Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է ապրել հարյուրամյակներով

Հունիս 19,2015 13:00

Կարծում է Ավ. Իսահակյանի անվան
կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը

Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով ընթացող ամենատարբեր միջոցառումները տարին ավարտվելուն պես՝ կավարտվեն: Իսկ այդ առիթով տպագրված գրքերը կմնան, լավագույններն էլ կարժեւորվեն իբրեւ գրական հուշարձան:

«Առավոտն» այս առիթով հանդիպեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին (լուսանկարում): Մեր զրուցակիցը համակարծիք չեղավ հուշարձան բառի հետ, նշելով, որ այն պաթետիկ է հնչում, որովհետեւ, տնօրենի ձեւակերպմամբ՝ Եղեռնի 100-ամյա տարելիցի հետ կապված յուրաքանչյուր գիրք, նույնիսկ ակնարկ, կարող է լինել հուշարձանի մի քարը կամ հատվածը: «Անշուշտ, մեկ դար հայերիս հիշողության մեջ, մեր զարկերակներում հնչում է հայոց հարցը, իսկ տարելիցին ուղղված յուրաքանչյուր իրադարձություն դա հայոց պատասխանի մի բառն է, մի նախադասությունը»,- ասաց տիկին Կարապետյանը: Նա նշեց, որ գրադարանում անցկացվել եւ շարունակվելու է միջոցառումների շարքը, որովհետեւ գրադարանի խնդիրն ըստ էության մշտապես մարդկային հիշողությունը թարմ պահելն է, բնականաբար՝ հենց գրքի միջոցով, որպես մշակութային կարեւոր արժեքներից մեկը:

Տնօրենը հավաստիացրեց, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում մեզանում եւ արտերկրում հրատարակված որեւէ լավագույն գիրք չի վրիպել իրենց ուշադրությունից ու անմիջապես հայտնվել է ընթերցողի սեղանին: Հավաստիացրեց նաեւ, որ գրադարանում անցկացվել են պոեզիայի երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, հուշ-երեկոներ, դասախոսություններ, հանդիպումներ գրողների հետ: Մանրամասնելով էլ նշեց, որ, օրինակ, անցկացված դասախոսությունները, որոնք լինելու են շարունակական, պատմել են Արեւմտյան Հայաստանի տարբեր տարածաշրջանների մասին, ուղեկցվել են վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ու միայն դրանց խորագրերը խոսուն են՝ Հայոց եղեռնը հայ գրականության, գեղանկարչության մեջ, կինոյում, ինչպես նաեւ եղեռնի զոհ հայ մտավորականները եւ այլն: Տնօրենի հետ մեր զրույցի պահին գրադարանում անցկացվում էր գրական-երաժշտական-թատերական ներկայացում՝ Սեւակի «Անլռելի զանգակատունը», Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների, գրադարանի ընթերցողների մասնակցությամբ:

Հասմիկ Կարապետյանը իբրեւ հաստատում իր խոսքի, թե եղեռնի թեման 100-ամյակի միջոցառումներով չի սպառվելու, նշեց, որ աշնանը գրադարանը «Նախաբեմ» կրթական ասոցիացիայի հետ համատեղ 15-րդ անգամ անցկացնելու է հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոն՝ «Վերածննդի սերունդ» խորագրով:
Մեր զրուցակիցը նեղսրտեց հանրության մեջ հաճախ հնչող այն արտահայտությունից, թե ավարտվեց այս 100-ամյակը, ու սկսվել է երկրորդը: «Ինձ համար դա անընդունելի է, առավել եւս՝ անհասկանալի: Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ու թոռները, այսպես կոչված, սկսվող հարյուրամյակը տանեն իրենց հոգում ու ուսերին կրեն հայոց հարցի ծանրությունը: Կարծում եմ՝ աշխարհում չի գտնվի եւ ոչ մի հայ, որ ինձ հետ համակարծիք չլինի»,- հայտնեց տնօրենը:

Անդրադառնալով գրադարանում եղեռնի թեմայով անցկացվող միջոցառումներին, տիկին Կարապետյանն ասաց. «Կոնկրետ մեր գրադարանը իսկապես մշակութային երկխոսությունների ինքնատիպ հարթակ է, որովհետեւ մեզ մոտ գործում են ամերիկյան, բրիտանական, ասիական, ֆրանկոֆոնիայի կենտրոնները, կազմակերպվում են հանդիպումներ տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ: Սա հիանալի առիթ է մշտապես խոսելու հայոց հարցի մասին, ընդ որում՝ ոչ միայն այս տարի, մենք վաղուց անցկացրել ենք եղեռնի թեմայով միջոցառումներ, համագործակցելով ոչ միայն Հայաստանում գործող դեսպանատների, այլեւ այլ երկրների հետ: Ես էլ քանիցս իմ խոսքում ասել եմ, որ ցեղասպանության թեման կավարտենք միայն այնժամ, երբ կբացվի «Ագռավաքարը»… Այսինքն՝ ողջ աշխարհը կճանաչի ու կհասկանա մեր խնդիրը, ու մեր ժողովուրդն էլ կստանա հայոց հարցի արդարացի լուծումն ու պատասխանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930