կարծիքն եւս հավելենք. Մ. Ոսկանյանի թարգմանությունը կենդանի աղոթագիրք է դարձել` աղոթքին հատուկ ջերմեռանդ շարակարգումներով:
Մարդիկ կան, որ ասում են` Նարեկի բնագիրը բավական է, ինչ հարկ կա թարգմանել: Բնականաբար, այս այն մարդիկ են, ովքեր մտածում են, թե Նարեկը հարկ է ոչ թե ընթերցել, այլ միայն դնել հիվանդի գլխի տակ կամ միայն համբուրել: Կողմ լինելով հիվանդի գլխի տակ դնելու եւ համբուրելու բանավոր բժշկությանը, ավելացնենք, որ Մատյանն առավել է զորավոր ու բժշկարար, երբ ընթերցում ենք: Ի վերջո ընթերցել չկարողացողին` այն, ինչ Աստծով ընդունելի է եւ մխիթարարար, ընթերցել կարողացողի համար չընթերցելը` ծուլություն է եւ անխելամտություն, սակավօգուտ:

Նարեկացին Մատյանի ԼԴ գլխում իր Մատյանը հասցեագրում է հավատացյալ ողջ մարդկությանը, որպեսզի թարգմանաբար նրանք ճաշակեն. «Եվ իմ մատյանի քարոզները այս Քեզնով ուղղված են տարբե՛ր ազգերի բազմություններին, եւ պիտ թարգմանվե՛ն ժողովուրդներին՝ որպես նվերներ»: Բայց… հարկ է նախ մեզանից սկսենք: «Ես ջանացի հնարավորինս հստակ հասկանալի թարգմանել, այնպես, որ լեզուն օգտակար գործոն հանդիսանա ընթերցելու եւ վերընթերցելու ժամանակ,- մի առիթով ասաց թարգմանիչը եւ ավելացրեց,- Նարեկի ժառանգորդ ժողովուրդ լինելը նաեւ պարտավորեցնող է, որպեսզի ոչ թե սպասենք, մինչեւ որ այլ ազգություններ Նարեկը թարգմանեն, այլ Նարեկը թարգմանելու համար առանձին կենտրոն ունենանք, բոլոր քաղաքակիրթ լեզուներով Նարեկի տողացիները մատակարարելու»:

Հ. Ե. Ո.

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930