Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն գրավիչ չէ ներդրումների համար»

Հուլիս 25,2015 16:30

Ինչպես հայտնի է՝ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող «Օրանժ» ընկերությունը բացառիկ քննարկումներ է սկսել «Յուքոմի» հետ՝ կապված «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքի հետ: «Առավոտ»-ը «Օրանժի»՝ Հայաստանից հեռանալու պատճառների եւ Հայաստանի բիզնես-միջավայրի մասին զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

Տնտեսագետը համարում է, որ միշտ էլ նման գործընթացներ լինում են, բայց խնդիրը դրանում չէ. «Իրականում շատ պարզ, հասկանալի, տնտեսագիտորեն բացատրելի երեւույթ է, որովհետեւ տնտեսությունը չի շարժվում առանձին մարդկանց ցանկություններով, ինքն ունի զարգացման ներքին տրամաբանություն, եւ այդ տրամաբանության ներքին շրջանակներով էլ տնտեսության մեջ տեղի են ունենում զարգացումներ կամ փոփոխություններ: Հիմա Հայաստանի Հանրապետությունը գրավիչ երկիր չէ ներդրումների համար, Հայաստանի Հանրապետությունում բիզնես անելը դարձել է բավականին լուրջ խնդիր:

Դա կապված է մի քանի հանգամանքների հետ, առաջինը՝ պետության կառավարման գոյություն ունեցող համակարգը, որտեղ բիզնեսը գնահատվում է ոչ թե բիզնեսի գործունեությամբ, այլ անձնական կապերով, որտեղ դատական համակարգն անկախ չէ, որտեղ պետական կառույցներում կոռուպցիան մեծ մասշտաբների է հասնում, որտեղ օրենքն ընտրովի է կիրառվում, ոչ թե բոլորի համար նույնն է: Սա շատ կարեւոր հանգամանք է ցանկացած երկրի համար, եւ ներդրումները կամ բիզնեսը միշտ սիրում են, երբ որ կան կանխատեսելի օրենքներ, երբ որ կա կառավարում տրամաբանության շրջանակներում: Իսկ այսօրվա Հայաստանում այս ամեն ինչը չկա»:

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ դա կապված է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման փաստացի կանխատեսելի իրավիճակի եւ ապագայի հետ, որը որեւէ լավ բան չի խոստանում: Նա շատ տրամաբանական է համարում, որ Հայաստանը լքող բիզնեսների թիվը մեծանում է. «Սա նոր երեւույթ չէր, երեւում էր 5 տարի առաջ, երեւում էր 10 տարի առաջ: Այդպես էլ պետք է լինի, այնպես չէ, որ հայտարարություններ են արվում, ծրագրեր են գրվում կամ մեկնաբանություններ են արվում, որ ասում են՝ տեսե՛ք, այս կազմակերպությունը եկավ, այստեղ այսքան գումար դրեց, հիմա տեսեք, թե ինչե՛ր են սպասվելու: Վերցրեք «Նաիրիտի» օրինակը, վերցրեք «Վանաձորի-Քիմպրոմի» օրինակը, տեսեք՝ 15 տարվա մեջ ինչ խոստումներ են տվել: Այդ գործարանները 3 անգամ վերաբացվել են, 2-3 անգամ փակվել են, արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք: Դրան գումարած վերջինը՝ վերջին 5 տարվա ընթացքում ենթակառուցվածքների, կոնկրետ հոսանքի եւ գազի գների թանկացումը: Եթե մինչ այդ Հայաստանում բիզնես անելը նաեւ այդ առումով ձեռնտու էր, եւ մենք մրցակցային առավելություններ ունեինք այլ երկրների նկատմամբ, ենթակառուցվածքները ավելի մատչելի էին՝ գների առումով, հիմա մենք կորցրել ենք այդ առավելությունը»:

Տնտեսագետի կարծիքով՝ բիզնես-միջավայրում օտարերկրյա ներդրողների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը գտնվում է քաղաքական դաշտում. քաղաքական որոշում պետք է կայացվի: Ըստ նրա՝ պետք է զարգացման տրամաբանությունը փոխել, տնտեսությանը ազատություն տալ, կոռուպցիայի դեմ համատարած պայքարել. «Բիզնեսը սիրում է խաղաղ, հանդարտ վիճակներ: Հարկավոր է, որ կանխատեսելի լինի այսօրը եւ վաղը: Մեզ մոտ ո՛չ այսօրն է կանխատեսելի, ո՛չ վաղը, որովհետեւ իշխանության ներկայացուցիչները կարող է արթնանան, եւ նրանց մտքում լրիվ այլ ծրագրեր լինեն, եւ նրանք փորձեն դրանք իրականություն դարձնել: Օրինակ՝ Սահմանադրությունը կամ ԵՏՄ-ի անդամակցությունը դրա ապացույցներն են»:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031