Լրահոս
Օրվա լրահոսը

«Կցանկանայի իմ հանդեպ բոլորը նման խորամանկություն ցուցաբերեին»

Հունիս 06,2015 13:00

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը
համոզված է, որ լավ չենք ճանաչում այսօրվա թուրքերին

Վերջերս Թուրքիայում կայացած գրական փառատոնում մոտ 20 երկրների շարքում Հայաստանը ներկայացրել էին «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, գրողներ Արմինե Անդան եւ Հովհաննես Թեքգյոզյանը:

«Առավոտի» հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ավանդաբար անցկացվող հիշյալ գրական փառատոնի նպատակն է տարբեր երկրների հրատարակիչներին ու խմբագիրներին ծանոթացնել տեղացի գրողների հետ, ինչպես նաեւ կապեր հաստատել այլ երկրների գրական գործակալների միջեւ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ փառատոնային օրերին այցելել է շուրջ 20 հրատարակչություն, ծանոթացել ավելի քան 120 հրատարակիչների հետ եւ ներկայացրել հայ ժամանակակից հեղինակների, այդ թվում՝ Արամ Պաչյանի, Լիլիթ Կարապետյանի, Մհեր Բեյլերյանի, Հովհաննես Երանյանի, Նարինե Կռոյանի եւ Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործությունները:

Հետաքրքրությանը, թե այսօր հայ ո՞ր հեղինակն է Թուրքիայում քիչ թե շատ ճանաչված, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ Հովհաննես Թեքգյոզյանը: Նա այսօր Թուրքիայում ամենահայտնի հայ գրողն է, որի «Փախչող քաղաքը» վեպը, որ գրել է 2007թ., երկու տարի առաջ թարգմանվել եւ հրատարակվել է այնտեղ»: Հետո էլ մանրամասնեց, թե Թուրքիայում եղած օրերին Թեքգյոզյանին հրավիրել են համարյա բոլոր TV-ները, նրա հետ հարցազրույց վարել հեղինակավոր պարբերականներ: Ժամանակին նշյալ վեպի առիթով Հովհաննես Թեքգյոզյանը հակիրճ ներկայացնելով այն, «Առավոտին» ասել էր. «Վեպում, այլ գլխավոր կերպարների թվում, Երեւանը ներկայացված է առանձին կերպարով: Ստեղծագործությունս երեւանյան տաբուների մասին է:

Այնտեղ երեւում են «Ջիփ» քշող եզի գլուխները, ներկայացված է քաղաքացիական շարժումների հանդեպ իշխանությունների ճնշումները, կարճ ասած՝ մեր երկրում գործող դեմագոգիաները»:

Հարցին, թե «Անտարեսը» թուրք ո՞ր գրողներին է անդրադարձել, հրատարակիչն ասաց, թե իրենք թարգմանել են 5 հեղինակի վեպ՝ Օրհան Փամուկի «Իմ անունը Կարմիր է», Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը», Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն», Ահմեդ Ումիթի «Ստամբուլի հուշը» եւ Էրքյումետ Չենգիզի «Կլարնետահարը»: Իսկ թե հատկապես Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի տարում ի՞նչ ընդունելության արժանացավ հայ պատվիրակությունը, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ «մեր ուղեղներում նստած է 100 տարի առաջվա թուրքի կերպարը: Մենք այսօրվա թուրքին չենք ճանաչում: Կարծում եմ՝ նրանց ամենահուզող հարցերից մեկը տասնամյակների թարախակալած լռության գոյությունն է եւ երբ նրանք անդրադառնում են իրենց գրական երկերում հայերիս, դրանով ուզում են ձերբազատվել եղած ցավից»: Հետո էլ հավելեց. «Անձամբ ես թուրքերի կողմից արժանացա լավ վերաբերմունքի: Երբ այս մասին պատմում եմ իմ շրջապատում, մշտապես լսում եմ, թե թուրքերը խորամանկ են, անկեղծ չեն, իսկ լավ վերաբերմունքն էլ հայի հանդեպ՝ դա հատուկ մշակված քաղաքականություն է: Ես էլ պատասխանում եմ՝ կցանկանայի, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ նաեւ հայերը իմ հանդեպ ցուցաբերեին նման խորամանկություն: Կրկնում եմ՝ մենք այսօրվա թուրքերին պարզապես չենք ճանաչում»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ թուրք գործընկերների հետ Երեւանում եւ Ստամբուլում առաջիկայում ծրագրել են անցկացնել նաեւ նկարիչների ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արմեն Մարտիրոսյանը (աջից)՝ գրող Ահմեդ Ումիթի
եւ գրական գործակալ Ներմին Մոլլաօղլուի հետ:

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարինե Կռոյան says:

    Հարգելի հոդվածագիր, ազգանունս սխալ եք գրել: 🙂

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Նարինե Կռոյան,
      ներողություն ենք խնդրում սխալի համար եւ շնորհակալություն սխալի մասին տեղեկացնելու համար: Այն արդեն ուղղված է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930